Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղում տեղի ունեցավ Արցախյան ազատամարտի հերոս, ՀՅԴ անդամ Շահեն Մեղրյանի հուշարձանի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյան, ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Մեղրյանի ընտանիքը, ինչպես նաև մարտական ընկերները:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ԼՂՀ-ի պաշտպանության կազմակերպման գործում ունեցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության և անձնական արիության համար Շահեն Մեղրյանին հետմահու շնորհեցին «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչում` հանձնելով «Ոսկե արծիվ» շքանշան:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ հուշարձանի հեղինակը «Եղնիկներ»-ի զինծառայողներից է, ով 3-4 ամիս առաջ է ավարտել ծառայությունը:
yerkir.am-ի հետ զրույցում քանդակի հեղինակը` Հարություն Համբարձումյանը նշեց, որ երբ զինվորը մտնում է զորամաս` առաջին հերթին տեսողական պատկերներն են նորակոչիկի վրա սկսում ազդել, և երբ նա հենց զորամասի մուտքի մոտ տեսնի Մեղրյանի հուշարձանը, հետո ծանոթանա նրա արած գործերին, դա իր ազդեցությունը կթողնի նրա վրա, և զինվորը կձգտի ծառայել այնպես, որ գոնե իր ծառայությունը նպաստի Մեղրյանի գործի շարունակությանը.«Մեզ պատմեցին Մեղրյանի քաջագործությունների մասին, ինչը շատ ոգեշնչող էր: Ուզում էի ինչ-որ բան անել, որը կծառայեր մեր հերոսի հավերժացմանը. մի կողմից` ազատագրված մեր տարածքներին էին աչքիս առջև, մյուս կողմից` անազատության մեջ գտնվող Շահումյանը»:
Շահեն Մեղրյանի եղբայրը` Պետրոս Մեղրյանն էլ իր հերթին նշեց, որ եղբոր հուշարձանը ստեղծելու միտքը ծագել է Նապատում` Մեղրյանի ծննդավայրում. հուշարձանի հեղինակը 1,5 տարի աշխատել է քանդակի ստեղծման վրա:
«Եթե մենք ուզում ենք սերունդ դաստիարակենք, մենք պետք է ամբողջ ԼՂՀ-ում և սահմանամերձ գյուղերում նրանց հիշատակը հավերժացնող հուշակոթողներ տեղադրենք: Երկիրը պահելու համար միաժամանակ պետք է նաև կենդանի հերոսներին չմոռանանք: Ես չեմ ուզում, որ երբ զենք բռնելու կարիք լինի` նոր միայն մեր հերոսներին հիշենք, նրանցով ոգևորվենք` այսօր պետք է նրանց գնահատել, որ վաղն արդեն, եթե կարիք լինի, նրանցով ոգեշնչված ու նրանց ոգով զենք բռնենք»,-ասաց Մեղրյանը:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն իր ելույթում նշեց, որ ինքը ոչ միայն Շահեն Մեղրյանի զինակիցն է եղել` նախ եղել է իր կուսակիցը` Մեղրյանն իր Դաշնակցական ընկերն էր` 90 թվականից սկսած: «Այն գնահատականը, որ տալիս ենք Շահեն Մեղրյանին` գնահատական է շահումյանցիների հանդեպ: Շահումյանը, որ այսօր բռնագրավված է, բայց մենք հպարտությամբ ենք հիշում, քանի որ Շահումյանը շատ մեծ կարևորություն է ունեցել Արցախի ազատագրական պայքարի պատմության մեջ: Արցախյան ազատագրական պայքարն ունեցել է տարբեր հանգրվաններ և պետք է շեշտել, որ առաջին ինքնապաշտպանություն կազմակերպած շրջանը եղել է Շահումյանը»,-ասաց Մարգարյանը: Նա նշեց նաև, որ երբ ընկավ Շահումյանը` շատերը հուսահատ էին, և հենց այդ ժամանակ Դաշնակցությունը Մեղրյանի միջոցով կազմակերպեց թշնամու սրտում հայդուկային կռիվ. «Մեղրյանը գիտակցում էր, որ թշնամուն վստահել չի կարելի, ուրիշի վրա հույս դնելն էր հիմարություն, հույսը պետք է դներ միայն իր, սեփական ջոկատի ու կռվող տղերքի վրա: Վստահ եմ` Արցախյան ազատամարտի պատմության մեջ ոսկե էջով կգրվեն այդ օրերը: Արցախի ազատագրումը սկսել ենք Շահումյանից` Շահումյանով էլ պետք է ավարտենք այն»:
Մանրամասները` տեսանյութում:
Կարինե Հարությունյան