կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-13 14:20
Իրավական

Ոստիկանությունն ավելի արագ կհայտնաբերի չնախատեսված տեղերում աղբ թափողներին. նախագիծ

Ոստիկանությունն ավելի արագ կհայտնաբերի չնախատեսված տեղերում աղբ թափողներին. նախագիծ

Չնախատեսված վայրում աղբ թափելու համար պատասխանատվության միջոցը կիրառելու իրավասությունը տեղական ինքնակառավարման մարմինների փոխարեն առաջարկվում է վերապահել ՀՀ ոստիկանությանը։

Այս մասին տեղեկանում ենք e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից։

«Ներկայումս տվյալ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժ նշանակելու իրավասությունը վերապահված է տեղական ինքնակառավարման մարմիններին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն վարչական իրավախախտման հետ կապված գործերը քննում և պատասխանատվության միջոցը կիրառում է ՀՀ ոստիկանությունը՝ երկակի վարչարարությունից խուսափելու նպատակով Ոստիկանությունն առաջարկում է այն հանել տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունից»,- նշված է Ոստիկանության կողմից մշակված նախագծում։

ՀՀ մարզերում և Երևան քաղաքում վերջին հինգ տարում չնախատեսված վայրում աղբ թափելու վերաբերյալ իրականացվել է ընդհանուր առմամբ 4033 վարույթ, ինչի արդյունքում նշանակված տուգանքների ընդհանուր չափը կազմել է 81.559.000 ՀՀ դրամ:

Մասնավորապես, Երևան քաղաքում իրականացվել է 3 990 վարույթ, որի արդյունքում նշանակված տուգանքների ընդհանուր չափը կազմել է 79.789.000 ՀՀ դրամ, իսկ մարզերում իրականացվել է 43 վարույթ, որի արդյունքում նշանակված տուգանքների ընդհանուր չափը կազմել է 1.770.000 ՀՀ դրամ, ընդ որում, մարզերից չորսում որևէ վարույթ չի հարուցվել:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նվազեցնել չնախատեսված տեղերում և վայրերում աղբ թափելու պրակտիկան՝ կիրառելով պատասխանատվության առավել գործուն ու կանխիչ մեխանիզմ: Այն հնարավորություն կտա ավելի արագ հայտնաբերելու վարչական իրավախախտումը և բարձրացնելու հասարակության իրավագիտակցությունը շրջակա միջավայրը մաքուր պահելու հարցում: