Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ընկերներին տեղավորելու պահը չի կորցնում։ Անգամ հիմա, երբ երկիրը կանգնած է հենց առողջապահական բնույթի լրջագույն մարտահրավերի առջեւ, նախարարն իրեն վստահված ոլորտը կարգավորելու փոխարեն զբաղված է մեկ անգամ արդեն ձախողված իր մտերիմներին տարբեր պատասխանատու պաշտոնների նշանակելով։ Հիմա նման պաշտոններ են համարվում կարանտինային վայրերի ղեկավարների պաշտոնները։
Այսպես, Արսեն Թորոսյանի միջնորդությամբ Նուբարաշենի հոգեբուժարանի նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանը, որը ժամանակին անցնում էր մի քանի քրեական գործերով, եւ որի նկատմամբ ստորագրությամբ չհեռանալու մասին խափանման միջոց էր կիրառվել, նշանակվել է Աղավնաձորի կարանտինի տնօրենի պաշտոնում։ Նույնանման պաշտոններ են ստացել նաեւ Արսեն Թորոսյանի այլ ընկերները։
Օրինակ, նրա փիառով զբաղվող Աշոտ Սարգսյանը նշանակվել է «Ռեժինե» հյուրանոցի պատասխանատու, որտեղ նույնպես մեկուսացվածներ են պահվում, մտերիմ ընկեր Արտակ Մանուկյանը՝ «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի տեղակալ։ Հարց կառաջանա՝ ինչո՞ւ է Արսեն Թորոսյանը հանրային առողջապահության համար հատկապես այս օրերին կարեւոր այդ պաշտոններին նշանակում ոչ թե պրոֆեսիոնալներին, այլ իր ընկեր-բարեկամների։ Պատասխանը պարզ է. կարանտինային վայրերի պատասխանատուները, մեծ ֆինանսավորում ստանալով գանձապետարանից ու նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի համար հատուկ ստեղծված հիմնադրամից, բացի նախարար Արսեն Թորոսյանից ոչ մեկի հաշվետու չեն լինելու։
Իսկ թե որքանով է համապատասխանում կարանտինային վայրերում պահվող քաղաքացիների վիճակը իրենց իսկ համար հատկացված ֆինանսների չափին, կարծում ենք, առանձին քննարկման թեմա է։ Այսօր արդեն որոշ մեկուսացվածներ ահազանգում են վատ պայմանների, անբավարար սննդի մասին։ Օրինակ՝ 9 ամսական երեխա ունեցող մայրն ահազանգում էր, որ իր երեխան տրամադրվող սնունդը չի ուտում, այն անորակ է։
Փաստացի, մինչ երկիրը պայքարում է կորոնավիրուսի դեմ, իսկ քաղաքացիները փակված են տներում կամ կարանտինային վայրերում, առողջապահության նախարարը պահը չի կորցնում՝ իր դիրքերն ամրապնդելու համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։