Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը կոնկրետ պարագայում չի կարող բնակավայրերի վարչական ղեկավարներ նշանակել, քանի որ Վեդի խոշորացված համայնքի դեպքում նման հաստիքներ պարզապես չկան։ Վեդի համայնքում ստեղծված իրավիճակի մասին գրել է Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:
«Գոյություն չունեցող հաստիքներում, գոյություն չունեցող վարձատրությամբ նշանակումներ չեն կարող արվել։
Վարչական ղեկավարներ նշանակելու համար մինչ այդ պետք է աշխատակազմի կառուցվածքային ու հաստիքացուցակի փոփոխություններ անել։ Իսկ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնավարման ընթացքում չեն կարող կատարվել աշխատակազմի և համայնքային ենթակայության կազմակերպությունների կառուցվածքային և հաստիքացուցակի փոփոխություններ:
Ավելին, աշխատակազմի կառուցվածքի ու հաստիքացուցակի փոփոխությունների մասին որոշումն ընդունում է ավագանին, որն այս պահին չկա»,- նշում է Երիցյանը։
Նշենք, որ հենց ինքը՝ Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանն օրեր առաջ ՖԲ էջում հայտնել էր. «Այսօր որոշումներ ստորագրեցի Վեդի համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարներ նշանակելու մասին»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այս նշանակումներով, Գարիկ Սարգսյանը ազատել է դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ համամասանական ընտրությունների արդյունքում իրեն պարտության մատնած համայնքապետերին, որոնցից է նաև Ուրցաձորի գյուղապետը: Նրա խոսքով՝ «Իշխանությունը փորձում է զավթել տեղական ինքնակառավարման մարմինները»,- ասել է Ուրցաձորի արդեն նախկին վարչական ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Վեդի խոշորացված համայնքի ընտրություններին մասնակցում էին «Քաղաքացիական պայմանագիր», «Իմ հզոր համայնք» եւ «Հանրապետություն» կուսակցությունները։ Առավել շատ ձայներ էր ստացել «Իմ հզոր համայնքը», որի ընտրացուցակը գլխավորում էր Սիսավան համայնքի արդեն նախկին ղեկավար Սպարտակ Թարթիկյանը։ Այդ ցուցակում էր նաեւ Ռաֆիկ Անդրեասյանը։
Միանձնյա իշխանություն ձեւավորել որեւէ ուժ չկարողացավ, սակայն կոալիցիա եւս չկազմվեց։
Դեկտեմբերի 16-ին ավագանու «Հանրապետություն» եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների անդամները ինքնաբացարկ հայտնեցին եւ հրաժարվեցին մանդատներից, որից հետո էլ հայտարարվեց նոր ընտրություններ անցկացնելու մասին։ Իսկ տարեսկզբին, վարչապետի որոշմամբ, Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց Գարիկ Սարգսյանը, որը ընտրություններում գլխավորում էր ՔՊ–ի ցուցակը։