Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոր տիպի կորոնավիրուսով վարակված արքայազն Չարլզն ապաքինվելուց հետո դիմել է բրիտանացի ժողովրդին և համբերության կոչ արել, քանի որ համաճարակն անխուսափելիորեն ավարտվելու է: Նրա տեսաուղերձը, ըստ lenta.ru-ի, հրապարակվել է բրիտանական գահի ժառանգորդի կեցավայրի` Քլարենս Հաուսի «Ինստագրամ»-ում. տեղեկացնում է Yerkir.am-ը:
Չարլզը պատմել է, որ իր պարագայում հիվանդության ախանշանները համեմատաբար թեթև էին արտահայտված, ու թեև առողջացել է, սակայն դեռևս խուսափում է մարդկանց հետ շփումներից և մեկուսացված է: Նա ասել է, որ անհանգստանում է երկրի` հիվանդության դեմ պայքարող և հարազատներին կորոնավիրուսի պատճառով կորցրած բնակիչների համար:
Արքայազնն ընդգծել է խանութների աշխատակիցների աշխատանքի կարևորությունը, որոնք հետևում են, որ այդ դժնդակ ժամանակներում խանութները չդատարկվեն, նաև կոչ է արել աջակցել բժիշկներին, որոնք համաճարակի դեմ պայքարի առաջնագծում են:
«Մենք մեր մտքերում ու աղոթքներում այդ հրաշալի մարդկանց հետ ենք, որոնց արտասովոր կարողությունները ու բացարձակապես անշահախնդիր նվիրվածությունն իրենց պարտականությանը և պացիենտների նկատմամբ հոգատարությանը մեծ հպարտության զգացում են առաջացնում»,- նշել է գահաժառանգ արքայազնը:
Նա խոստովանել է, որ համաճարակը սպառնում է բրիտանական ընկերությունների և երկրի միլիոնավոր քաղաքացիների բարեկեցությանը: «Մեզանից ոչ ոք չգիտի, թե երբ սա կավարտվի, սակայն ավարտ կլինի: Եվ քանի դեռ դա չկա, եկեք պահպանենք հույսն ու հավատը մեր և մյուսների հանդեպ ու սպասենք լավ ժամանակների գալուն»,- ասել է Չարլզը:
Մարտի 23-ին արքայազն Չարլզը և նրա կինը` Քոռնուելի դքսուհի Կամիլան, կորոնավիրուսի ստուգման թեստ էին հանձնել և հաջորդ օրն իմացել, որ արքայազնը վարակված է, իսկ կինը` ոչ: Յոթ օր անց, փաստորեն, Չարլզն ապաքինվել է:
Եվրոպական թագավորական ընտանիքներից նոր տիպի կորոնավիրուսով առաջինը վարակվել էր Ավստրիայի վերջին կայսեր թոռը` 59-ամյա էրցհերցոգ Կառլ Հաբսբուրգ Լոթարինգացին: Հիվանդությունը հայտնաբերվել է նաև Մոնակոյի իշխան Ալբերտ Երկրորդի մոտ: Մարտի 27-ին մահացել է Իսպանիայի թագավորի ազգականուհի` 86-ամյա արքայադուստր Մարիա Թերեզա Բուրբոն Պարմացին: