Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 30-ին Ուելսի արքայազն Չարլզը, ով Հայաստանում է գտնվում «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հրավերով, այցելեց համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Մայր Տաճարում արքայազնին ողջունեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետն արքայազնին ներկայացրեց Հայոց Եկեղեցու պատմական առաքելությունը հայ ժողովրդի կյանքում և կարևոր դերակատարությունը ազգային ինքնության պահպանման, անկախ պետականության վերականգնման գործում: Նորին Սրբությունը նաև անդրադարձավ միջեկեղեցական հարաբերություններին` մասնավորապես ներկայացնելով Հայ և Անգլիկան Եկեղեցիների միջև առկա համագործակցությունը:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը և արքայազն Չարլզն այցելեցին Մայր Տաճարի ավանդատուն-թանգարան, ուր Ուելսի արքայազնը ծանոթացավ Հայ Եկեղեցու կողմից պահպանվող հոգևոր և մշակութային արժեքներին:
Վեհափառ Հայրապետը և Ուելսի արքայազնը միասին շրջեցին նաև Մայր Աթոռի տարածքում, այցելեցին Ս. Վարդան և Ս. Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարան: Շրջայցի ընթացքում արքայազնին ներկայացվեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի գործունեությունը:
Ուելսի արքայազն Չարլզն եղավ նաև «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում, ուր ի պատիվ արքայազնի տեղի ունեցավ ընդունելություն, որին ներկա էին նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերարներ տեր և տիկին Վաչե և Թամար Մանուկյանները, տիար Արմեն Սարգսյանը, տեր և տիկին Հայկ և Էլզա Դիդիզյանները:
Հայաստան այցի ընթացքում արքայազն Չարլզն եղավ նաև մի շարք սրբավայրերում` Խոր Վիրապի վանքում, Ս. Գեղարդավանքում և Ս. Հռիփսիմե վանքում: