կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-31 22:58
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 71 կողմ ձայնով աղմկահարույց նախագիծն ընդունվեց

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 71 կողմ ձայնով աղմկահարույց նախագիծն ընդունվեց

ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 71 կողմ ձայնով ընդունվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը։

Նշենք, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները նիստին չէին մասնակցում։

Հիշեցնենք, որ ԱԺ-ն այսօր երեկոյան երկրորդ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթը: «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծն էլ ընդունվեց երկրորդ ընթերցմամբ:

Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ նախագիծը սահմանմամբ՝ արտակարգ դրության դեպքում բջջային ցանցի օպերատորները պարտավոր են համապատասխան որոշմամբ սահմանված ձևով և կարգով պետական մարմիններին տրամադրել հաճախորդների կողմից օգտագործվող ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ (հաճախորդի տեղորոշում) և հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը և ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում՝ այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալները, որին փոխանցվել է զանգը:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել էր նախագիծը, իսկ այսօր առավոտյան երկրորդ ընթերցմամբ այն չընդունվեց, քանի որ ընդդիմադիր երկու խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը, իսկ «Իմ քայլի»՝ այդ պահին ներկա պատգամավորները 65-ից ավելի չէին: