կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-19 11:48
Քաղաքական

ԸՕ փոփոխությունների նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

ԸՕ փոփոխությունների նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Այսօր ԱԺ արտահերթ նիստում քվեարկության դրվեց ԸՕ փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Մինչ քվեարկությունը` վարման կարգով հայտարարություններ արեցին մի քանի պատգամավորներ:

Մասնավորապես` ԲՀԿ խմբակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ կառավարության ներկայացուցչի կողմից միտում է տեսնում չքննարկելու իրենց առաջարկությունները: Նա նշեց, որ եթե խոստացված քննարկումները չշարունակվեն, ապա ԲՀԿ-ն երկրորդ ընթերցմանը քվեարկության չի մասնակցելու:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց, որ չկա միտում կառավարության ներկայացուցչի կողմից: Նա հորդորեց իր գործընկերներին` կողմ քվեարկել, որից հետո կշարունակվեն քննարկումները՝ տարաձայնությունները հարթելու և մտահոգությունները փարատելու նպատակով:

Նշենք, որ հիմնական մտահոգությունը կապված էր ընտրությունների արդյունքների բողոքարկման դեպքում կեղծ հայտարարության քրեականացման հետ:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշեց, որ կողմ է քվեարկելու, իսկ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հայտարարեց, որ` դեմ:

Հարցը դրվեց քվեարկության, նախագիծն ընդունվեց 104 կողմ, 4 դեմ և 1 ձեռնպահ ձայներով: