Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչը խոչընդոտել է Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ղեկավարի հրաժարականը պահանջելուն ուղղված համագյուղացիների օրինական հավաքների անցկացմանը:
ՀՀ Քննչական կոմիտեից Yerkir.am-ին հայտնում են, որ այդ ժամանակ՝ 2018թ. հուլիս ամսվա վերջերին՝ քննությամբ չպարզված օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, Արշալույս գյուղում գտնվող, իրեն պատկանող խանութի մոտ բռնության գործադրման սպառնալիքով, համագյուղացուն արգելել է մասնակցել համայնքի ղեկավարի հրաժարականին հասնելու պահանջով իրականացվող օրինական հավաքներին, և նա զրկվել է այդ հավաքներին մասնակցելու իրավունքի իրականացումից:
Արշալույս գյուղի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելու համար:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Հիշեցնենք՝ խոսքը Արշալույս համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանի մասին է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ Զարզանդ Գրիգորյանին, ով ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի եղբայրն է։ Ըստ մեղադրանքի՝ նա հակառակ ծառայության շահերի օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, պաշտոնի անձնագրին չբավարարող անձանց արվեստի դպրոցի և մանկապարտեզի տնօրենի պաշտոններին նշանակելու մասին ստորագրել է կարգադրություններ: