կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-16 23:07
Արցախ

Դաշնակցության թեկնածուները ընտրողներին հորդորել են չգայթաղվել անիրատեսական խոստումներով

Դաշնակցության թեկնածուները ընտրողներին հորդորել են չգայթաղվել անիրատեսական խոստումներով

Արցախում  աշխատավարձերի և կենսաթոշակների չափերը պայմանավորված են Հայաստանի Հանրապետությունում սահմանված գործակիցներով, քանի որ  հայկական զույգ պետությունները ֆինանսատնտեսական միասնական  դաշտում   են գործում:  Ուստի անիրատեսական են այն խոստումները, որոնք վերաբերում են  աշխատավարձերի և կենսաթոշակների  բարձրացմանը:  Այս մասին, մարտի 15-ին  Մարտակերտի  շրջանի Դրմբոնի գյուղական համայնքի ընտրողների հետ կայացած հանդիպմանն ասել է Դաշնակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված Դավիթ Իշխանյանը: Նրա խոսքով, այդուհանդերձ, առկա ֆինանսական ռեսուրսներով՝ արդարացի վերաբաշխման ու հավելավճարների միջոցով   հնարավոր է Արցախում աշխատավարձերն ու կենսաթոշակները մոտեցնել նվազագույն սպառողական զամբյուղի շեմին: Ըստ Դ. Իշխանյանի, Դաշնակցության նախընտրական ծրագրով աշխատավարձերի և կենսաթոշակների հավելավճարների   համար  նախատեսվող՝    անհրաժեշտ  ֆինանսական միջոցները հնարավոր   է ձեռքբերել  պետական կառավարման համակարգի կառուցվածքային բարեփոխումների  շնորհիվ՝  միաժամանակ  սկզբունքայնություն ցուցաբերելով  արդարացի ու  համաչափ վերաբաշխման գործընթացում: 

Նախագահի թեկնածուն նկատում է, որ մեկ շնչի հաշվով  Ստեփանակերտում  և Շուշիում պետության կողմից   հատկացվող ֆինանսական միջոցների համեմատ՝     հանրապետության  մյուս   բնակավայրերում   պետական ներդրումները զիջում են շատ հաճախ  կրկնակի, մի շարք դեպքերում էլ՝  մեկ շնչի հաշվով սահմանված միջին ցուցանիշից: Խնդրի լուծումը Դաշնակցությունը  տեսնում է  արցախյան  բնակավայրերի զարգացմանը նպատակաուղղված  ֆինանսական հատկացումների համաչափության պահպանման համատեքստում:

Ինչ վերաբերում է  աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացմանը, ապա    ՀՅԴ Արցախի կառույցի Մարտակերտի կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ  պատգամավորի թեկնածու  Ալիկ Սարգսյանը,  Դրմբոնի բնակիչներին  հորդորեց չգայթակղվել անիրատեսական խոստումներով, քանի որ  հնարավոր չէ այդ   այդ գործընթացը դիտարկել Հայաստանից առանձին:  Բացի այդ,  Դաշնակցության պատգամավորի թեկնածուն ընտրողներին կոչ արեց ուշադրություն դարձնել այն հանգամանքին, թե   արդյոք բոլոր քաղաքական ուժերը, որոնք իրենց  նախընտրական ծրագրում և խոստումներում աշխատավարձերի,  կենսաթոշակների բարձրացում և այլ սոցիալական աջակցություններ են խոստանում, ունեն այդ ռեսուրսները:  

-Մինչդեռ Հայ Հեղափոխական Դաշնակցության  համահայկական կառույցի   մեծ ներուժն ու հնարավորությունները, որոնք  շարունակաբար ու անշահախնդիր ներդրվում են  Արցախում,  կարելի է  առավել լայն ընդգրկմամբ նպատակաուղղել մեր ժողովրդի ու   բնակավայրերի  խնդիրների լուծմանը,-իր խոսքում մասնավորապես նշեց Ա. Սարգսյանը:

Դաշնակցության թեկնածուների հետ հանդիպմանը  Գետավանի ընտրողները բարձրաձայնեցին, որ լուրեր են շրջանառվում առ այն,  որ  ներկայումս ՀՅԴ-ն իր արցախյան ծրագրերի հետագա ճակատագիրը   պայմանավորում է  համապետական  ընտրությունների  արդյունքով: Հերքելով այդ տեղեկությունները,    նախագահի թեկնածու Դ.  Իշխանյանը նշել է, որ   անկախ քաղաքական հանգամանքերից,  Արցախի հետ կապված ծրագրերը՝  եղել և մնում են ՀՅԴ   առաջնահերթությունների շարքում: Ընտրություններն ընդամենը միջոց են կուսակցության համահայկական  հնարավորություններնու ներուժն  առավել ընդգրկուն ծավալով ու  արդյունավետ ծառայեցնելու Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործին  և Արցախի պետականության ամրապնդմանը:

Գետավանում   կայացած  հանդիպումից հետո,     նախագահի թեկնածու  Դ. Իշխանյանը և  պատգամավորի թեկնածուներ՝ Լեռնիկ Հովհաննիսյանը, Արմինե Հարությունյանը և Ալիկ Սարգսյանը,   ընդառաջելով  մարտական հերթապահության ժամանակ վիրավորում ստացած նախկին  պայմանագարային  զինծառայողի՝ իրենց հետ  հանդիպելու ցանկությանը, այցելել և  հետաքրքվել  նրա   առողջական ու   սոցիալական  խնդիրներով:

Հավելենք նաև, որ   օրվա ընթացքում Դաշնակցության թեկնածուները հանդիպումներ են ունեցել  և  նախընտրական ծրագիրը ներկայացրել՝  Մարտակերտի շրջանի  Կոճողոտ, Վերին Հոռաթաղ, Հարգոմեր,   Չափար և Պողոսագոմեր համայնքերում: Բոլոր   գյուղական բնակավայրերում, հանդիպումներից առաջ,   թեկնածուները նախ ծաղիկներ են խոնարհել Արցախյան գոյամարտում նահատակված   ազատամարտիկների հուշակոթողներին և հարգանքի տուրք մատուցել Նրանց հիշատակին: