կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-12 12:07
Քաղաքական

Վիրուսին ծնկի բերելու համար պետք են ավտորիտար միջոցներ՝ փակել, սահմանափակել, արգելելել, հետաձգել. Դավիթ Սանասարյան

Վիրուսին ծնկի բերելու համար պետք են ավտորիտար միջոցներ՝ փակել, սահմանափակել, արգելելել, հետաձգել. Դավիթ Սանասարյան

Քանի որ այս վիրուսը լիբերալ միջավայր է սիրում, ապա ծնկի բերելու մի ճանապարհ կա. պետք է դրսեւորել ավտորիտար միջոցներ. փակել, սահմանափակել, արգելել, ընդհատել, հետաձգել, ինչպես անում են հաջողված փորձ ունեցող երկրները, այլապես հետո գլխներիս ենք տալու։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՎԾ պետ (լիազորությունների առկախված են) Դավիթ Սանասարյանը. հայտնում է Yerkir.am-ը:

Նա, մասնավորապես, նշել է. «Համաճարակի վտանգից զատ մենք մի այլ խնդիր էլ ունենք, որը պետք է բոլորով հաղթահարենք. մենք պետք է սովորենք ճգնաժամային իրավիճակներում համապատասխան կարգուկանոնի պայմաններում ապրելուն։ Նման իրավիճակներում կազմակերպվածության փոխարեն ծաղրելն ու մեծախոսելը վատ բանի մասին են խոսում։

Մենք սովոր ենք դանակը ոսկորին հասնելուց հետո ուշքի գալու հազարամյա ապրելակերպին, մեզ կորոնավիրուսները մինչեւ չսպանեն մենք չենք համախմբվի հանուն հաղթահարման։

Եթե այլ երկրներն իրենց կարող են թույլ տալ որոշ ճոխություններ, ապա մենք պետք է ինչ գնով էլ լինի մի քայլ շուտ կանխարգելենք համաճարակի մեր տներ մտնելը։

Հետեւե՛ք համաշխարհային կանոններին, առողջ եղեք»:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել  դեռևս դեկտեմբերին:

Մարտի 12-ի ժամը 10.13-ի դրությամբ ողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 126.254 դեպք, որից 4.637-ը՝ մահվան, և 68.266-ը՝ առողջացման:

Հիշեցնենք՝ Եվրոպայում ավելի քան 9000 հայտաբերված վարակակիր կա, որից 2/3-ը բաժին է ընկնում Իտալիային, վարակման ավելի քան 700-ական դեպքեր են գրանցվել Ֆրանսիայում և Գերմանիայում։ Առաջին անգամ կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Մոլդովայում։

Հայաստանում այս պահին կորոնավիրուսի հաստատված 4 դեպք կա. առաջին պացիենտը, ում մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս, 29 տարեկան է եւ ժամանել է Իրանից։ Նա իրեն լավ է զգում եւ ոչ մի գանգատ չունի։ Կրկնակի թեստավորումից հետո նրան կարող են դուրս գրել հիվանդանոցից։

Երկու հոգին ՀՀ քաղաքացի են (45 եւ 27 տարեկան), մեկը՝ Իտալիայի (51 տարեկան), ով աշխատում Է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից: Իտալիայի քաղաքացին եւ ՀՀ քաղաքացիներից մեկը գանգատներ չունեն։ ՀՀ քաղաքացիներից մեկը թոքաբորբ է տանում: Բոլոր երեքը գտնվում են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր կորոնավիրուսի պանդեմիա է հայտարարել աշխարհում: ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նշել էր.

«Առաջիկա օրերին և շաբաթներին ակնկալվում է, որ կորոնավիրուսով համակված երկրների, վարակվածների և մահացության դեպքերի թիվը կավելանա: Այն գնահատականին ենք եկել, որ COVID19 կորոնավիրուսը կարող է բնութագրվել որպես համավարակ»:

Նշենք՝ համավարակ են անվանում արտասովոր ուժեղ տարածում գտած համաճարակը, որը բնութագրվում է ինֆեկցիոն հիվանդության տարածմամբ երկրի ողջ տարածքում, ինչպես նաև հարևան երկրների, երբեմն էլ՝ աշխարհի բազմաթիվ երկրների տարածքներում: