կարևոր
6643 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-03 23:28
Աշխարհ Քաղաքական

Ֆրանսիայից ռազմական լուրջ օգնություն Հայաստանին հնարավոր չէ. Հրաչ Վարժապետյան

Ֆրանսիայից ռազմական լուրջ օգնություն Հայաստանին հնարավոր չէ.  Հրաչ Վարժապետյան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն օրերս հայտարարել էր, որ «Ֆրանսիան այսօր շատ զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ»: Ինչպես կարող է Ֆրանսիան օգնել ՀՀ տարածքային ամբողջականության պահպանմանը, որն արդեն իսկ խախտվել է, քանի որ առնվազն ավելի քան 150 քկմ տարածք ենք կորցրել: Եվ ինչ է տալու նաև այս առումով Սյունիքի մարզում ֆրանսիական հյուպատոսության բացումը, որի մասին հայտնել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան, արդյո՞ք դա բավարար է ՀՀ տարածքային ամբողջականության պահպանմանն աջակցելու համար:

Այս և այլ հարցերի շուր 168.am-ը զրուցել է ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանի հետ:

-Այո, Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ զգայուն է ՀՀ տարածքային ամբողջականության հանդեպ: Բայց միայն Սյունիքում հյուպատոսություն բացելը բավարար չէ այս առումով, թեև շատ ողջունելի քայլ է: Ֆրանսիան՝ որպես աշխարհի 5 մեծ պետություններից մեկը՝ և՛ դիվանագիտական, միջազգային իր հարաբերություններով, և ՛ ՄԱԿ-ի իր անցած ճանապարհով, կարող է լրջորեն այս հարցում օգտակար լինել: Բայց նաև չպետք է մոռանալ, որ Եվրոպական միության մեջ Ֆրանսիան ունի իր ազդեցիկ դերը, դիրքը, խոսքը, և կարող է միությունն ուղղորդել դեպի իր այդ քաղաքականությունը: Իսկ Եվրոպական միությունը ներկա պահին գտնվում է թուրք-ադրբեջանական հոսանքի տակ, որի պատճառը հստակ է՝ ադրբեջանական գազը, որը մատակարարվում է Եվրոպա, և որի կարիքը շատ ունի Եվրոպան, մանավանդ ՌԴ-ի հետ իր վատ հարաբերությունների պայմաններում՝ ուկրաինական հարցի ֆոնին:

Եվ այս պարագայում սա ավելի ծանր է կշռում, քան հայկական արյունը, դժբախտաբար: Սա է զզվելի և դառը իրողությունը: Եվ ճիշտ այս պատճառով է, որ հոկտեմբերի 1-ին՝ կիրակի օրով, Բրյուսելում եվրոպահայությունը բողոքի ակցիա է իրականացնելու՝ Եվրոպական միության դեմ, այն դիտարկելով մեղսակից Արցախի ցավոտ իրադարձությունների գծով:

– Ժամանակ առ ժամանակ խոսակցություններ են շրջանառվում Ֆրանսիայից Հայաստանին ռազմական օգնության մասին, կա՞ նման բան, և որքանո՞վ է դա հնարավոր։

-Ռազմական ինչ-որ փոքր օգնություններ կարող են լինել, բայց լուրջ օգնություն հնարավոր չէ: Ֆրանսիան Հարավային Կովկասի տարածաշրջանում չունի այդ հնարավորությունը: Պետք է նախ հասկանալ՝ ինչ ասել է՝ ռազմական օգնություն, ինչ է այն ենթադրում, դրա մասշտաբը: Այս ամենը խնդիր է, և կարող եմ ասել, որ չի կարող այս պահին նման բանն իրականություն լինել: Որովհետև ինչպես նշեցի արդեն, հնարավոր չի, որ Ֆրանսիան այդ ուժը, հնարավորությունն ունենա այս տարածաշրջանում, նույնիսկ այսօր նկատելի է Ֆրանսիայի նահանջն Աֆրիկայում, երբ այն, այսպես ասած, իր տարածաշրջանն է: Բայց Հարավային Կովկասում բավական հեռու ենքայդ ընթացքից, ուստի հնարավոր չէ ռազմական լուրջ օգնության մասին խոսել: Կրկնում եմ՝ փոքր օգնություններ հնարավոր է լինեն, բայց դրանք շատ բան չեն կարող տալ, նկատի ունենալով մեր թշնամիների գերռազմական հնարավորությունները, այսինքն, համարժեք չեն կարող լինել, ցավոք:

– Ի դեպ,որոշ գործիչներ պնդում էին, որ Ֆրանսիան ՀՀ-ինռազմական օգնություն է առաջարկել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ, բայց ՀՀ իշխանությունները համապատասխան քայլեր չեն ձեռնարկել, չնայած սա բավականին բարդ հարց է: Դուք տեղյա՞կ եք, նման առաջարկ եղե՞լ է, թեկուզ դրանից հետո, չնայած արդեն խոսեցինք:

-Այո, բարդ խնդիր է, և ես տեղյակ չեմ պաշտոնապես, թեև մամուլում շրջանառված նման տեղեկություններ կան, և հասկանալի չէ՝ ռազմական ինչ տեսակ օգնության մասին էր խոսում մամուլը: Երբ չունենք ստույգ տեղեկություն, ճիշտ չէ այդ մասին որևէ արտահայտություն անել, և պետք չէ մամուլում շրջանառված տեղեկությունների հիման վրա նման լուրջ և պատասխանատու հայտարարություններ կատարել: Անշուշտ, բարդ հարց է, և երկարաժամկետ խնդիր է, որի պատասխանը պաշտոնական տեղեկությունների հիման վրա չունեմ:

-Ինչպե՞ս եք գնահատում Ֆրանսիայի հարաբերություններն Ադրբեջան֊ի և Թուրքիայի հետ, Ֆրանսիան այլևս սպառազինություն չի՞ վաճառում Ադրբեջանին:

– Ֆրանսիայի հարաբերություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետայս պահին փայլուն չեն: Ֆրանսիան, այո, ժամանակին սպառազինություն վաճառել է Ադրբեջանին, հատկապես գերարդիական արբանյակներ:

Եվ այս առնչությամբ ֆրանսիական համայնքը միշտ էլ բողոքի ձայն է բարձրացրել և պահանջել է դրա դադարեցումը, և այս պահին այդ սպառազինության մատակարարումն Ադրբեջանին դադարեցված է:

-Իսկ Արցախի վերջնական կորստից, Արցախի Հանրապետության դադարեցումից հետո, Սփյուռքը, որ հայկական չճանաչված պետության միջազգային ճանաչման համար էր պայքարում, հիմա ինչպե՞ս է իր պայքարի ապագան տեսնում, ի՞նչ է անելու, ինչի՞ համար, ինչի՞ շուրջ:

-Ցեղասպանությունից հետո Սփյուռքը պայքարել է հանուն հայ ժողովրդի իրավունքների, օրինակ, 70 տարի Հայաստանի անկախության համար, երբ չկար անկախ պետականություն: Այսօր ևս Սփյուռքը պիտի շարունակի այդ պայքարը՝ հանուն մեր իրավունքների վերատիրացման: Անշուշտ, առայժմ պայքարը պիտի լինի քաղաքական, քարոզչական և ՀՀ-ին տարբեր օժանդակությունների տեսքով՝ ի խնդիր մեր պետականության պահպանման:

Մեզ համար պայքար հասկացողությունը հանգրվանային է եղել միշտ, որի նպատակն ամբողջական Հայասռանիկերտումն է: Իսկ այս պահին պայքարը մեր պետականության պահպանման համար է, որը վտանգված է: Սփյուռքն իր բոլոր հնարավորությունները մեկտեղելով՝ մեր պետականության պահպանման համար պիտի պայքարի:

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ

28-ը սեպտեմբերի 2013թ