Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2020 թվականին Արցախում կայանալիք համապետական ընտրությունների` օրենքով սահմանված քարոզչության ժամանակահատվածի առաջին շաբաթն ավարտվեց: Պետք է առանձնացնել, որ մինչ այժմ Արցախում կայացած ընտրությունների համեմատությամբ այս քարոզարշավը բուռն է եւ բազմերանգ: Սպասելի էր այս աշխուժությունը, քանի որ նախագահի 14 թեկնածուները եւ 12 քաղաքական դաշինքներն ու կուսակցություններից յուրաքանչյուրը ձգտում է ձեռք բերել ընտրողների քվեների իրենց բաժինը:
Ինչպես որ կանխատեսել էինք, բոլորի քարոզչական թիրախները համընկան ժամանակին Դաշնակցության կողմից առաջարկված օրակարգին: Իսկ դրանց մեջ ամենակարեւորն այն է, որ Արցախի հարցի շուրջ կուսակցությունների եւ քաղաքական դեմքերի մոտեցումները համընկնում են: Բոլորը մերժում են Մադրիդյան սկզբունքների հիման վրա հիմնահարցի լուծումը եւ հավատարիմ են Արցախի տարածքային ամբողջականության պահպանման ու վերականգնման սկզբունքին:
Ինչպես Հայաստանի Հանրապետության իշխանությունների, այնպես էլ Արցախի քաղաքական դեմքերի կողմից վերջին ժամանակահատվածում բազմիցս շեշտվել է Արցախի հիմնահարցի կապակցությամբ տեսակետների նույնության մասին: Սակայն խորքային առումով առկա են սկզբունքային տարակարծություններ: Հարցն այն է, որ արդյո՞ք ազատագրված տարածքները, որոնք մաս են կազմում Արցախի Հանրապետությանը, տարածքներ են անվտանգության համար, թե՞ դրանք հայրենիք են:
Այդ առումով, սկսած Լեւոն Տեր-Պետրոսյանից՝ մինչեւ Նիկոլ Փաշինյան, ՀՀ 4 ղեկավարներն էլ նույն մոտեցումն են դրսեւորել:
Լեւոն Տեր-Պետրոսյանի կարգավորման փիլիսոփայությունը հիմնված էր «ձեռք բերածը պահպանենք՝ զիջելով այն բաժինը, որը «մերը չէ»» սկզբունքի վրա: Նրա համար մերը չէր Քարվաճառը, Աղդամը…
Ռոբերտ Քոչարյանն ազատագրված տարածքները համարում էր անվտանգության գոտի:
Սերժ Սարգսյանն ունի հայտնի արտահայտություն՝ «Աղդամը մեր հայրենիքը չէ»: Հիշենք, որ մինչեւ Ապրիլյան պատերազմը, թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում Հայաստանի պաշտոնական քարտեզում չէր ներառվում Արցախի ամբողջական քարտեզը:
Իսկ Նիկոլ Փաշինյանի գրչին պատկանող «Երկրի հակառակ կողմը» գրքում ընթերցում ենք հետևյալ տողերը՝ «Ուղեղը ասում է՝ մասի համար չի կարելի ամբողջը վտանգել, եւ առնվազն պետք է հայտարարել, բարձր հայտարարել, որ այդ դաշտերը մեզ պետք չեն, որ մենք պատրաստ ենք էդ հողերը վերադարձնել՝ հանուն խաղաղության»: Իսկ վերջերս նա անդրադարձավ այն հարցին, որ մենք չենք կարող զիջել տարածքները, քանի որ դրանք հավասարազոր են մեր անվտանգությանը:
Կարմիր թելի նման նշմարելի է է նույն մտածողության ելակետը, որն անընդունելի է Արցախի բոլոր քաղաքական ուժերի եւ, հատկապես, Հայ Հեղափոխական Դաշնակցության համար:
Արցախի Հանրապետության ամբողջական տարածքը՝ ներառյալ Շահումյանի, Մարտակերտի եւ Մարտունու բռնագրավված տարածքները, համարվում են Արցախի Հանրապետության անբաժանելի մաս՝ Հայրենիք: Իսկ Հայրենիքը չեն զիջում:
«Ապառաժ»-ի խմբագրական,
05 մարտի, 2020թ.