Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Պետությունն ու հայրենիքը նույնական հասկացություններ են։ Համենայնդեպս պետականաստեղծ ազգերն ու ժողովուրդներն այդպես պետք է մտածեն։ Հայրենիքի այլ՝ վերացական պատկերացումները ներհատուկ են հետամնաց և կոմպլեքսավորված ցեղախմբերին։ Հայրենիքի սահմանները սկսվում և ավարտվում են այնտեղ, որտեղ կանգնած է քո երկրի զինվորը։ Վե՛րջ։ Հայրենիքի սահմանների այլ մեկնաբանությունները նախատեսված են մանկամիտների համար»: Այս մասին գրել է մի կայք, որ օրուգիշեր քննադատում է նախագահ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը և հատկապես` հայ-թուրքական կարգավորման ողջ գործընթացը:
Տողերի հեղինակը` ոմն Կարեն Հակոբջանյան, դատելով այդ կայքում նրա անվան հաճախակի առկայծումներից, կարծես, վերլուծաբանի համարում ունի: Ի՞նչ է ուզեցել ասել սույն «վերլուծաբանը»: Փորձենք հասկանալ, եթե իհարկե, այս պահից սկսած, ընթերցողը չի ծիծաղում պարոն Հակոբջանյանի մտքի գոհարների վրա:
Նախ` պետությունն ու հայրենիքը նույնական հասկացություններ չեն: Ավելին` գոյություն ունի պատմական հայրենիք հասկացությունը, որ շատ դեպքերում որևէ աղերս չունի պետություն հասկացության հետ: Պետություններին երբեմն բախտ է վիճակվում` կործանվել: Հայրենիքը չի կործանվում: Հայրենիքն այն տարածքն է, որի վրա ձևավորվում և հետագայում պետություն ու պետականություն է ստեղծում տվյալ հանրույթը` ազգը, ժողովուրդը: Պատմության մեջ քիչ չեն այն ազգերն ու ժողովուրդները, որոնց հայրենիքի և պետության սահմանները չեն համընկնում: Ավելին` քիչ չեն այն ազգերն ու ժողովուրդները, որոնք ունեն հայրենիք, բայց պետություն չունեն:
Գիտե՞ք քանի օրինակ կարելի է բերել այս նույն կայքից ու հեղինակից, որոնցում նրանք քննադատում են Սերժ Սարգսյանին` ներկա հայ-թուրքական սահմանը ճանաչելու և այդ սահմանը բացելու փորձ անելու համար: Բայց արժե՞ այդքան խորանալ: Ավելի լավ է անցնենք առաջ: «Հայրենիքի այլ՝ վերացական պատկերացումները ներհատուկ են հետամնաց և կոմպլեքսավորված ցեղախմբերին»,- գրում է «վերլուծաբան» Հակոբջանյանը: Վստահաբար, ըստ նրա, այդ «հետամնաց և կոմպլեքսավորված» ցեղախումբն էլ մենք ենք, որ տակավին խիստ «վերացական» պատկերացումներ ունենք Արևմտյան Հայաստանի մասին, մեր քաղաքների, մեր պատմամշակութային հուշարձանների մեր նախնիների գերեզմանների մասին, որոնք մնացել են Արևմտյան Հայաստանում: Իսկ ահա ասորիներն, օրինակ, մեզնից ավելի հետամնաց ու կոմպլեքսավորված են, որովհետև, կորցնելով իրենց պետությունն ու պետականությունն ամբողջությամբ, դեռ շարունակում են մտածել հայրենիք ասվածի մասին: Մազալու մարդիկ են, ուրեմն, քրդերը, որ ուզում են իրենց հայրենիքի վրա պետականություն վերականգնել:
Ախտորոշումը մեկն է այստեղ` «վերլուծաբանի» և նրա համախոհների ուղեղում հայրենիք և պետություն հասկացությունների շփոթ է առաջացել: Դրա մի ապացույցն էլ հետևյալ նախադասությունն է, որ շրխկացրել են առարկություն չընդունող ամենագետի տոնով. «Հայրենիքի սահմանները սկսվում և ավարտվում են այնտեղ, որտեղ կանգնած է քո երկրի զինվորը։ Վե՛րջ։ Հայրենիքի սահմանների այլ մեկնաբանությունները նախատեսված են մանկամիտների համար»: Բա հիմա սրանց չնախշե՞ս այն հայտնի արտահայտությամբ, որով Ադրբեջանը նախշեց Ռուսաստանի նախագահին ու արտգործնախարարին: Այսինքն` ի՞նչ եք ուզում ասել` եթե թուրք զինվորը կանգնած է Արաքսի այն ափին, ուրեմն Արաքսի այն ափը թուրքերի հայրենի՞քն է, թե՞ Արցախն էր ադրբեջանցու հայրենիքը, քանի դեռ հայ զինվորը չկանգնեց Արցախի սահմանին: Ու նաև այսպիսի մի հարց` կգնա՞ր, արդյոք, հայ զինվորը Արցախի սահմանին կանգնելու, եթե «մանկամտորեն» Արցախը չհամարեր իր հայրենիքը:
Այսօր արդեն մի լրատվություն հայտնվեց ԶԼՄ-ներում, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը զանգահարել է Գագիկ Ծառուկյանին և բողոքել ԲՀԿ շահերն սպասարկող սայթերից մեկում ռուսաստանաբնակ մեծահարուստ Սամվել Կարապետյանի մասին որոշ հրապարակումներից: Երևում է` մի զանգ էլ պարոն Ծառուկյանին այս ցնդաբանության համար պետք է ուղարկել: Ինչ-որ տարօրինակ է ամեն ինչ: Եթե այլընտրանքայնությունը նաև մտածելակերպի մեջ պետք է դրսևորվի և այն էլ այսպես, որ մեզ հորդորեն մոռանալ հայրենիք, տուն ու տեղ, ապա դա շատ տխուր այլընտրանք է:
Ի դեպ, մեզ հայտնի է, որ առանձին ԲՀԿ-ական պատգամավորներ բավականին սերտ կապեր ունեն Արևմտյան Հայաստանի հետ, գնում-գալիս են, բիզնես ծրագրեր են իրականացնում, Հայաստանում էլ ելույթներ են ունենում, որ հայրենիքի հետ այսպիսի կապերի զարգացումը նպաստում է մեր մեջ տիրոջ զգացումն ամրապնդելուն: Գովելի է, անշուշտ, սակայն ի՞նչ է նշանակում նույն ԲՀԿ-ամերձ կայքում, վստահ` Գագիկ Ծառուկյանի փողերով գոյատևող, վերը ներկայացված «վերլուծության» հրապարակումը:
Քավ լիցի, պարոն Ծառուկյանին այս կայքի թթվածինը փակելու կոչ չէ, որ անում ենք: Գրչակից մարդիկ են, ինչքան էլ չլինի: Բայց գոնե կարելի՞ է կարգի հրավիրել, որ իրենց հայրենիքի այս մի փոքր հատվածում նմանատիպ էրդողանամետ հոդվածներով հանդես չգան:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ