Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախընտրական քարոզարշավի չորրորդ օրը՝ փետրվարի 29-ին, ՀՅԴ համամասնական ցուցակով ներկայացված պատգամավորի թեկնածուներ Արթուր Մոսիյանը, Արմինե Հարությունյանը, Սուրեն Շինդյանը, Ալիկ Սարգսյանը, Սամվել Աղաջանյանը ԱՀ նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանի գլխավորությամբ հանդիպումներ են ունեցել Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա, Նոր Հայկաջուր, Նոր Կարմիրավան, Մատաղիս և Թալիշ համայնքների բնակիչների հետ:
Մինչ ծրագրային հիմնադրույթներին անդրադառնալը, Դավիթ Իշխանյանն իր ելույթը սկսել է Սումգայիթյան անմեղ զոհերի հիշատակին նվիրված խոսքով:
Խոսելով նախընտրական ծրագրի մասին, ՀՅԴ կողմից առաջադրված նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյան, նշել է, որ ծրագրային հիմնադրույթներում առաջնահերթություն տալու ժամանակ պարզորեն գիտակցել են սոցիալական արդարության պահանջների, տնտեսական մի շարք խնդիրների հետ առնչվող խնդիրները, բայց ինչպես այս, այնպես էլ նախորդ ընտրություններին ՀՅԴ-ն առաջնահերթությունը տալիս է անվտանգության, պաշտպանության համակարգին և արտաքին քաղաքականությանը:
Այնուհետև թեկնածուն ներկայացրել ներքին ու արտաքին քաղաքականության ոլորտում ՀՅԴ տեսակետները:
Եզրափակելով խոսքը, Դավիթ Իշխանյանը նշել է, որ բոլոր առաջնահերթ խնդիրները լուծելու համար կուսակցությունն ունի բավականին մեծ հնարավորություններ: Ըստ նրա, ինչպես անցած 30 տարիներին, այնպես էլ առաջիկայում Դաշնակցության ներկայությունն Արցախի ներքին կյանքում խիստ անհրաժեշտություն է լինելու:
Հայ Օգնության Միության Արցախի միավորի ատենապետուհի Արմինե Հարությունյանի համար այցելությունները տվյալ համայնքներ պարբերական բնույթ են կրում: Որպես վերաբնակեցված սահմանամերձ համայնքներ, ՀՕՄ-ը տարբեր ծրագրերով աջակցում էր այդ համայնքների բնակիչներին:
Անդրադառնալով ՀՅԴ ծրագրի սոցիալական ուղղվածությանը, Արմինե Հարությունյանը նշել է, որ երկրի զարգացումը պետք է համաչափ լինի՝ հատուկ ուշադրություն դարձնելով սահմանամերձ համայնքներին: Խոսելով իրատեսական խոստումների մասին, Արմինե Հարությունյանը կարևորել է թոշակների, աշխատավարձերի աստիճանական, պարբերաբար բարձրացումը:
Արթուր Մոսիյանը ներկայացրել է ՀՅԴ ծրագրում կրթության, գիտության և տնտեսության զարգացման ուղղությունները:
Պատգամավորի թեկնածուն հատկապես շեշտել է միջին մասնագիտական կրթության բնագավառում առկա թերությունները: «Բարձրագույն կրթություն ստանալը մոդայիկ է դարձել, իսկ գյուղատնտեսության, արդյունաբերության, վերամշակող արդյունաբերության ոլորտներում պրոֆեսիոնալ մասնագետների կարիք կա: Արդյունքում աշխատատեղի ու մասնագետների լուրջ խնդիրներ են առաջանում»,- ասել է Արթուր Մոսիյանը:
ՀՅԴ անդամները խոսել են նաև գյուղատնտեսության պարտադիր ապահովագրման ՀՅԴ առաջարկի մասին: Մասնագիտությամբ գյուղատնտես, Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Սուրեն Շինդյանը կարևորել տվյալ մասնագիտության կարևորումը: «Գյուղի զարգացման համար պետք է գյուղատնտեսությունը զարգանա, իսկ դա կարելի է անել մանր ու միջին հողատերերին աջակցելով: Այսօր կան տարբեր պետական ծրագրեր, բայց ապահովված չէ ապրանքի սպառման շուկան: Աջակցությունը նպատակային պետք է լինի»,- պատասխանելով գյուղատնտեսության մասին հարցին նշել է Սուրեն Շինդյանը:
Արցախյան շարժման առաջամարտիկներից, ՊԲ տարբեր ստորաբաժանումներում ծառայած ու թոշակի անցած, պահեստազորի գնդապետ Ալիկ Սարգսյանը, հիշեցնելով ՀՅԴ դերը Արցախյան ազատամարտում, նշել է, որ այժմ էլ ՀՅԴ-ն իր ներուժի մեծ մասը կենտրոնացրել է Արցախում: Ալիկ Սարգսյանը շեշտել է հատկապես առկա աղավաղված քաղաքական միջավայրում ճիշտ կողմնորոշվելը ու արդարացի ընտրություն կատարելը:
ՀՅԴ թեկնածուները պատասխանել են երիտասարդներին աշխատանքով ապահովելու, տնտեսության զարգացման, վերաբնակեցման, ջրամատակարարման և այլ խնդիրների լուծման ուղղությամբ ՀՅԴ տեսակետներին վերաբերող հարցերին: