Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մրցունակ կրթությունն է արդար երկրի, զարգացող հասարակության գրավականը: ՀՅԴ-ն, ի դեմս իր ուսանողական միության, նախանձախնդիր է կրթության և գիտության ոլորտում առկա խնդիրները լուծելու հարցում. ասվում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախընտրական պլատֆորմում:
ՀՅ Դաշնակցության համամասնական և վարկանիշային ցուցակով թեկնածու առաջադրված` ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Վանուշ Ահարոնյանը երեկ ուսանողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց կուսակցության նախընտրական պլատֆորմը, որից հետո կայացավ պլատֆորմի շուրջ զրույց-քննարկում:
Ուսանողական միության ներկայացրած պլատֆորմը, որում ներկայացվում է, թե ՀՅԴ-ն ի՞նչ փոփոխություններ է նախատեսում ուսանողների կյանքում, գրեթե չի տարբերվում դեռևս անցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ներկայացված պլատֆորմից:
«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության գրասենյակում կայացած հանդիպման ընթացքում շեշտվեց, որ պլատֆորմում ներկայացված բոլոր կետերն այսօր արդիական են և հրատապ լուծում են պահանջում, քանի որ կրթությունը երկրի անվտանգության կարևորագույն խնդիրներից մեկն է, և կրթությամբ է պայմանավորվում այլ ոլորտների ճիշտ կառավարումը:
Պլատֆորմի հիմնական կետերն են`
Ուսանողական միության ներկայացրած պլատֆորմի համաձայն` ուսանողակենտրոն բարձրագույն կրթական համակարգը պետք է ապահովի ցանցային համալսարանների և գիտակրթական կլաստերների (խմբավորումների) ձևավորում, անհատական գնահատման համակարգի ներդրում, ուսանողների գնահատման համակարգի բարեփոխում, մագիստրոսական կրթական ծրագրերի բարելավում, ինչպես նաև լրացուցիչ, շարունակական կրթության համար պայմանների և հնարավորությունների ստեղծում:
Պլատֆորմը ներկայացնելիս դաշնակցական թեկնածու Վանուշ Ահարոնյանը շեշտեց, որ բոլոր բարեփոխումներն իրականացնելիս պետք է հավատարիմ մնալ սկզբունքներին:
Քննարկման ընթացքում դաշնակցական թեկնածուն նաև առանձնապես կարևորեց երիտասարդ ուսանողների բնակարանային հարցն ու մարտական ծառայություններն անցած զինվորականների խնդիրը: Նրա խոսքով` այսօր մի շարք քաղաքական ուժեր փորձում են օգտվել առիթից և այս խնդիրը դարձնում են իրենց օրակարգային հարցը, մինչդեռ նախկինում այդպես չի եղել, և եթե այդ խնդիրը լավ ուսումնասիրեն, կտեսնեն, որ ՀՅԴ-ն դեռևս վաղուց բարձրացրել է:
Ահարոնյանը նաև ուշադրություն հրավիրեց այն կարևորագույն կետին, որը յուրահատուկ է դարձնում ուսանողների պլատֆորմը: «Մենք խոսում ենք առցանց կրթության մասին, որը Հայաստանի համար կարող է կարևոր նշանակություն ունենալ: Մենք առանձնահատուկ երկիր և ժողովուրդ ունենք. մեր բնակչության մեծ մասն ապրում է Հայաստանից դուրս, և ասիմիլյացիայի տեմպերը խաթարելու կարևորագույն միջոցը Սփյուռքում գալիք սերնդի կրթության ապահովումն է: Իսկ կրթությունն ովքե՞ր պիտի ապահովեն, ինչպե՞ս»,- նշեց նա` մտահոգություն հայտնելով նաև կրթության կոռուպցիոն դեպքերի մասին:
«Կրթական համակարգում կոռուպցիայի վերացումը տեսնում ենք ոչ թե մարդկանց ասֆալտին փռելով, այլ համակարգային, արմատական փոփոխություններ կատարելով: Պետք է ընդհանուր համակարգը փոխվի այնպես, որ անհնար լինի իրականացնել որևէ կոռուպցիոն գործողություն»,- ասաց Ահարոնյանը: