կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-27 19:19
Հասարակություն

Հայրենապաշտ գործչի «դարի գործը» կշարունակվի. ՀՃՈՒՀ աշխատակիցներ

Հայրենապաշտ գործչի «դարի գործը» կշարունակվի. ՀՃՈՒՀ աշխատակիցներ

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող (ՀՃՈՒ) հիմնադրամի երևանյան գրասենյակի տնօրեն Սամվել Կարապետյանը մահվան նախօրեին հրատարակության էր պատրաստում միանգամից մի քանի արժեքավոր գրքեր, որոնց շարքում էին 36 հատորից բաղկացած «Հայաստանի պատմություն» գրքաշարի 5-րդ հատորը՝ «Ղարադաղը», «Հայկական եկեղեցիները Վրաստանում» ստվարածավալ աշխատանքը, «Խոջիվանք» գրքի հայերեն տարբերակը (անգլերենը վերջերս էր լույս տեսել), «Հայկական աղբյուրները», «Վրաստանի հայերեն վիմագրերը», «Վարձք» հանդեսի 13-րդ թիվը, կրկին «Հայաստանի պատմություն» 36 հատորյակից բաղկացած գրքաշարի «Սասուն», «Արևիք» և այլ գավառներին նվիրված հատորները և մի շարք այլ կարևոր հրատարակություններ և նախագծեր:

«Հայաստանի պատմություն» գրքաշարի 36 հատորյակի նախագծի իրականացումը Սամվել Կարապետյանն իր հարցազրույցներից մեկում համարել էր «դարի գործ»: Նա առանձնակի նվիրումով էր աշխատում այս նախագծի վրա՝ պլանավորելով յուրաքանչյուր տարի հրատարակել 2 հատոր:

ՀՃՈՒՀ-ի գրասենյակի աշխատակիցները Yerkir.am-ի հետ զրույցում վստահեցրին՝ Սամվել Կարապետյանը թողել է իր գործը լիարժեքորեն շարունակող մասնագետների խումբ, ովքեր ոչ միայն ավարտին են հասցնելու վերոնշյալ աշխատանքները, այլև կյանքի են կոչելու Սամվել Կարապետյանի բազմաթիվ այլ մտահղացումները, նպատակներն ու ծրագրերը:

Գրասենյակի աշխատակիցները Yerkir.am-ի հետ զրույցում փաստեցին նաև, որ վատառողջ լինելու պատճառով վերջին երեք տարիներին Սամվել Կարապետյանը արշավախմբի հետ չի մասնակցել դաշտային հետազոտական աշխատանքներին, փոխարենը գիշեր-ցերեկ աշխատել է ամբարված նյութերի մշակմամբ, հետազոտմամբ և նախահրատարակչական ու հրատարակչական աշխատանքներով: 

Իսկ ՀՃՈՒՀ-ի երևանյան գրասենյակի արշավախումբն այս ընթացքում եղել է և՛ Արևմտյան Հայաստանում, և՛ Իրանում, և՛ Վրաստանում՝ լիարժեքորեն կատարելով դաշտային հետազոտական այն աշխատանքները, որոնք տասնամյակներով իրականցնում էր Սամվել Կարապետյանը:

Ընդամենը օրեր առաջ՝ 2020 թ. փետրվարի 22-ին, աշխատակիցները նշել են ՀՃՈՒՀ-ի երևանյան գրասենյակի հիմնադրման (վերագրանցման) 20-ամյակը, որին, ցավոք, վատառողջ լինելու պատճառով ներկա չի գտնվել Սամվել Կարապետյանը:

Վատառողջ լինելու պատճառով Սամվել Կարապետյանը վերջին շրջանում չի մեկնել երկարատև ճամփորդությունների. իր պաշտելի Արևմտյան Հայաստանում նա վերջին անգամ եղել էր 2016 թ., իսկ համեմատաբար վերջերս, փոքր-ինչ կազդուրման նպատակով, ճամփորդել էր ՀՀ-ի տարածքով՝ այցելելով Թեղենյաց վանք:

Ի դեպ, Սամվել Կարապետյանն իր վերջին ծավալուն հարցազրույցը տվել էր Yerkir.am-ին՝ խոսելով մի շարք արդիական խնդիրների մասին:   

Վահե Սարգսյան