Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովրդական ասացվածք կա՝ գիտունի հետ ճամփա գնա, անգետի հետ սեղան մի նստիր: Նախարարը տեղյակ չի այն ոլորտից, որը ղեկավարում է, և այդ ոլորտի մասին հայտնում է ծիծաղ հարուցող կարծիքներ, օրինակ, նա ասում է՝ ինչու՞ չեք ասում, թե ինչու՞ է բանասիրականում ընտրվել տարիքն առած դեկան»,- Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Աժ-ում կայացած կրթության մասին լսումներին, ասաց գրականագետ, հայ բանասիրության ֆակուլտետի երկարամյա դասախոս Սերժ Սրապիոնյանը:
Նրան խիստ վրդովմունք է պատճառել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի արած հայտարարությունը՝ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանի մասին. «Նախևառաջ՝ Արծրուն Ավագյանը շուրջ քսան տարի դեկան է, և այդ մարդը, ի տարբերություն իրեն նախարար հռչակած մարդու կամ իրեն նշանակողին, շատ լավ գիտի այդ ֆակուլտետի և՛ խնդիրները, և՛ այդ խնդիրների լուծման ուղիները, և՛ նաև այն քարացած մոտեցումը, որ բնորոշ է այն ատյաններին, որոնք ենթադրում են, թե դա իրենց հոր կալվածքն է և այդ կալվածքում ինչպես ուզեն, այնպես էլ կվարվեն: Բարեբախտաբար, մենք նախապատվությունը տվեցինք ստուգվածին՝ փորձին, ի դեմս Արծրուն Ավագյանի, ով ֆակուլտետը կտանի այն ճանապարհով, ինչին կոչված է այդ ֆակուլտետը, ու տանում է»:
Սրապիոնյանը միաժամանակ գտնում է, որ նախարարի արած հայտարարությունը կոնկրետ սխալ է, և առանց լուրջ հիմքերի չի կարելի նման լուրջ հայտարարություններ անել. «Նախարարը որևէ փորձագիտական, վիճակագրական հարցում արե՞լ է, որ նման պատասխանատու հայտարարություն է անում կոլեկտիվի անունից: Նա նույնիսկ այդ ֆակուլտետի տեղը չգիտի, բայց իրեն իրավունք է վերապահում կարծիք հայտնել մի մարդու մասին, ով Արայիկ Հարությունյանի ապրած տարիների չափ գիտական աշխատանք է կատարել: Արայիկ Հարությունյանը տասնհինգ տարվա մեջ գիտնական է կոչվել, համալսարանից աշխատավարձ է ստացել, բայց մեկ հոդված անգամ չի գրել և նա իրեն թույլ է տալիս գիտնականի մասին այդպիսի կարծիք հայտնել»:
Ըստ Սրապիոնյանի՝ Արծրուն Ավագյանը կգնա, կմնան նրա գրքերը՝ սերունդները կկարդան, իսկ նախարարը կգնա՝ սերունդների հիշողության մեջ որևէ հետք չթողելով:
«Նա թող գնա, մտածի՝ ե՞րբ դպրոցները բաժանեցին, տվեցին մարզպետարաններին, մարզպետները դարձան դպրոցի տնօրեններ՝ կապ չունենալով կրթության հետ, նշանակեցին կրթության ու դպրոցների հետ կապ չունեցող ուսուցիչներ և այդ օրվանից սկսեց իջնել դպրոցների առաջադիմությունը: Ես սա իրեն հուշում եմ, որ հասկանա, թե որտեղ գործ ունի ու որտեղ իրավունք ունի կարծիք հայտնելու»,-շարունակում է բանախոսը:
Սրապիոնյանը Արայիկ Հարությունյանին խորհուրդ է տալիս մոտիկից ճանաչել Արծրուն Ավագյանին ու բանասիրության ֆակուլտետի մյուս դասախոսներին, հետո փորձել նման կարծիք հայտնել:
«Երբ Արայիկ Հարությունյանը հայտարարում է, թե բանասիրական ֆակուլտետը դեգրադացվել է, ինձ բացարձակ չի վիրավորում, որովհետև նման նախարարի կարծիքը ինձ համար զրո արժեք ունի: Ես սա ասում եմ անձնավորած, քանի որ շատ դժվար է գիտնականների մեջ տարածել դիլետանտի կողմից անընդհատ հնչեցվող կարծիքներ, սա արդեն մարդու համբերությունը սպառում է: Նախարարը իրավունք չունի կարծիք հայտնելու բուհի ֆակուլտետի մասին՝ ո՛չ բարոյական, ո՛չ իրավական հողի վրա: Նա այն չի ճանաչում և թող գնա մտածի, թե որտեղ են 8 միավորով ընդունվում, և այդ 8 միավորով ընդունվածներից քանի՞սն են գիտնականներ դառնում: Թող գա բանասիրական ֆակուլտետ, տեսնի, թե Արծրուն Ավագյանը և ամբիոնի վարիչներն ինչ ճանապարհ են անցել, ինչպես են ընտրվել, և ովքեր են իրենց ընտրել, հետո նոր պատասխանատու հայտարարություններ անի, այն էլ այնպիսի ամբիոնից, ինչպիսին Ազգային ժողովի ամբիոնն է: Այդ ամբիոնն արդեն վերածվել հեղափոխական հարթակի՝ իրենց կարծած հեղափոխական, որտեղից առանց հասկանալ ճամարտակում են, առավել ևս՝ ինքը»:
Գիտնականն անդրադարձավ նաև ԿԳՄՍ նախարարի՝ բարձրագույն կրթության և գիտության ծրագրի բացառիկ լինելու մասին հայտարարությանը:
«Եթե նա ասում է՝ հեղափոխական ծրագիր է, կողքից մեկն էլ հաստատում է, ուրեմն՝ գնացեք, նայեք բոլշևիզմի պատմությունը. նավաստին, ով յուղ ու մազութից բացի ոչինչ չի տեսել, ցարական Ռուսաստանում մեծ վաստակ ունեցող գիտնականի կամ ղեկավարի առաջ ճամարտակում էր հեղափոխության մասին: Ոչ մի հեղափոխություն չկա, դա նրանց ուղեղներում է նստած ու թող չփորձեն հեղաշրջումը հեղափոխության անվան տակ հրամցնել մեզ: Սեփական ժողովրդի հիշողությունը հնարավոր բոլոր ձևերով նրանցից հեռացնելու, ժողովրդին մանկուրտներ սարքելու այս ծրագիրը հեղափոխակա՞ն է, որոշ իմաստով՝ այո. ժողովրդի հիշողությունը վերացնելու, ազգային ինքնությունը ոչնչացնելու, ազգային ինքնասիրությունը վիրավորելու հեղափոխական ծրագիր է», - նշում է Սրապիոնյանը:
Ազգի մշակութային հիշողության ու մշակութային - գենետիկական մտածողության հետ կապված ծրագիրը, որը, ըստ բանախոսի, կազմել են որոշ դիլետանտներ, վիրավորական է ուզածդ ազգի համար:
«Թող չհամարձակվեն մտածել, թե հայ ժողովրդի մեջ սպանել են հայկականությունն ու դրա նկատմամբ ձգտումները, երբեք թող չմտածեն, որովհետև հայ իրականության մեջ միշտ առողջ կորիզը մնացել է՝ անգամ սուլթանական Թուրքիայի բռնի ճնշումների դեպքում, անգամ 7-8 տասնամյակ ռուսականացման քաղաքականության վարման դեպքում, և այս ազգի ամենաչնչին մասն է քաղքենիացել և չնչին մասն էլ գուցեև դառնա մանկուրտիզմով տառապող, բայց առողջ մասը կմնա և այդ առողջ մասն է որոշելու իր երկրի ճակատագիրը»,- թեման ընդլայնեց Ս. Սրապիոնյանը:
Անդրադառնալով փետրվարի 21-ին տեղի ունեցած ԵՊՀ գիտխորհրդի արտահերթ նիստին ու դրա ժամանակ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի՝ հայագիտական առարկաներին գերակայություն տալու առաջարկի մերժմանը, Սրապիոնյանը նշեց, որ տեղի ունեցածը սովորական պատեհապաշտություն է:
«Բացարձակ հայտարարում եմ, որ բոլոր ժամանակներում, բոլոր վայրերում ու բոլոր հիմնարկներում պատեհապաշտների մի խումբ կա, որը սողալով, քծնելով, կրունկ լիզելով աշխատել է պահել իր դիրքը, և այդ մարդիկ, ովքեր քվերակել են ընդդեմ Ռուբեն Մելքոնյանի առաջարկի՝ հենց այդ տեսակն են: Նրանք ամենաշատը վախենում են իրենց պաշտոնը, դիրքը կորցնելուց և լուծում են օրախնդիր հարցեր», - նշեց նա:
Ուսանողների մեծամասնության՝ մանավանդ բնագիտական ֆակուլտետների, հայագիտական առարկաների ուսուցումից հրաժարվելը նույնպես հասկանալի է Սրապիոնյանի համար. նա մատնանշում է պատճառները. «Ժամանակները ուսանողների մեջ բերել են այնպիսի հիասթափված, ապատիկ տրամադրություններ, որի պատճառով նրանք կրթության հետ շատ քիչ են կապում իրենց ապագան, նրանց հայացքներն իրենց իսկ քարոզչության շնորհիվ հակված է դեպի ամերիկյան ու եվրոպական համալսարանները: 10 տարի արայիկներն ու իրենց խմբավորումները վարկաբեկել են համալսարանն իր կրթական համակարգով՝ մոռանալով, որ այդ կրթական համակարգը Խոհրդային Միությունը ժառանգել էր գերմանական կրթական համակարգից, և այսօր էլ շարունակվում են այդ ավանդները: Թող գնան տեսնեն՝ այդ համալսարաններն ավարտածներն ի՞նչ գիտական հաջողությունների են հասել՝ համալսարանն ավարտածների տոկոսային հարաբերակցությամբ, նոր կհասկանան՝ ինչ է այս համալսարանը»:
Անդրադառնալով կրթական ոլորտին վերաբերող վիճակագրություններին՝ Սրապիոնյանը նշեց. «Թող ինձ չներկայացնեն այն կեղծ վիճակագրությունները, որ իբր եվրոպական համալսարանները իրենց բյուջեի շնորհիվ ապահովում են իրենց ռեյտինգային տեղերը: Թող գնան տեսնեն՝ որ պետությունը իր համալսարանին ինչքան է օգնում, ինչ վարձեր է վերցնում, այդ համալսարանները ինչ բյուջե ունեն և ինչ են անում: Թող գնան տեսնեն այդ համալսարանի 1000 շրջանավարտներից քանի՞սն է դառնում գիտնական, և մեր համալսարանի 1000 շրջանավարտից քանիսն է գիտությանն օգուտ բերում: Այդ ժամանակ կհասկանան համալսարանների տարբերությունը»,- ընդգծում է գրականագետը:
Սրապիոնյանին վրդովմունք է պատճառում նաև ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի դրսևորած վարքագիծը. «ԵՊՀ ռեկտորի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնող և ակադեմիկոսի կոչում ունեցող անձը նենգափոխում է իմ խոսքերը, թե ես ասել եմ՝ թող ֆիզիկայի ֆակուլտետում ֆիզիկան լինի կամընտրական, որը աբսուրդի է հասնում, ես այդպիսի բան չեմ ասել: Ես համալսարանում անցկացրել եմ իմ կյանքի բոլոր գիտակից տարիները և ասում եմ՝ եթե դուք գտնում եք, որ այսօրվա մարդը իր հոգեբանությամբ կամընտրականի կարևորությունը կարող է հասկանալ, պայմանականորեն բոլոր առարկաները դարձրեք կամընտրական, որպես ինքնավարության դրսևորում, ֆիզիկայի ֆակուլտետում, մաթեմատիկայի ֆակուլտետում, հենց հայոց լեզվի ֆակուլտետում բուն մասնագիտական առարկաների դասընթացների քանի՞սը կմասնակցեն: Հայտարարեք կամընտրական և տեսեք, թե ֆիզիկոսը կգնա՞ ֆիզիկայի դասընթացին, կգնա՝ երբ պարապ լինի, ո՛չ թե՝ երբ անհրաժեշտ լինի, պարապ լինելու դեպքում կգնա, անհրաժեշտ է, թե անհրաժեշտ չէ, նրա համար մեկ է, նրա ձգտումն ավելի շատ ազատությունն է, քան նստել ինչ-որ առարկա սերտել կամ սովորել: Թող փորձեն ու տեսնեն, թե ես ինչքան եմ իրավացի, եթե ես իրավացի չլինեմ՝ հրապարակավ ներողություն կխնդրեմ իմ ամեն բառի համար»,- եզրափակեց Սրապիոնյանը:
Իշխան Թովմասյան