Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ավելի քան երբևէ անհրաժեշտ է Հայաստանում ունենալ իր ազգային ինքնության և մշակույթի կարևորությունը խորապես գիտակցող երիտասարդություն. ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության 7-րդ պատգամավորական ժողովի մեկնարկին այս մասին հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, տեղեկացնում է Yerkir.am-ը:
«Ամենևին պայման չէ կուսակցական պատկանելությունը, կարևորը՝ տեսակետ, գաղափար, դիրքորոշում ունեցող երիտասարդություն ունենալն է։ Մենք կարող ենք մեր գաղափարները չընդունողների հետ խոսել, գործակցել, բայց ամենավատը անտարբեր երիտասարդությունն է, որը չունի դիրքորոշում»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Գաղափարական և քաղաքականացված երիտասարդությունը փոքրաթիվ է մեր շրջապատի՝ ամբոխային տրամաբանությամբ առաջնորդվող և ապաքաղաքականացված երիտասարդության համեմատ՝ ցավով արձանագրեց ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական հարցերի պատասխանատու Հովսեփ Տեր-Գևորգյանը։
«Հավատում ենք, որ երիտասարդությունն է, որ մնում է ազգային գործի շարունակականության ու Դաշնակցության մնայուն երիտասարդացման գործընթացի ամենակարևոր ուժը»,-ասաց նա։
ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության նախագահ Արգիշտի Գևորգյանը ուղենշեց համատեղ աշխատանքի վեկտորը․ «Մենք՝ ներկա և ապագա քաղաքական գործիչներս ենք, որ պարտավոր ենք ՀՀ-ում կերտել իրական, առողջ քաղաքական դաշտ, որտեղ չպետք է լինեն սևեր և սպիտակներ, չպետք է հնչի ատելության խոսք»։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչը սեղմ նշեց Դաշնակցության ուսանողական - երիտասարդական կազմակերպությունների անցած ուղին. ուսանողական առաջին միությունը ՀՅԴ-ում 126 տարի առաջ է ստեղծվել՝ «Զավարյան» Ուսանողական միությունը։ Արդեն դարասկզբին Վանում գործում էր ՀՅԴ Երիտասարդական միությունը, որն իր միավորներով գործուն մասնակցություն է բերել թուրք և քուրդ կեղեքիչների դեմ հայ ժողովրդի մղած պայքարը կազմակերպելու և առաջնորդելու գործում։
«Դաշնակցության հարատևության գաղտնիքը նաև դրանով է պայմանվորված, որ իր մեջ ունեցել է հայրենասեր, կազմակերպված, գաղափարական երիտասարդություն, որի յուրաքնաչյուր սերունդ նոր շունչ է տվել Դաշնակցությանը»,-ընդգծեց Իշխան Սաղաթելյանը։
ՀՅԴ երիտասարդական և ուսանողական աշխարհասփյուռ միությունները հանձնառու են հզոր, ժողովրդավարական, ընկերվարական և ազգային արժեքներ կրող հայրենի պետականության համակարգային փոփոխություններ կերտելուն՝ նշեց Հովսեփ Տեր-Գևորգյանը։
«Այս տեսանկյունից, ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունները և հատկապես ՀԵՄ-ը՝ մերժելով և պայքարելով հանդերձ այսօրվա ներքաղաքական իրավիճակը հատկանշող անընդունելի երևույթների դեմ, ազգային գործունեության հետ մեկտեղ շեշտադրում են և պիտի շարունակեն առավել թափով իրականացնել ընկերվարական բնույթի ծրագրերը, սոցիալական արդարության, բնապահպանության և այլ սոցիալ-տնտեսական բնույթի կառուցողական նախաձեռնությունները»,-ասաց նա։
Իշխան Սաղաթելյանը հիշեցրեց, որ Դաշնակցության՝ Հայաստանում վերահաստատվելուն զուգահեռ ստեղծվեց Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը, 3 տարի անց` Հայաստանի երիտասարդական միությունը։
Դաշնակցության երիտասարդությունը կազմակերպված մասնակցություն ունեցավ Արցախյան ազատագրական պայքարին։ Իշխան Սաղաթելյանը նշեց դաշնակցական հերոս մարտիկներից մի քանիսի անունը՝ Թաթուլ Կրպեյան, Վարդան Բախշյան, Գագիկ Գրիգորյան, Գրիգոր Գրիգորյան․ «Սա է դաշնակցական երիտասարդի տեսակը»։
2016 թ-ի ապրիլին ևս դաշնակցական երիտասարդները Արցախում էին։
«Երբ շատերը Ստեփանակերտի մերձակայքում սելֆի էին անում իրենց կենսագրության համար, Դաշնակցության երիտասարդները Թալիշում և Եղնիկներում պաշտպանում էին սահմանը»,-ասաց նա։
Հովսեփ Տեր-Գևորգյանը ընդգծեց․ «ՀՅԴ երիտասարդությունը հավատում է Արցախյան ազատագրական պայքարի հաղթական ավարտին՝ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքով, որը Հայաստանի և հայության իդեալների իրականացման նախապայման է։ Այժմ մտահոգություններ կան Արցախյան հիմնահարցի շուրջ զարգացումների հետ կապված։ ՀՅԴ երիտասարդությունը մերժում է տարածքային որևէ զիջում՝ ենթադրյալ անվտանգության դիմաց և իր անվերապահ մասնակցությունն է բերում Արցախյան պայքարին բոլոր ոլորտներում»։
ՀՅԴ ՀԵՄ պատգամավորական ժողովին ներկա էին նաև այլ կուսակցությունների երիտթևերի ներկայացուցիչներ՝ բացառությամբ իշխող քաղաքական ուժի․ այն ՀՅԴ ԴԵՄ հրավերը թողել էր անպատասխան։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ողջունեց երիտասարդ հյուրերին․ «Չնայած կուսակցությունները իրենց մեջ հակադրություններ ունեն, բայց ուսանողական թևերը տարբեր ֆորմատներով պետք է տարբեր օրակարգերի շուրջ քննարկումներ ունենան»։
Արգիշտի Գևորգյանը հավելեց՝ թեև կուսակցություններն ու գաղափարախոսությունները տարբեր են, բայց բոլորի նպատակն է տեսնել ազատ, անկախ, առաջադեմ, հզոր, նաև միացյալ Հայաստան։
«Մենք բոլորս երիտասարդներ ենք՝ լցված մեծ նպատակներով և դրանք իրագործելու վճռականությամբ։ Նշանակում է՝ ինչ-որ տեղ մեր բոլորի շահերը համընկնում են, ունենք գործելու ընդհանուր դաշտ, որից չօգտվելը ավելորդ շռայլություն կլինի»,-ասաց Արգիշտի Գևորգյանը։
ՀՅԴ ՀԵՄ 7-րդ պատգամավորական ժողովը անցկացվում է փետրվարի 22-23-ը՝ Երևանում։
Աննա Բալյան