կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-11 18:09
Տարածաշրջան

Օսմաներենի և թուրքերենի հայ լեզվաբանները

Օսմաներենի և թուրքերենի հայ լեզվաբանները

«Ակօս» թերթի լրագրող Վահան Էսթուքյանը հոդված է հրապարակել, որում թվել է օսմաներենի և թուրքերենի ուսումնասիրության բնագավառում նշանակալի ներդրում ունեցած հայ լեզվաբանների անուններն ու ներկայացրել նրանց գործունեությունը:

 

Հոդվածը` ստորեւ:

 

«Այժմ Թուրքիայում օրակարգային ամենակարևոր թեման օսմաներենը, որպես պարտադիր առարկա, դասավանդելու մասին քննարկումներն են: Ոմանք մտածում են, որ հին թուրքերենը պետք է ուսուցանվի, ոմանք էլ մտահոգություն են հայտնում, որ դրան զուգահեռ զգալիորեն կավելանա իսլամական հատվածի ազդեցությունը երկրում:

 

Առօրյա կյանքում հաճախ է ի ցույց դրվում այն փաստը, թե ոչ մահմեդականներն ավելի ճիշտ են կիրառում թուրքերենը: Անձամբ ինձ շատ են ասել` «ինչ սահուն թուրքերեն ես խոսում» կամ՝ «շատ լավ առոգանություն ունես»: Ինձ այս խոսքերն ասողները թող կարծեն, թե հաճոյախոսություն են արել, սակայն դա ոչ այլ ինչ է, եթե ոչ հաջողված ձուլման արդյունք: Սակայն մեկ այլ ճշմարտություն էլ կա՝ ոչ մահմեդականների ներդրումն օսմաներենի և թուրքերենի մեջ: Ներկայումս բանտում գտնվող լեզվաբան Սևան Նիշանյանն իր ժամանակը վատնելու փոխարեն օսմաներեն բառարանի կազմման աշխատանքներ է իրականացնում: Նիշանյանը իր անձնական բլոգում ասում է. «Օրական 6-7 ժամ տրամադրում եմ բառարանին: Թուրքերեն տեքստերում բացահայտած յուրաքանչյուր բառի ամենահին տարբերակն ավելացնում եմ բառարանում»:

 

Օսմանական կայսրության ժամանակաշրջանում ևս եղել են հայ լեզվաբաններ, ովքեր ներդրում են ունեցել օսմաներենի և թուրքերենի ուսումնասիրություններում: Նրանցից ամենաառաջինը Հակոբ Մարթայանն էր, ով մեծ դեր է ունեցել օսմաներենի փոխարեն թուրքերենը պաշտոնական լեզու դարձնելու գործում, ինչի համար Աթաթուրքը նրան «Դիլաչար» (լեզու բացող, լեզվաբան) էր անվանել: Դիլաչարից առաջ օսմաներենում լուրջ աշխատանքներ են կատարել նաև Պետրոս Զեքի Կարապետյանը, Ռեթիոս Գրիգորյանն ու Պետրոս Քերեսթեջյանը: Եկեք` նրանց մասին մանրամասն տեղեկանանք:

 

Պետրոս Զեքի Կարապետյանի 50.000 բառանոց` օսմաներենի բառարան

 

Մանկավարժ, լեզվաբան: Ծնվել է 1873 թվականին Պոլսում: Կրթությունը ստացել է Բերբերյանի դպրոցում: Ուսումն ավարտելուց հետո աշխատանքի է անցել կրթության որորտում: Երկար տարիներ Պոլսի դպրոցներում թուրքերեն է դասավանդել: Սկյութարում իր անվան դպրոց է հիմնել, որտեղ շատերն են ուսում ստացել: Պոլսի հայկական թերթերում հոդվածներ է հրապարակել: 1912 թվականին հրապարակված` օսմաներեն-հայերեն և հայերեն-օսմաներեն` 50.000 բառից բաղկացած բառարանները Կարապետյանի ամենակարևոր աշխատություններից են: 1935 թվականին «Սամաթիայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու 500-ամյակին նվիրված ալբոմ» վերնագրով աշխատությունով Պոլսի հայ համայնքի առաջին ժամանակաշրջանի մասին վավերագրական ուսումնասիրություն է պատրաստել: Մահացել է 1937 թվականին:

 

«Tercüman-i Ahval» թերթի գլխավոր խմբագիր Պետրոս Քերեսթեջյան

 

Լեզվաբան, թարգմանիչ: Ծնվել է 1840 թվականին Պոլսում: Պետրոս Քերեսթեջյանի (ատաղձագործ) հայրը ատաղձագործ է եղել: Կրթական կյանքն սկսել է Բեշիքթաշի հայկական, հետո՝ Իզմիրի Մեսրոպյան դպրոցում, ապա՝ շարունակել Փարիզում: Փարիզից հետո նա մեկնել է Անգլիա, որտեղ և սովորել է իտալերեն: Թուրքիա վերադառնալուց հետո` մինչ 1880 թվականը, ստանձնել է արտաքին գործերի գրասենյակի տնօրենի պաշտոնը, այնուհետև դարձել «Tercüman-i Ahval» թերթի գլխավոր խմբագիրը: 10 լեզուներում մասնագիտացած Քերեսթեջյանը մինչ մահը թարգմանչական գրասենյակի և էկոնոմիկայի նախարարության տնօրենի պաշտոններն է զբաղեցրել:

 

1891 թվականին Լոնդոնում հրատարակվում է «Glanures étymologiques des mots francais: d’origine inconnue ou douteuse» գիրքը, իսկ 1990-ին թուրքերեն-ֆրանսերեն բառարանը: Մահացել է 1907 թվականին:

 

Ռեթեոս Գրիգորյան, հայտնի է որպես «պարոն հերետիկոս»

 

Լեզվաբան: Ծնվել է 1819 թվականին Պոլսում: 1868 թվականին հրապարակել է «Թուրքերենի քերականությունը» աշխատությունը, 1892-ին՝ «Արաբերենի քերականությունը»: Մինչ մահը Գրիգորյանն զբաղվել է մանկավարժությամբ: Նա օսմանական կրթության աշխարհում հայտնի է «պարոն հերետիկոս» անունով: Մահացել է 1904 թվականին:

 

Հակոբ Մարթայան-Դիլաչար Մանկավարժ, լեզվաբան

 

Ծնվել է 1892 թվականին Պոլսում: Եղել է Թուրքիայի Լեզվի միության առաջին քարտուղարը: Թուրքերենում ունեցած ներդրումների համար Աթաթուրքի կողմից արժանացել է Դիլաչար անվանը: Նա տիրապետել է թուրքերենին, օսմաներենին, անգլերենին, հունարենին, իսպաներենին, լատիներենին, գերմաներենին, ռուսերենին և բուլղարերենին: 1915 թվականին ավարտել է Ռոբերտ քոլեջը: 1919-ին սկսել է դասավանդել նույն քոլեջում: Առաջին աշխարհամարտի ժամանակ Բեյրութի հայկական դպրոցի տնօրինությունն է ստանձնել, այնուհետև` Բեյրութում հրատարակվող «Լույս» թերթի հրատարակության աշխատանքները: Կնոջ հետ դասավանդել է թուրքերեն և 1936-51 թթ. Անկարայի համալսարանում լեզվի, պատմության և թուրքաբանության դասեր է տվել՝ լուրջ աշխատանքներ կատարելով այդ բնագավառում: Մահացել է 1979 թվականին:

 

Սևան Նիշանյան

 

Գրող, լեզվաբան: Ծնվել է Պոլսում: Նախանական ուսումն ստացել է Մխիթարյան դպրոցում, այնուհետև ավարտել Ռոբերտ քոլեջը: 1974-ին մեկնել է ԱՄՆ և Իելի ու Կոլումբիա համալսարաններում պատմություն, փիլիսոփայություն և Հարավային Ամերիկայի քաղաքական համակարգերի մասին ուսանել: 1998 թվականին լույս է տեսել նրա «Փոքրիկ հյուրանոցների գիրքը» աշխատությունը: 1995 թվականին կնոջ` Մուժդե Նիշանյանի հետ հաստատվել է Իզմիրի Սելչուք շրջանի Շիրինջե գյուղում, որտեղ 1999 թվականից սկսել է ղեկավարել Նիշանյան հյուրանոցը: Առանց թույլտվության Շիրինջե գյուղը բարեկարգում իրականացնելու մեղադրանքով 10 տարվա ազատազրկման է ենթարկվել: Բանտում եղած ժամանակ հրատարակել է «Էլիֆի ցուլն ու անակնկալների գիրքը» աշխատությունը: 2008-2009 թվականներին թուրքական «Taraf» պարբերականում նա հրապարակել է հոդվածներ, որոնք հետագայում տպագրվել են գրքի տեսքով:

 

Նշենք, որ Սևան Նիշանյանը, ով խիստ քննադատել է թուրքական իշխանություններին, «կնիք կեղծելու» և «անօրեն շինություններ կառուցելու» մեղադրանքով ամիսներ առաջ ենթարկվեց ազատազրկման և մինչ օրս գտնվում է բանտում:

 

Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի