կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-17 17:25
Արցախ

«Պարո՛ն» Իլհամ, մենք վերադարձնում ենք հայոց բնակավայրերի իրական անունները. Ա. Եղիազարյան

«Պարո՛ն» Իլհամ, մենք վերադարձնում ենք հայոց բնակավայրերի իրական անունները. Ա. Եղիազարյան

Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն բնորոշմանը, թե «հայերը փոխում են իրենց բնակավայրերի անունները»:

Yerkir.am-ը ներկայացնում է գրառումն ամբողջությամբ.

«Իլհամ Ալիևն ասում է հայերդ փոխում եք «մեր» բնակավայրերի անունները։ Կարծես մենք էինք Խաղխաղը Ղազախ անվանափոխել, Քարհատը՝ Դաշքեսան, Քարվաճառը՝ Քելբաջար, Կովսականը՝ Զանգելան, Գանձակը՝ Գյանջա, Տավուշ գավառի՝ Ադրբեջանին մնացած մասը՝ Թովուզ, Պարտավը՝ Բարդա, Ոսկանապատը՝ Զուռնաբադ, Գետաշենը՝ Չայքենդ, Վարարակնը՝ Խանքենդի, Շուշին՝ Շուշա, Մարտակերտը՝ Աղդարա, Մարտունին՝ Խոջավենդ և այլն և այլն ...

Ո՛չ, «պարոն» Իլհամ, մենք վերադարձնում ենք ձեր՝ մակաբույծներիդ կողմից աղավաղված կամ փոխված հայոց բնակավայրերի ու տեղանքների իրական անունները։ Անգամ դարերով հողով ծածկված շերտի տակից ենք հանում, ինչպես հնագետ - մշակութաբան Համլետ Պետրոսյանն է իր գործընկերների հետ տքնաջան աշխատանքով դա անում Արցախի Տիգրանակերտում։ Մի տեղանքում, որը ձեր թյուրքական ցեղերից սարաջալլու քոչվոր նախնիները 18-րդ դարում կոչել էին Շահբուլախ, իսկ բնիկները՝ հայերը պահելով պատմական հիշողությունը՝ այդ տեղանքը անվանում էին Տկռակերտ։

Լավ է, որ ձեր եկվոր նախնիները Շահբուլախ՝ Թագավորի Աղբյուր էին վերանվանել։ Երևի հայերից լսել էին, որ այդտեղ Տիգրան Մեծն է եղել, մոտակա աղբյուրից ջուր խմել ու հիմնել արևելյան Տիգրանակերտը։ Բնակավայր, որն իր ենթակառուցվածքով հոգևոր, արհեստագործական և առևտրային մեծ ճանապարհներն իրար կապող ապահով ու հյուրընկալ քաղաք էր, ինչպես պեղումներն են ցույց տալիս, այլ ոչ թե պարզ սահմանային հենակետ - բերդ։ Որովհետև սահմանը հեռու էր, անցնում էր Կուր գետով։ Բայց, հաշվի առնելով, որ Տիգրանակերտի դիմաց դաշտ է, ու եթե հնարավոր թշնամին ներխուժի՝ քաղաքն ամրացված էր լուրջ պարիսպներով՝ պաշտպանելով մշակութաստեղծ ժողովրդին, կանխելով ձեր մակաբույծ նախնիների նման տարաբնույթ ասպատակիչներից։ Լուրջ քաղաք, որն անգամ անկում ապրելով ու հողի տակն անցնելով, մինչև պեղումները՝ տեղանքը ընդհանրապես քաղաք չհիշեցնելով, մեկ է, իր դրոշմն էր թողել արցախաբնակ հայության հիշողության մեջ ու երբեմնի ամայի այդ նախալեռնային տարածքը շարունակում էին անվանել Տկռակերտ։

Լուրջ գիտնականներ Համլետ Պետրոսյանի և երջանկահիշատակ Հայկ Հակոբյանի մասնագիտական տաղանդի ու նվիրման արդյունքում թիրախային ու դիպուկ բացահայտվեց Տիգրանակերտի ճշգրիտ դիրքը և թեև չէինք կասկածում, որ այդ տեղանքի բնիկները հայերն են հազարամյակներով եղել, բայց արդեն ԻՐԵՂԵՆ ՓԱՍՏԵՐՈՎ, ի լուր և ի տես աշխարհի, ապացուցվեց, որ ԱՂԴԱՄԸ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՆԲԱԺԱՆ ՈՒ ԱՆՕՏԱՐԵԼԻ ՄԱՍՆ Է»: