Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայաստանում յուրաքանչյուր ոք գիտի, թե որն է տարածաշրջանում Ռուսաստանի շահը, ինչ են ուզում Թուրքիան ու Իրանը, ինչ է անում Ադրբեջանը և ում հետ է համագործակցում Արևմուտքը։ Բոլոր այս հարցերում ոչ մի գաղտնիք մարդկանց համար վաղուց արդեն չկա։ Չբացահայտված ու չգիտակցված է միայն մեկ բան՝ Հայաստանի շահը։ Մենք ամեն ինչ գիտենք, բացի նրանից, թե ինքներս ինչ ենք ուզում։ Ու սա մեծ խնդիր է։
Ո՞րն է հայ հանրության պահանջը էլիտաներից։ Ժողովրդի մի մասը պահանջում է, որ Նիկոլը դատի ու նստացնի այսպես կոչված նախկիններին, իսկ մյուս մասը՝ ցանկանում է հրապարակում կախված տեսնել հենց Նիկոլին։ Սա է մեր օրակարգը։ Իսկ Սյունիքն ամեն գնով պաշտպանելու հանրային պահանջ չկա։ Պարզապես չկա։
Դրա համար էլ էլիտաները, որ առաջնորդվում են ոչ թե ազգային կամ պետական, այլ բացառապես սեփական շահով ամբոխների օրակարգն են սպասարկում։ Իրենցից պահանջում է հայհոյել ընդդիմախոսին՝ հայհոյում են։ Դեպի Սյունիք, առավել ևս Արցախ, չեն էլ նայում։ Այնտեղ վտանգավոր է, կրակում են…
Ես արդեն շատ եմ խոսել այն մասին, որ սա կործանարար ընթացք է։ Լուծումների մասին էլ եմ խոսել՝ հանրության համար պետք է ճշմարտությունն ամբողջությամբ բացահայտել, որ մարդիկ հասկանան, թե ինչ վտանգների առջև ենք կանգնած ու՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի և այլոց աշխարհաքաղաքական շահը քննարկելու փոխարեն վերջապես սկսենք տարածաշրջանի հայկական նախագիծը մշակել։
Այլ լուծում չկա ստեղծված իրավիճակի համար, հավատացեք։ Որպես ժողովուրդ մենք ինքներս պետք է որոշենք ինչ ենք ուզում և ինչպես ենք հասնում մեր նպատակին։
Այո, ես հասկանում եմ, որ դժվար խնդիր եմ դնում։ Ցավոք, մեր հանրության ճնշող մեծամասնությունը ունակ չէ հասկանալ և վերլուծել նույնիսկ ամենապարզ իրողությունները։ Բայց, ինչպես բազմիցս ասել եմ, ցանկացած ժողովուրդ նմանվում է իր իսկ ակտիվ փոքրամասնությանը։ Եթե այդ փոքրամասնությունը նիկոլատիպ երևույթներն են առաջնորդում, ժողովուրդը դառնում է նիկոլական։
Եթե իմաստուն որև մեկը՝ իմաստուն… Հետևաբար մենք ունենք իրավիճակ փոխելու իրական հնարավորություն։ Պարզապես պետք է ստիպել իրական հայ մտավորականությանը վերջապես դուրս գալ քարանձավից և առաջնորդել ժողովրդին։
Այս գործում ամեն մեկս կարևոր անելիք ունենք։ Յուրաքանչյուրն իր ոլորտում։ Ես, որպես քաղաքագետ, պարտավոր եմ օբյեկտիվ վերլուծություններ անել՝ փորձելով օգնել հանրությանը հասկանալ քաղաքական գործընթացների էությունը։ Մյուսը, որպես լրագրող, պարտավոր է տեղեկատվական կեղտոտ հոսքերից ֆիլտրել և հանրությանը մատակարարել բացառապես ճշտված ու մեր խնդիրները չկոծկող, դրանցից ուշադրություն չշեղող լուրեր։
Երրորդը, որպես պատմաբան, պարտավոր է կրթել ժողովրդին, բացատրել այս անցքերի կարևորությունն ու տրամաբանությունը։ Չորրորդը, որպես հոգևորական, աշխատել ժողովրդի հետ, քարոզել նրան Տիրոջ խոսքը, դարձի բերել ու փրկել անհավատ կեցությունից։ Եվ այսպես շարունակ, ամեն մեկն իր տեղում։
Այդժամ կլինի մեր հանրության այն հատվածի միավորում, որը կարող է առաջնորդել ժողովրդին դեպի հաղթանակներ ու ձեռքբերումներ։ Մնացյալը, վստահ եղեք, կործանման օրակարգի բաղադրիչներ են»։