կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-16 13:05
Առանց Կատեգորիա

Ժպտում ենք, պարո՛ն վարչապետ, բոլորս անխնա ժպտում ենք

Ժպտում ենք, պարո՛ն վարչապետ, բոլորս անխնա ժպտում ենք

ՀՀԿ-ի քարոզարշավի տեսահոլովակն եմ նայում` «Ռեինկարնացիան» երգում է, վարչապետ Կարեն Կարապետյանը` ժպտում, ժպտալով սելֆի անում, ժպտալով նվագում: Տեսնես` նայելիս ես ժպտո՞ւմ էի, կարևոր չէ, բայց Կարեն Կարապետյանը վերջերս ժպտալու մասին հաճախ է խոսում` բոլորին խորհուրդ է տալիս, հորդորում, թե` ժպտացեք: Իսկապես, ժպտալը լավ բան է, որի համար ընդամենը երկու բան է պետք` պատճառ/առիթ կամ էլ պատճառ/առիթի բացակայություն:

***

Առավոտյան արթնանում եմ, սուրճ խմում ու տնից դուրս գալիս: Առանց շոկոլադի եմ սուրճը խմում. իմ սիրած շոկոլադները շատ թանկ են, աշխատավարձ ստանալիս գնում եմ դրանցից ու մի երկու շաբաթ վայելում սուրճի հետ, իսկ հետո` ուղղակի սուրճ խմում` սովորության համաձայն: Շոկոլադը` հեչ, ժպիտով տնից դուրս եմ գալիս: Փողոցում երկու երեխա` քույր ու եղբայր, ժպտալով բարևում են: Արմենն առաջին դասարանում է սովորում, Լիլին դեռ դպրոց չի գնում: Երեխաներին չեմ ճանաչում, դրա համար էլ սկսում եմ հարցուփորձ անել, թե ովքեր են: Նոր են տեղափոխվել մեզ մոտ, մի քանի տուն այն կողմ են ապրում` վարձով: Ի դեպ, տունը, որտեղ վարձով են ապրում, հետաքրքիր կառուցվածք ունի` մեկ սենյակ է, իսկ կոմունալ հարմարությունները դրսում են. կոմունալ հարմարություններ ասելով` նկատի ունեմ ծորակը` լվացվելու համար, իսկ լողանալու համար տաշտ է հարկավոր. ցնցուղ կամ տաք ջուր չկա: Կներեք մանրամասնելու համար, բայց զուգարանակոնք էլ չկա տեղադրված, իսկ դետալները ներկայացնում եմ, որ վարձով տան մասին պատկերացումները հանկարծ չխառնվեն պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի` վարձով բնակարանի պատկերի հետ:

Հարցիս, թե ո՞ւր են գնում առավոտ շուտ, և ինչո՞ւ տղան դասի չէ, պատասխանում են, թե` խանութ: Տարածքում ամենամոտ խանութի մոտով անցնում ենք, բայց երեխաները շարունակում են հետս քայլել` շրջանցելով դպրոցի հարցը: Երեխաներին հիշեցնում եմ` խանութն անցանք, աղջիկը ժպտալով պատասխանում է. «Չէ, այդտեղից այլևս պարտքով չեն տալիս, ուրիշ խանութ ենք գտել»: «Իսկ դպրոց, Արմե'ն, դպրոց չե՞ս սիրում գնալ»,- հարցնում եմ: Արմենը գլուխը կախում է, բայց վայրկյաններ հետո պայծառացած ժպիտով պատասխանում, թե սիրում է, ուղղակի երկրորդ հերթ է: Քույրն արմունկով հրմշտում է եղբորը, թե` սուտ ասել չի կարելի, ու, տեսնելով եղբոր տարակուսանքը, արագ-արագ խոսում. «Կոշիկ չունի, մաման ասել է` պապան փող կուղարկի, կառնենք կամ կսպասենք` անձրևները կվերջանան, ու նոր կգնա դպրոց. էդ սեզոնի կոշիկ ունի»: Լիլին ժպտում է, աչքերում փայլ կա, ուզում է ասել` տեսա՞ք, եղբայրս սուտ խոսեց, բայց ես ուղղեցի նրան:

Արմենը մեղավոր ժպիտով կողքիցս արագ գնում է` քրոջ հարևանությամբ քայլելու, բայց հասցնում եմ նայել տղայի ոտքերին` ամառային հողաթափեր է հագել` կեղտոտ ու կարկատած գուլպաներով: Երեխաների հետ մտնում եմ «ուրիշ» խանութ, որտեղ նրանց պարտքով ապրանք են տալիս` 100 դրամի շաքարավազ, 1 հատ թեյի գույն /իսկ գիտեի՞ք, որ թեյի գույնը վաճառվում է նաև հատով/, 2 հաց ու 200 դրամի բրինձ: Խանութի աշխատակցին հարցնում եմ, թե ովքեր են երեխայի ծնողները /խանութի աշխատողները, բնականաբար, փողոցում բոլորին են ճանաչում` 7 պորտով/: Ընտանիքի հայրը Ռուսաստան է գնում-գալիս, Ամանորից առաջ գնացել ու «կորել» է` նոր ընտանիք է «գտել»: Բացի երկու երեխաներից, մի քանի ամիս առաջ կինն աղջիկ է ունեցել, ով ամբողջ օրը լացում է ու, խանութի աշխատակցի խորին համոզմամբ, սոված է մնում, դրանից է: Կինը չի աշխատում, փոքրը դեռ մի քանի ամսական է, խնամել է պետք: Բացի դրանից, կրկին աշխատակցուհու խոսքով, վրան հալ չկա, նիհարությունից տգեղացել է, ո՞վ կընդունի աշխատանքի: «Մի խոսքով` սովորական պատմություն, արտառոց ոչ մի բան»,- ձեռքը թափ տալով` ասում է ցրտից  կարմրած ու թարախի պալարներով պատված դեմքով` խանութի աշխատակիցը. դա էլ սովորական դեպք է, խանութն ուղղակի չի ջեռուցվում, թաղային խանութ է, հո սուպերմարկետ չէ՞:  

Երեխեքին ուզում եմ կոնֆետ գնել, բայց տղան վազելով դուրս է գալիս խանութից, իսկ աղջիկն ամաչելով վերցնում է` ասելով, որ եղբայրն ամաչկոտ է, ոչինչ, ինքը կտա նրա բաժինը: Խանութից դուրս ենք գալիս:

-Դե, երեխե'ք, ես գնացի: Ձեզ համբուրել կարելի՞ է, քանի որ արդեն ընկերացանք:

Ուրախ-ուրախ երկուսն էլ առաջ են գալիս, համբուրում եմ երկուսին ու գնում: Մի քանի քայլ անելուց հետո շրջվում եմ, երեխաներն էլ են շրջվում, ինձ նայում, ժպտում ու ձեռքերը, ի նշան ցտեսության, թափահարում:

Մտածում եմ` վաղը, հաջորդ օրն ու, առհասարակ, տասը-քսան րոպե ուշ կամ շուտ եմ տնից դուրս գալու` ժպտացող երեխաներին չտեսնելու համար, որ կարողանամ ինքս էլ ժպտալ` հետևելով վարչապետի խորհրդին:

 

Կարինե Հարությունյան