Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե այսօր ՀՀ նախագահի սեղանին հայտնվում է մի փաթեթ և նախագահը տեսնում է, որ մի կարևոր փաստաթուղթ բացակայում է, իսկ դա Սահմանադրական դատարանի որոշումն է այդ փոփոխության սահմանադրականության մասին, ապա նախագահը չի կարող համարել, որ փաթեթը ներկայացված է ամբողջական: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասել է փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը` անդրադառնալով փաստին, որ նախագահը ստորագրել է Սահմանադրությունը փոխելու նպատակով հանրաքվե անցկացնելու որոշումը։
«Ես վստահ եմ, որ իշխանությունը կասեր, որ եթե նախագահը չի ստորագրում, ապա իրավունքի ուժով է դրվում հանրաքվեի, սակայն այստեղ ՀՀ նախագահը չէր մասնակցի այդ գործընթացին: Նախագահն առնվազն կարող էր ասել, որ երկու ընթացակարգով չի անցել նախագիծը և չստորագրեր, բայց չեմ ուզում նախագահի գործողությունները, կամ անգործությունը գնահատել, պատմությունը կգնահատի դա»,-ասաց նա:
Արա Զոհրաբյանն ասել է, որ եթե ամբողջովին նոր Սահմանադրություն է ընդունվում, այդ դեպում կարիք չկա Սահմանադրական դատարանի կարծիքն ստանալ: Նա նաև նկատել է, որ հանրաքվե անցկացնելու համար էլ պետությունը լուրջ գումարներ է ծախսում, և արդյունքում մի կետ է փոխելու:
«Հիմա պատկերացրեք հանրաքվեն տեղի ունեցավ և փոփոխվեց այդ կետը, ես որպես իրավաբան, չեմ կարծում, որ այդ կետը փոփոխելով Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների լիազորությունները կարելի է դադարեցնել: Այն նորմը, որը փոփոխության է ենթարկվում, անցումային դրույթների հետ կապված որոշակի կարգավորումներ ունի, այդ նորմն արդեն իր գործը կատարել է և այլևս չի գործում»,-ասել է նա:
Արա Զոհրաբյանը նշել է, որ այս գործընթացի հիմքում խնդիրներ կան և եթե հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճ լինի, այն կրկին լսելու է Սահմանադրական դատարանը: «Դիցուք, հանրաքվեի արդյունքներով ժողովուրդն ասաց` «Այո», ընդ որում ընտրողների մեկ քառորդը պետք է ասի «Այո», և ԿԸՀ-ի հրապարակած արդյունքներից հետո հինգ օրվա մեջ «Ոչ»-ի կողմը կարող է դիմել Սահմանադրական դատարան և մինչև Սահմանադրական դատարանը չլուծի այդ հարցը, այն ուժի մեջ չի մտնում: Այսինքն՝ տեսականորեն այս կազմով Սահմանադրական դատարանն է այդ որոշումը կայացնելու»,-ասաց նա:
Փաստաբանների պալատի նախագահը անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի կարծիքին, ասաց, որ Վենետիկի հանձնաժողովի գնահատականները խորհրդատվական բնույթ են կրելու:
«Ժողովրդին պետք է լուրջ փաստաթուղթ ներկայացնել, լուրջ ծրագիր, հիմա ժողովուրդը այս մեկ կետը փոփոխեց, ես վստահ եմ, որ հաջորդը գալու է Սահմանադրությունը փոփոխություն անելու անհրաժեշտություն, կրկին հանրաքվե՞ ենք անելու: Վերջին հաշվով ընդդիմության համար էլ է լավ, որ իշխանությունը չսխալվի, որովհետև իշխանության սխալի դեպքում բոլորս պատասխան ենք տալու, այդ թվում իրենք, տալու, այդ թվում իրենք, բոլորս տուժելու ենք»,- ասաց նա և նշեց, որ կարծում է, թե հիմնական խնդիրը վարչապետի խորհրդատուների մեջ է:
«Ես կարծում եմ, որ իշխանություն էլ կարող է Փաստաբանների պալատի ակտիվությունից փորձի փաստաբանների պալատի նկատմամբ ինչ-որ քայլեր ձեռնարկել, մենք դրան պատրաստ ենք, գիտենք որ մոտավոր ինչ կարող են անել, քանի որ աշխատել ենք նախորդ իշխանությունների ժամանակ և ասել ենք մեր խոսքը: Նույնիսկ կփորձեն ներքին ինչ-որ խժդժություններ կազմակերպել, իրենց ազդեցության տակ գտնվող որոշ փաստաբանների միջոցով»,- ասաց նա և նշեց, թե ցանկանում են, որ իշխանությունը չսխալվի, արտահայտի ժողովրդի կամքը:
«Մենք ունենք պաշտոնատար անձինք, որոնք շարունակում են աշխատել, հարց է առաջանում՝ ինչո՞ւ է այս պաշտոնատար անձը համարվում անցանկալի, մյուսը՝ ոչ: Եթե խաղի կանոն ենք կիրառում, եթե խոսում ենք հնի և նորի հարաբերակցության մասին, ուրեմն պետք է լինի մեկ սկզբունք»,-ասաց նա: