Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ես արդեն սովորել եմ, երբ վարչապետը կամ քաղաքական իշխանության ներկայացուցիչներն անկեղծորեն ասում են մի բան, բայց իրականում իրենց գործողությունները տրամաբանորեն հակառակն են՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը մամուլի ասուլիսում՝ մեկնաբանելով Տարոն Աճեմօղլուի կոչը ՀՀ իշխանություններին, որ անընդունելի է կոռուպցիայի դեմ պայքարը վերածել ընդդիմադիրներին քաղաքական հետապնդման ենթարկելու քայլի և դրան ի պատասխան վարչապետ Փաշինյանի հայտարարությանը, թե՝ համաձայն է։
«Իհարկե, Տարոն Աճեմօղլուի միտքն ու գնահատականն այնքան պարզ էին, որ դրանից հետո գործադիր իշխանության ղեկավարը պետք է ասեր՝ եկեք քննենք այդ բոլոր դեպքերը և չգնանք այլևս այդ քայլերին, քան ասել՝ համաձայն եմ ու երկրորդ պահին շարունակել հարձակումը դատական իշխանության վրա։ Կամ հպարտորեն ասել, որ պետական բյուջեի կատարման ցուցանիշներն ունենք, երբ պետական ծախսումները իրականացվել են ակնհայտորեն կոռուպցիոն հսկայական ռիսկեր պարունակող մեկ աղբյուրից գնումներով»,-ասաց նա։
Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը միայն հայտարարություններով կամ սեփական քիմքին համապատսխան հակակոռուպցիոն մարմին ձևավորելով չէ, դա պետք է լինի ամենօրյա վարքագիծ․ «Այսինքն, կոռուպցիան միայն ֆինանսական հոսքը չէ, կոռուպցիան ներառում է նաև նույն՝ ԽԾԲ ինստիտուտը, խտրականության հիմքով անձանց պաշտոններից ազատելը․ եթե այլ քաղաքական հայացքների կրող ես, ուրեմն անելիք չունես, եթե ինձ հետ ես քայլել, ուրեմն արի՝ բոլոր այս հնարավորությունները քեզ տամ։ Սրանք բոլորը կոռուպցիայի, նաև հովանավորչության դրսևորման ձևեր են։ Նյութական տեսակետից՝ ժամանակը ցույց կտա, թե որքան են այն կոռուպցիոն դրսևորումները, որոնք ներկա քաղաքական իշխանությունն իրականացնում է և, ցավոք սրտի, դեռևս հրապարակված և բացահայտված չեն։ Եղածները բավարար են, որ պնդենք, որ կոռուպցիան չի վերացել մեր երկրում»։
Նա պարզաբանեց, որ նույնը վերաբերում է նաև Դաշնակցության հասցեին հայտարարություններին․ «Ասում է՝ Դաշնակցությանը ես հարգում եմ, ընդունում եմ, այո՛, համագործակցության հնարավորությունները պետք է լինեն, բայց Հայաստանի կազմակերպությունը լիկվիդացրեք։ Մեծ հաշվով սա էր ասում։ Փոխանակ զսպելու իր կաբինետի անդամի անպատասխանատու հայտարարությունները։ Այդ վարչապետը չէ՞ր, որ ընդամենը մի քանի օր առաջ ասում էր՝ «զրո» քաղաքական ազդեցություն, «չուք-չաք-չարաք-չաք» էր մեջբերումներ անում։ Հիմա որի՞ն հավատանք՝ խոսքի՞ն, թե՞ գործին։ Նույնն էլ վերաբերում է այս դեպքին»։
Հաշվի առնելով քաղաքական մեծամասնության խոսքի և գործի միջև հսկայական տարբերությունը՝ Արծվիկ Մինասյանը խորհուրդ տվեց՝ հասկանալու համար՝ ճի՞շտ են ասում, թե՞ սուտ, տեսնել՝ այդ պահին իրենց քաղաքական շահը ո՞րն է․ «Եթե այդ պահին իր քաղաքական շահը սիրաշահելն է կամ ժամանակակից տերմինաբանությամբ՝ քծնելը, կարվի դա, եթե այդպես չէ, ուրեմն՝ այլ ճանապարհ է որդեգրելու։ Սա անառողջ քաղաքական համակարգի մասին է խոսում։ Սա քաղաքական համակարգը ոչնչացնող՝ քաղաքական մեծամասնության վարքագծի մասին է խոսում։ Եվ եթե մենք ուզում ենք, իսկ մենք ուզում ենք իբրև հասարակություն և պետություն ունենալ զարգացած ժամանակակից մրցունակ կազմակերպված պետություն, այս բոլոր հարցերը քաղաքական մեծամասնությունը իր համար պետք է դարձնի ամենօրյա քննարկման առարկա և վերանայի իր մոտեցումները։ Հակառակ դեպքում, հասարակությանը կտանի կործանման»։
Աննա Բալյան