կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-23 13:06
Իրավական

Հիմա էլ առաջարկում են կոռուպցիայի դեմ պայքարի բյուրո ստեղծել

Հիմա էլ առաջարկում են կոռուպցիայի դեմ պայքարի բյուրո ստեղծել

Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կողմից հավանության արժանանալուց հետո այսօր առաջին անգամ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ներկայացվեցին ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2015-2018 թվականների միջոցառումների հիմնական ուղղությունները:

«Կոռուպցիայի դեմ պայքարը ոչ միայն պետության խնդիրն է, այլև` բիզնեսի, քաղհասարակության, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիների: Եթե մի քաղաքացի հանդուրժողականություն է ցուցաբերում կոռուպցիոն երևույթների նկատմամբ, դա արդեն անընդունելի է»,- ելույթում ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:

Նրա խոսքով՝ այն անձը, ով հայտնում է կոռուպցիոն հանցագործության մասին, պետք է ունենա բոլոր երաշխիքները, որ չվախենա իր գործողությունները կատարել:

Ըստ փոխնախարարի՝ ծրագրով նախատեսվում է հանրային ծառայողների և պաշտոնատար անձանց ակտիվների հայտարարագրում, ինչպես նաև հայտարարագիր տվող անձանց թվի ավելացում, այդ տեղեկատվության հստակեցում: «Այս տարի մենք բավականաչափ աշխատանքներ ենք կատարել, որը հնարավորություն է տվել էթիկայի հանձնաժողովին վերլուծությյուններ կատարել, տեղեկատվություն ստանալ տարբեր աղբյուրներից»,- նշեց նա:

Ծրագրի նպատակներից է արդյունավետ հանրային կառավարման համակարգի ձևավորումը, իշխանության մարմինների և հանրային ինստիտուտների, մասնավորապես` ֆինանսական գործունեության թափանցիակության բարձրացումը: Հայեցակարգում նախանշված են այն ոլորտները, որտեղ կոռուպցիոն ռիսկերն ավելի շատ են: Դրանք են՝ առողջապահությունը, կրթությունը, պետական եկամուտների կոմիտեն, ոստիկանությունը և այլն:

«Սա չի նշանակում, որ այս ոլորտներում ավելի շատ է կոռուպցիան, պարզապես այս ոլորտներում քաղաքացիներին ծառայություն մատուցելու մասով հանրային ծառայող-քաղաքացի շփումն ավելի շատ է, և այդտեղ կոռուպցիոն երևույթները քաղաքացիների համար ավելի տեսանելի են»,- ասաց Քրմոյանը և հավելեց, որ այս ոլորտներում պետք է միջոցառումներ անցկացվեն:

Նշենք, որ հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում առաջարկվում է Հայաստանում ձևավորել կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացած անկախ, ունիվերսալ մարմին՝ Կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի բյուրո՝ համապատասխան օրենքի հիման վրա: