Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում մահացավ «Հայոց արծիվներ.միասնական Հայաստան» կուսակցության նախկին փոխնախագահ, Haynews.am լրատվական կայքի սեփականատեր եւ գլխավոր խմբագիր ՄՀԵՐ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ: Նա 44 օր գտնվում էր հացադուլի մեջ՝ իր հանդեպ հարուցված կաշառքի վերաբերյալ մեղադրանքը համարելով շինծու եւ սարքված: Իսկ հացադուլից շուրջ 10 օր հետո՝ ինքնազգացողությունը կտրուկ վատացավ եւ մահը վրա հասավ սրտամկանի ինֆարկտից: Մեկ տարի լռությունից հետո՝ հոր մահվան, հացադուլի, հարուցված քրեական գործի եւ տեղի ունեցածի իրական մեղավորների մասին, «Իրավունքի» հետ բացառիկ զրույցում մանրամասներ է ներկայացնում Մհեր Եղիազարյանի որդին՝ ՎԱԶԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ:
- Վազգեն, ասել, որ նախորդ տարին ծանր էր Ձեր ընտանիքի համար, ուղղակի շատ մեղմ կլինի: ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում քննություն էր տարվում՝ պարզելու ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքները պարզելու վերաբերյալ: Մեկ տարի անց՝ ի՞նչ նորություն ունեք, կա՞ն համալիր փորձաքննության արդյունքները:
- Նախ շնորհակալություն եմ ուզում հայտնել, որ հնարավորություն եք տալիս Ձեր կայքի միջոցով հայտնել իմ կարծիքը եւ հետաքրքրվում եք գործի վերաբերյալ: Ասեմ, որ Ձեզնից առաջ՝ էլի շատ լրագրողներ էին դիմել հարցազրույցի համար: Այս առումով միանգամից նշեմ, որ ինչ-որ տարբերակված մոտեցում չկա, եթե ինչ-որ մեկը հիմա կմտածի, թե ինչու եմ հարցազրույցն «Իրավունքին» տալիս: Ուղղակի, իմ խոսելու պահը ճիշտ գտա հիմա, եւ այս պահին Դուք էիք դիմել հարցազրույցի համար: Այնպես որ, թող թյուր կարծիքներ չձեւավորվեն մյուս լրագրողների մոտ: Անդրադառնալով Ձեր հարցին՝ ասեմ, որ իսկապես ասել ծանր էր նախորդ տարին մեր ընտանիքի համար, ամենամեղմ գնահատականն է, որովհետեւ հայրս մեր ընտանիքի, հարազատների, բարեկամների մեջքն է եղել: Ինչպե՞ս նկարագրեմ, որ ավելի պարզ լինի. մեր՝ հայերիս, ամենասիրած տեսարանը Մասիս սարն է, որ դուրս ես գալիս փողոց կամ ինչ-որ պատուհանից երեւում է ամբողջ կյանքիդ ընթացքում, պատկերացրեք, որ մի օր հանկարծ արթնանաս, նայես պատուհանից ու չերեւա մեր Արարատը… Այսպիսի համեմատություն եմ անում, որ գոնե մի քիչ հասկանալի լինի, թե մենք ում ենք կորցրել, շատ դժվար տարի էր: 2019 թվականը ոչ մի լավ բան մեր ընտանիքին, չի տվել: Հորս մահից ընդամենը 20 օր հետո՝ վրա հասավ պապիի մահը: Շատ բաների միջով ենք անցել մեկ տարվա ընթացքում: Թվում էր, թե երեկ էր, բայց երբ խորանում ես ու հիշում կոնկրետ օրերով ու դրվագներով, մի ամբողջ կյանք է թվում: Ինչ վերաբերում է մահվան հանգամանքները պարզելու համար հարուցված քրեական գործին՝ ասեմ, որ մեկ տարի անց դեռ չունենք համալիր փորձաքննության պատասխանը: Իսկ գործն այս պահին կասեցման փուլում է: Դատախազությունից ստացել եմ որոշումը, որ գործը կասեցվում է, քանի որ հնարավոր չէ այս պահին պարզել մեղադրյալների շրջանակը:
- Բայց քրեական գործում շատ հստակ նշված էր, որ մեղավորությունը բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն էր, որն անզգուշությամբ առաջացրել է Մհեր Եղիազարյանի մահը: Ավելին՝ ասվում էր, որ Մ. Եղիազարյանի մահվան օրը բժիշկներ եւ բուժակներ չեն եղել քրեակատարողական հիմնարկում:
- Այո, եղավ այդպիսի հայտարարություններ տարբեր դիտորդների կողմից: Եթե չեմ սխալվում, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից էին նաեւ այցելել եւ քննչական գործողությունների արդյունքում պարզվել էր, որ, իրոք, ոչ ոք, ոչ մի բուժակ չի եղել այդ պահին: Եվ հարց է առաջանում՝ եթե այդտեղ բուժակ լիներ կամ ժամանակին շտապօգնությունը հասներ, արդյոք ամեն ինչ այսպես կլիներ, թե՞ մի փոքր հույս կլիներ:
- Հետեւաբար այդ շրջանակը գտնելն այդքան էլ բարդ չէր, թե ո՞վ է մեղավոր…
-Պետք է հիմք լինի մեղադրյալ ներգրավելու համար, ու այն փորձաքննության պատասխանից է կախված, որովհետեւ կոնկրետ հարցեր են այնտեղ առաջադրվել: Չեմ կարող շատ մանրամասներով խոսել, քանի որ նախաքննական գաղտնիքներ կան, ես զգուշացվել եմ ինչ-որ բաներ չներկայացնելու համար: Բայց կոնկրետ հարցեր են ուղղվել փորձագետներին, եւ ես տեղյակ եմ դրանցից: Այդ հարցերի պատասխանից է կախված մեղադրյալների ներգրավելու խնդիրը եւ թե ովքեր են լինելու այդ կարգավիճակում հայտնվող անձինք:
- Իսկ, անկախ քրեական գործից, ըստ Ձեզ, ովքե՞ր են մեղավորներ Ձեր հոր մահվան համար:
- Մինչեւ մեր այս հարցազրույցը Ձեզ ասել եմ, եւ այդ պատասխանը ձեւական չէր: Հիմա էլ կրկնում եմ՝ իրավական հարթությունում ովքեր էլ ճանաչվեն պատասխանատուներ, ես առաջին մեղավորը միշտ ինձ կհամարեմ: Չեմ ասում ինչ-որ մեկին արդարացնելու կամ խղճահարություն առաջացնելու համար: Բայց երբ ինձ հետ եղել է ինչ-որ մի փորձություն կամ խնդիրներ են առաջացել, այն տեւել է այնքան ժամանակ, քանի դեռ հայրս չի իմացել դրա մասին: Իմանալուց հետո՝ իր օգնությամբ եւ միջամտությամբ, արդեն լուծվել է: Իսկ երբ այդ ամենին պատասխանելու ժամանակը եկավ, փաստորեն, ես չկարողացա գոնե իր արածի տասը տոկոսի չափով իրեն օգնել: Այն ժամանակ թվում էր, թե ամեն ինչ անում ենք, ինչ մեզնից կախված է, բայց հիմա, որ հետ եմ նայում, իրավիճակն այլ կերպ եմ պատկերացնում: Սառը դատելով մտածում եմ, որ կարող էինք ուրիշ քայլեր անել՝ ընդհուպ մինչեւ կարելի էր անգամ քրեակատարողական հիմնարկի դիմաց հացադուլ հայտարարել այնքան ժամանակ, մինչեւ ինչ-որ կերպ չազդեինք իր որոշման վրա: Չգիտեմ` սա օգնող միջոց կլիներ, թե` ոչ, համենայնդեպս, քայլեր էին, որոնք պետք է արվեին: Իհարկե, այնպես չէ, որ քայլեր չի արվել: Շատ քայլեր են մեր կողմից արվել: Բայց, բավարար չէին՝ իրեն հացադուլից հետ պահելու համար: Սա ինչ վերաբերում է մարդկային առումով մեղավորությանը: Իսկ իրավական հարթությունում այդ փորձաքննության պատասխանի արդյունքներում պարզ կլինի, սակայն ոչ միայն իմ կարծիքով, այլ շատ մասնագետների, առաջին պատասխանատուն արդարադատության նախարարությունն է։ Չէ որ իրավական հարթությունում առաջին պատասխանատուն իրենք են:
- Այդ ժամանակ արդարադատության նախարարը Արտակ Զեյնալյանն էր, որը բավական ծավալուն պարզաբանումներով հանդես եկավ դեպքի հետ կապված: Դրանք ձեզ համար բավարար չէի՞ն:
- Ինձ համար շատ դժվար էր լսել իր հարցազրույցները: Այն ժամանակ չկարողաղա մինչեւ վերջ լսել, կարծեմ հուղարկավարության կամ դրա հաջորդ օրն էր նրա ասուլիսն ընթանում: Նախ առաջինն ուզում եմ այս հանգամանքի վրա ուշադրություն դարձնել, որ երբ ասում ենք արդարադատության նախարարության աշխատակից, քրեակատարողական հիմնարկ, նկատի չունենք անմիջապես Արտակ Զեյնալյանին: Չենք ասում, որ նա պետք է գնար այնտեղ եւ բժշկի կամ բուժակի դեր, բուժծառայության պետի պարտականություններ կատարեր: Ընդհանրապես` նկատի չունենք, թե Արտակ Զեյնալյանն ամեն օր պետք է այնտեղ լիներ: Բայց երբ որոշ ժամանակ անց լսեցի նրա հարցազրույցները, կարդացի ֆեյսբուքյան գրառումները, հիմա ցավում եմ, որ պետք է կոռեկտության սահմանները չանցնելով արտահայտվեմ, որովհետեւ նրա բոլոր պատճառաբանությունները, մեղմ ասած, ուղղակի զառանցանք է:
- Արտակ Զեյնալյանն, ըստ էության, ասում էր, թե Եղիազարյանների ընտանիքը չի մեղադրում արդարադատության նախարարությանը, ոչ մի բողոք չունի: Ի՞նչ կասեք այս մասին:
- Նա վերցրել էր հորս դեռ հացադուլի նախնական փուլում մեր փաստաբաններից Մարտին Զիլֆուղարյանի մի գրառում, որը տեղադրվել էր մեր կայքի միջոցով, թե ընտանիքը եւ փաստաբանը գոհ է արդարադատության նախարարության աշխատակիցներից: Իրականությունը հետեւյալն էր, որ քրեակատարողական հիմնարկում սնունդի ընդունումը մինչեւ ժամը՝ 17:00-ն էր իրականացվում: Մի օր այնպես ստացվեց, որ փաստանանի հետ հորս խափանման միջոցի հետ կապված փաստաթղթեր հավաքելով էինք զբաղված եւ ժամը՝ 17:00-ից ուշ էինք տարել, իհարկե, ոչ թե հաց, որովհետեւ ընդհանրապես ոչ մի սնունդ չէր ընդունում, այլ ջրեղեն: Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները չնայելով այն հանգամանքին, որ արդեն ուշ է, մտան մեր դրության մեջ, որ գոնե եթե այս մարդը սնունդ չի ընդունում, գոնե ջուր խմբի: Այդ ժամանակ կոնկրետ այդ օրվա համար շատ գոհ էինք եւ շնորհակալ ենք եղել, իրենց էլ ենք ասել: Եվ այդ շնորհակալությունը տեղադրվել է մեր կայքում: Նորից եմ ասում` դա եղել է հացադուլի 10-15-րդ օրը: Արտակ Զեյնալյանը վերցրել է այդ խոսքերը եւ սարքել իր համար որպես պաշտպանիչ հոդված: Դրա համար էլ ասում էր, թե բողոքներ չունեն արդարադատության նախարարությունից, գոհ են աշխատակիցներից: Իհարկե, այդպես չէ: Մենք կարող էինք գոհ լինել կոնկրետ այդ բաժնի աշխատակցից, բայց դա չի նշանակում, որ սա վերաբերում է ե՛ւ բուժանձնակազմին, ե՛ւ քրեակատարողական ծառայության ղեկավար կազմին: Երեւի Արտակ Զեյնալյանը կարդացել էր նաեւ հորս մահից հետո արված իմ այն գրառումը, որտեղ անհատապես իր անունը նշված չի եղել ու մտածում էր, որ միայն շատ բարձր օղակներին ենք մեղադրում եւ այդպես իրեն արդարացնելու ինչ-որ փորձեր էր անում: Գիտեք, եթե կոպիտ էլ է հնչում, ինձ չի հետաքրքրում, թող այդպես հնչի, բայց նա ուղղակի «պլստաց»: «Պլստաց», ոչ թե նրա համար, որ իր եւ իր ղեկավարած կառույցի մեղավորությունը չկար, այլ որովհետեւ մեր հասարակությունում այդ ժամանակ տիրում էր շատ տարբերվող տրամադրություններ: Վստահ եմ եւ համոզված, որեթե ինքը վաղը կանգնի, եւ կոնկրետ այս իշխանությանն ինչ-որ փոքր ինչ կոպիտ արձագանքի, քննադատության ենթարկի, այդ նույն հասարակությունը, որը լռում էր այդ ժամանակ, իրեն անմիջապես կհիշեցնեն, որ իր ղեկավարության ժամանակ Մհեր Եղիազարյանը մահացավ:
- Արտակ Զեյնալյանն ասում էր նաեւ, որ դժվար է գտնել պատճառահետեւանքային կապ՝ Ձեր հոր հացադուլի եւ նրա մահվան միջեւ…
- Ընդհանրապես՝ մասնագետ էլ պետք չէ լինել, որ հասկանանք: Ինչպե՞ս կարող է անմիջական պատճառահետեւանքային կապ չլինի: Երկրորդ կարգի հաշմանդամ հայրս 44 օր հացադուլի մեջ է եղել: Ի դեպ, հորս մասին հոդվածներում շատ եմ հանդիպել, որ գրում են՝ արցախյան ազատամարտի մասնակից, չգիտեմ՝ ինչպես է տարածվել, բայց նա չի մասնակցել արցախյան ազատամարտին: Իհարկե, սա ոչինչ չի փոխում, բայց երեւի հաշվի են առել նրա հաշմանադամության հանգամանքը: Ասեմ, որ նրա հաշմանդամությունը վրա է հասել Կապանի ճանապարհին 2003 թվականին տեղի ունեցած վթարի հետեւանքով: Չեմ ուզում ինչ-որ ավելորդ շահարկումներ լինել այս թեմայով եւ սխալ տեղեկատվություն տարածվի:
- Ամեն դեպքում, օրերով եւ ամսաթվերով ծավալուն ֆեյսբուքյան գրառմամբ էր հանդես եկել Արտակ Զեյնալյանը՝ շեշտելով, թե ամենօրյա աշխատանք են տարել Մհեր Եղիազարյանի հետ՝ հացադուլը դադարեցնելու ուղղությամբ:
- Երբ վերջապես ուժ գտա կարդալու հորս մահվան հանգամանքների վերաբերյալ Զեյնալյանի այդ գրառումը, որը կատարել էր հունվարի 28-ին՝ բանակի կազմավորման օրը, տեսա, որ նրա կինն այդտեղ մեկնաբանություն է թողել՝ շնորհավորելով ամուսնուն բանակի օրվա կապակցությամբ: Սա ուղղակի ցինիզմ էր: Կինը գրել էր, որ Զեյնալյանը մեծ ավանդ ունի բանակում եւ փորձել թեման շեղել: Հաճախ եմ այդ մարդկանց հանդիպում փողոցում ու մի կերպ եմ ինձ զսպում, որ խոսակցության մեջ չմտնեմ իրենց հետ, որովհետեւ հնարավոր է ադեկվատության սահմաններից դուրս գամ, ինչը կարող է օգտագործվել մեր դեմ: Միշտ զսպում եմ ինձ, որպեսզի իրենց ճակատին չասեմ այն ամենն, ինչ մտածում եմ: Բայց, միեւնույն է, պատասխան են տալու: Ինչ պայմաններում կլինի, այսօր կլինի, թե՝ վաղը, բայց իրենց անգործության համար վստահ եմ, որ պատասխան են տալու: Միակ բանը, որ ստիպում է մի փոքր հարգանք ունենալ Զեյնալյանի հանդեպ, նրա մասնակցությունն է արցախյան ազատամարտին եւ նրա հաշմանդամության հանգամանքը, ուրիշ ոչինչ: Չէի պատկերացնում, որ իրեն այդքան ապահովագրելու համար շատ ցածր խոսքերով, արդարացնումներով կփորձի հանդես գալ: Ընդ որում, երբ գրառման մեկնաբանություններում նրա կնոջն ասում են, որ այստեղ նման մեկնաբանությունը տեղին չէր, նորից շահարկում են, թե նախկինում դատապարտված անձի մասին է խոսքը, թող ինքը հասկանար՝ ինչ քայլերի է գնում: Ապշում եմ, տունը շնորհավորեիր, չե՞ք տեսնում իրար տանը, նստեք իրար շնորհավորեք, ոչ ոք կասծածի տակ չի դնում Հայոց բանակին իր մատուցած ծառայությունը, բայց սա ուղղակի ցինիզմ էր: Թե՞ իրենց թվում էր, որ հարազատներից մարդ չի կարդալու այդ գրառումը: Թող Զեյնալյանը վստահ չլինի, որ ապահովագրված է, իրեն մեղադրող չի լինելու: Էլի եմ ասում՝ մի թեթեւ կծու խոսք ներկա իշխանությունների մասին եւ նրա վրա հարձակվումները պատրաստ են՝ նույն այն հասարակության կողմից, որն անտարբեր է եղել եւ լռել է: Միանշանակ Զեյնալյանի համար պատվաբեր կլիներ հրաժարական տալ հենց այդ ժամանակ, մինչդեռ նրա հրաժարականը տեղի ունեցավ շատ ամիսներ անց՝ չճշտված տեղեկություններով՝ պայմանավորված Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման խնդրի հետ: Թե որքանով է սա ճիշտ կամ սխալ, չգիտեմ, բայց նրա հրաժարականն այդպես էլ որեւէ բացատրություն չունեցավ: Ամեն դեպքում, եթե հրաժարական լինելու էր, կարծում եմ՝ այդ ժամանակվա արդարացումների փոխարեն՝ նա արդեն պետք է հրաժարական ներկայացներ: Այդ դեպքում կհասկանայինք, որ գոնե ինչ-որ մեղավորություն է զգում է, ըմբռնում է իրավիճակը: Երբ Զեյնալյանը հայտարարում է, որ ամեն ինչ արվել է ու օրերով, ամսաթվերով ներկայացնում է, որ այցելություններ են եղել, շատ փակագծեր չբացեմ, բայց նախքաննությունից ինձ հայտնի է դարձել, որ պարբերականությունը հաճախակի չի եղել: Այնինչ հացադուլի համար նախատեսված հատուկ պայմաններ կան, որ ավելի հաճապակի պետք է լինի, եթե չեմ սխալվում, նույնիսկ ամեն օր:
- Արտակ Զեյնալյանն ասում էր, որ «ով գնում է հացադուլի, պիտի իմանա, որ, կարող է մահանալ»…
- Համաձայն եմ, մենք էլ էինք հենց դա փորձում հորս համոզել, որ հացադուլն անդառնալի հետեւանքներ կարող է թողնել իր առողջության վրա, եթե ուրիշ ավարտ չունենար: Բայց ի՞նչ քայլեր են արվել նրա հացադուլից դուրս գալուց հետո, ոչինչ: Անձամբ հայրս է ինձ ասել: Չեմ ուզում կրկին բացել չակերտները, թե ինչպես՝ այլ մարդկանց համար գլխացավանք չստեղծելու համար: Բայց բժիշկները եթե բուժկետում հացադուլից հետո իր մոտ մտած էլ լինեն, ապա դա եղել է ընդամենը մեկ-երկու անգամ: Արդեն հունարի 17-ին նա դուրս եկած է եղել հացադուլից, գրեթե 10 օր ոչինչ չի արվել: Անգամ տարրական պայմաններ չկային այնտեղ: Եթե ամեն ինչ նորմալ էր, ապա ինչո՞ւ միանգամից սկսեցին ինչ-որ վերանորոգումների աշխատանքներ իրականանցել այդ դեպքից հետո եւ բոլոր այնտեղի պառկածներին տեղափոխվեցին դատապարտյալների համար նախատեսված հիվանդանոց: Ինչո՞ւ միանգամից սկսեցին ուշադրություն դարձնլ այդտեղ պառկած հիվանդներին: Իհարկե, պատշաճ օգնություն ցույց չի տրվել, հայրս դեռ այն ժամանակ ասում էր, որ եթե տեղափոխեն դատապարտյալների հիվանդանոց, ավելի շուտ դուրս կգա հացադուլից: Դրա մասին նրա փաստաբան Վահե Արմենակյանը բարձրաձայնել էր, բայց ոչ մի արձագանք չեղավ, ոչ մի պատշաճ քայլ չարվեց: Մինչդեռ 44 օր հացադուլից հետո՝ հատուկ ինչ-որ բուժումներ պետք է իրականացվեր, ինչ-որ լուծույթներ, գլյուկոզա պետք է տրվեր, բայց չի արվել: Երբ ինչ-որ մի տարբերակով խոսեցի իր հետ, ձայնն անճանաչելի էր դարձել, նույնիսկ չէի հավատում, որ իր հետ եմ խոսում, այնքան էր հյուծված նրա ձայնը: Եթե մահանար հացադուլի ընթացքում, հնարավոր էր ասել, որ Զեյնալյանը ճիշտ է, բայց չէ՞ որ նա արդեն 10ճը օր էր դուրս էր եկել հացադուլից: Ի՞նչ քայլեր են արել, եթե վաղը հայտնի դառնա, որ մեղավորը քրեակատարողական հիմնարկի ծառայության աշխատակիցներն են, Զեյնալյանը նորից կանգնելու է եւ հայտարարի՝ որ արդարադատության նախարարության մեղքը չկա՞, թե՞ վատ է զգալու ու գլուխը կախի: Ի դեպ ասեմ, որ մինչեւ այդ դեպքերը հայրս առանձնակի հարգանք ուներ Արտակ Զեյնալյանի հանդեպ: Միշտ ասում էր, որ ամենանորմալ նշանակումն է համարում, որ իրոք, արժանի մարդ է: Նա ամեն մեկի մասին այդպես չէր արտահայտվում: Բայց, ցավոք, այդպես չէր, հայրս սխալ պատկերացումներ ուներ նրա մասին:
- Ինչո՞ւ այդ ժամանակ ամբողջ հասարակութունը լռեց: «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն անդրադառնալով Մհեր Եղիազարյանի մահվանն՝ անգամ ասում էր, որ բոլորս ենք մեղավոր, որովհետեւ նրա հացադուլի հետ կապված լռություն էր ե՛ւ մամուլում, ե՛ւ քաղաքական դաշտում:
- Շատ ճիշտ հարցադրում եք անում: Իրոք, կասկածելի լռություն էր, բայց ինձ չէր զարմացնում այդ լռությունը, որովհետեւ այդ ժամանակ անգամ նրա տասնյակ տարիների ընկերներից եղան մարդիկ, որոնց ինչ-ինչ հարցերով դիմում էինք, եւ նրանք նույնպես հետ էին կանգնում: Չեմ ուզում անուններ տալ, ամեն մարդ թող իր խղճի առաջ պատասխան տա, թե ինչքանով է փորձել օգնել: Արդյոք նույն իրավիճակում Մհեր Եղիազարյանն իրենց այդպիսի անտարբերության կմատներ, թե սրտացավությամբ կհասներ օգնության: Դրա համար ոչ մեկի չեմ մեղադրում իր շրջապատի, իր մոտիկ մարդկանցից տեսնելով այդ անտարբերությունը: Երբ նրանց դիմելով ստանում էինք մերժում՝ պետք է զարմանայի՞, որ հասարակության ինչ-որ անծանոթ մարդիկ չեն խոսում այդ մասին: Նաեւ համաձայն չեմ այն մտքի հետ, որ համապատասխան աղմուկ չի եղել: Երբ նա հայտարարեց, որ հացադուլի մեջ է մտնում, այդ նորությունը տեղադրվել էր Haynews.am եւ syuniacyerkir.am կայքերում եւ անմիջապես տարածվեց այդ տեղեկությունը տարբեր կայքերում: Բայց գրեցին այդքանը եւ վերջ: Իսկ տասը օր հետո` նույն կոլեգաներից ինչ-որ մեկի կողմից հետաքրքրություն չէր դրսեւորվում, որ տեղադրի, թե հացադուլից տասը օր անց նա շարունակում է մնալ հացադուլի մեջ: Մինչդեռ ամեն օր նույն մեր կայքի գլխավոր էջերում տեղադրվում էր նոր տեղակտվություն, որ հացադուլն արդեն վտանգավոր է դառնում նրա կյանքի համար, եւ այն ամեն օր տարածում էինք: Անձամբ ես եւ մեր կայքի աշխատակիցներից էլ էլեկտրոնային փաստի միջոցով ուղարկել ենք այդ նորությունները հայտնի լրատվամիջոցներին ու խնդրել տեղադրել, բայց գրեթե ոչ մի արձագանք չէր լինում: Հնարավոր է՝ ոչ բոլորը, բայց մեկ-երկու կայք հրապարակել են, բայց որ ասում են, թե աղմուկ չի եղել, տեղյակ չեն եղել, չկա այդպիսի բան: Եվ, ի վերջո, չեմ կարծում, որ աղմուկ բարձրացնելոը հաշվի առնելով պետք է դատարանը խափանման միջոց փոխելու որոշում կայացնի: Լավ, ենթադրենք, աղմուկ չի բարձրացվել, բայց չէ որ ե՛ւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, ե՛ւ դատախազությանը, ե՛ւ ամենակարեւորը՝ դատարանին ներկայացրել ենք նրա հիվանդությունները հաստատող փաստաթղթերի ցանկը եւ նշել, որ դրանք անհամապատասխան են կալանքի հետ: Ի՞նչ է, պետք է անպայման աղմուկ լինի, որ դատարանն իրավական օբյեկտիվ որոշում կայացնի:
- Ձեր հոր դեմ առաջադրված մեղադրանքի հիմքում մոտ հինգ միլիոն դրամի պատմություն էր: Հիմա տեսնում ենք ավելի ծանր հանցանքների մեջ մեղադրվող մարդիկ, որոնց խափանման միջոցը փոխվում է գրավի դիմաց: Անգամ նորածինների վաճառքի մեջ մեղադրվողի խափանման միջոցը փոխվեց: Ունե՞ք այդ պատասխանը, թե ինչո՞ւ ձեր հոր դեպքում այլ կերպ եղավ:
- Բոլոր այդ ինչուների պատասխանները միավորվելով հասնում են մի սկզբնակետի եւ որի պատասխանը փորձաքննությունը չէ, որ պետք է տա... Հիմա խոսեմ նրա մասին ինչն առաջին իսկ պահից շատ հարցեր առաջացրեց։ Ամենահետաքրքրող հարցն այն էր, թե ինչու է այդ գործով զբաղվում երկրի ազգային անվտանգության ծառայությունը: Պաշտոնական դիրքի չարաշահում չկար, որովհետեւ նա ոչ մի պաշտոն չի զբաղեցրել, իսկ առանձին սուբյեկտների, ֆիզիկական անձանց հետ հարաբերությունները չեմ պատկերացնում, թե ինչ ձեւով կարող են սպառնալ երկրի ազգային անվտանգությանը: Ենթադրենք, ինչ-որ անձանց կողմից բողոքներ են ներկայացվել ԱԱԾ-ին եւ գործը հարուցվել է քննչական դեպարտամենտում: Իմ կարծիքով` հնարավոր է, որ քննչական դեպարտամենտից փոխանցվեր ինչ-որ տարածքային քննչական բաժին: Չգիտեմ` այս հարցի պատասխանը երբեւէ կստանանք, թե` ոչ, ամեն դեպքում, շատ աղմկոտ տեսանյութ պատրաստեց ԱԱԾ-ն, որտեղ ներկայացվեց նաեւ, թե զորամասի հրամանատարից ինչ-որ կաշառք ստանալու դեպք է: Իրականում այդպիսի բան չկար, զորամասի հրամանատար չի եղել, այլ եղել է սովորական սպա եւ նրա հետ կապված ինչ-որ հարաբերություններ: Փաստաբան Վահե Արմենակյանն այդ ժամանակ շատ հստակ բացատրեց, կոնկրետ այդ դեպքի դրվագով առերեսման ժամանակ էլ հայրս պնդել է եւ հաստատել է նաեւ սպան, որ ինքը Մհեր Եղիազարյանին անձամբ գումար չի տվել, ինչ-որ երրորդ անձանց միջոցով է եղել: Ու սա ներկայացվում է ազգային անվտանգության ծառայության հայտարարության մեջ այնպես, որ ինչ-որ զորամասի հրամանատարի առաջխաղացման համար կաշառք է տրվել: Ո՞վ էր Մհեր Եղիազարյանը, որ պետք է ինչ-որ զորամասի հրամանատարի առաջխաղացում կազմակերպեր, երբ ոչ մի պաշտոն չէր զբաղեցնում: Ես կամ դուք պաշտոնի առաջխաղացման համար կդիմե՞նք ինչ-որ կայքի պատասխանատուի` հույս ունենալով, որ նա պետք է առաջխաղացում իրականացնի: Չեմ պատկերացնում, ինչպե՞ս: Չնայած դրան՝ քննչական առաջին գործողությունները իրականացնելիս ամեն ինչ եղել է շատ նորմալ: Չգիտեմ ինչու, բայց վստահ եմ, որ պետք էր իրենց ինչ-որ տեսանկարահանում անել, որպեսզի ավելի հնչեղ լիներ: Ներքին համոզմունք ունեմ, որ մեր բնակարանում այդ քննչական գործողություններն իրականացնելիս՝ դա ինչ-որ մեկի միջոցով կանխվել է: Ուղղակի, ընթերակաների ներկայությամբ կատարվել են այդ գործողությունները: Շատ նորմալ մարդիկ կատարել են իրենց գործը եւ առաջին օրը ոչ մի ավելորդություն իրենց թույլ չեն տվել: Սա ասում եմ մինչեւ նրան ԱԱԾ տեղափոխելու պահը: Դրանից հետո, բնականաբար,չեմ կարող ասել, թե ինչ է տեղի ունեցել: Որոշում կայացվեց, որ գործը պետք է տեղափոխվի քննչական բաժին: Իսկ դեկտեմբերի 5-ին կալանքի որոշումը բավարարեց դատարանը: Մեր կողմից ներկայացվեց միջնորդություն, որ նրա խափանման միջոց կալանքը գրավով փոխարինվի, որը պետք է քննվեր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ու դեկտեմբերի 5-ից մինչեւ 28-ը նոր գործը հանձնվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ քննչական բաժին: Քսան եւ ավել օր ինչո՞վ էր պայմանավորված այդ ձգձգումը, երբ ընդամենը կարելի էր մի քանի օրվա մեջ լուծել այդ հարցը: Իսկ դեկտեմբերի 28-ին չկայացավ նիստը, որովհետեւ քննիչը ժամանակ էր խնդրել: Չեմ մեղադրում նրան, որովհետեւ նույն օրն էր նրան մակագրվել գործը: Նիստը ժամը՝ 15:00-ին էր կարծես նշանակված, իրոք, մարդկայնորեն չէր հասցնի ծանոթանալ: Այստեղ հարցը ոչ թե այն է, թե ինչու այդ հիմքով հետաձգվեց, այլ այն, թե ինչու 20 եւ ավել օր տեւեց քրեական գործի փոխանցումը ԱԱԾ-ից տարածքային քննչական բաժին, այն դեպքում երբ մարդն արդեն այդ ժամանակ 20 օրից ավել հացադուլի մեջ էր:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
Հրանտ Սարաֆյան