Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանագետ և ռազմական ոլորտի փորձագետ Տարոն Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Ադրբեջանը գործեց Իսլամական պետության տրամաբանությամբ՝ նկատի ունենալով օրերս տատ եւ թոռան դիակների նկարների տարածումը, մահացած երեխայի դիակի նկարը մոր ձեռքը տալը: «Առաջին անգամ չէ, որ մենք բարձրաձայնում ենք, որ Ադրբեջանի բանակը գյուղերի մոտ, գյուղերի թիկունքում, նույնիսկ գյուղերի մեջ տեղադրում է հրետանային հենակետեր, սպառազինություն և միտումնավոր այդ տեղերից են կրակ բացում»,- ասաց նա:
Ըստ Հովհաննիսյանի, բնական է՝ հայկական կողմը պետք է պատասխան տար և դա իրենք գիտակցում էին: Փորձագետի կարծիքով՝ կարող ենք գալ եզրակացության՝ իրենք միտումնավոր գյուղից կրակում են, որպեսզի մեր կողմը պատասխանի, լինեն քաղաքացիական զոհեր և դա բարձրացնեն միջազգային ամբիոններում, որպեսզի ևս մեկ անգամ առիթ լինի Հայաստանին ներկայացնել որպես ագրեսոր:
Հովհաննիսյանը նշեց, որ երբ սոցիալական ցանցերում Ադրբեջանի օգտատերերից հարցնում են, գյուղերից ինչու՞ են կրակում, ասում են. «Բա դուք ինչու՞ եք եկել մեր հողերում մնացել, դա մեր հողերն են, կուզենք կկրակենք, չենք ուզի չենք կրակի»:
Հանդիպմանը ներկա ռազմական ոլորտի փորձագետ, ադրբեջանագետ Էդգար Էլբակյանն էլ նշեց, որ հրետանային կայանքները գյուղերում տեղադրելը ունի նաև այլ պարզաբանում: «Հրետանիով դժվար է կրակել տարածության վրա, դա է նաև պատճառներից մեկը, որ նրանք բնակավայրերում են տեղադրում այդ կայանքները, որպեսզի հնարավորինս մոտ լինեն խոցման տիրույթին»,- ասաց նա:
Բայց ըստ նրա՝ այս անգամ ստացվեց, որ հատուկ արվեց, որպեսզի քաղաքացիական զոհ ունենան և դա օգտագործեն տարբեր հարթակներում: Նա նաև նշեց, որ մինչև հիմա երեխայի գերեզմանի վրա նրա դիակի նկարն է:
Նա նշեց, որ Բաքվի փողոցներում սոցհարցումներ են անցկացրել այս դեպքից հետո՝ հետևյալ հարցադրումով. «Հայ երեխա կսպանեի՞ք»: Նրա խոսքով՝ սա ստանդարտ ազգայնականության գործիքակազմ է, որից Իլհամ Ալիևը լավ գիտի՝ ինչպես օգտվի:
«Նրանք ինֆորմացիոն աղմուկ են ստեղծում, հետո տեսնում, որ այդ աղմուկն անցնում է, իրենց մնում է ոչինչը: Հետո ստիպված են լինում ստեղծել նոր աղմուկներ, որոնք էլ շուտով կանցնեն: Որոշ ժամանակ անց, եթե ռազմական գործողությունները նորից չթեժանան, այս հերթական ինֆորմացիոն աղմուկն էլ անցնի, ադրբեջանական ժողովրդին կմնա ևս մեկ Շահիդ (կրոնի համար, ալահի համար զոհ, զոհված երեխային շահիդ են հռչակել /խմբ./) և ևս մեկ հուսախաբություն»,- եզրափակեց նա: