Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վավերագրող ռեժիսոր Այ Սյաոմինը, որն ընտանիքով բնակվում է նոր համաճարակի կենտրոն դարձած չինական Ուհան քաղաքում, ըստ yerkir.am-ի, Le Monde-ում հոդված է հրապարակել, որում պատմում է իր ամենօրյա կյանքի մասին և հանդես գալիս չինական իշխանությունների՝ սանիտարական ճգնաժամը կարգավորելու մոտեցման քննադատությամբ:
Այսօր սկսվում է Նոր տարին (ըստ լուսնային օրացույցի), սակայն Ուհանը երբևէ այսքան ամայի չի եղել: Մարդիկ հիմա պետք է հավաքված լինեին տոնական սեղանների շուրջը, սակայն բազմաթիվ ընտանեկան տոնակատարություններ պարզապես չեղարկվել են:
Երեկ տեսա փակ քաղաքի լուսանկարները: Մի կողմից՝ քարացած դեմքերով ոստիկաններ ու զինվորականներ, մյուս կողմից՝ հուսալքված ճանապարհորդներ: Տեսանյութում մարդիկ Ուհանի բարբառով ասում են. «Նայեցե՛ք, Խանկու կայարանը 100 տարվա մեջ առաջին անգամ փակվել է»: Անցորդներն անհանգիստ են, տպավորություն ունեն, թե պատմությունը կոչնակ է խփում:
Ես ապրում եմ Ցզյանսյա թաղամասում, որը Խանկու կայարանից 40 կմ հեռու է (Ուհանը զբաղեցնում է 8500 քառ. կմ տարածք): Ես հիմա չեմ կարող այնտեղ գնալ, բայց հիշում եմ, թե ինչ տեղի ունեցավ միգրանտների հետ, որոնք 2008-ին ցանկանում էին Նոր տարվա տոներն անցկացնել հայրենի գյուղերում, սակայն աննախադեպ ձյան պատճառով պարտադրված մնացել էին Կանտոնում: Կարող եմ միայն ենթադրել, թե ինչ նյարդային են բոլոր նրանք, ովքեր Ուհան են եկել ինչ-ինչ գործերով ու միջոց չունեն տուն վերադառնալու. կառավարությունը մեկ գիշերվա մեջ որոշում է կայացրել՝ փակել քաղաքը: Բայց որտե՞ղ են նրանց տեղավորելու, ինչպե՞ս են նրանք դիմավորելու Նոր տարին:
Ես Կանտոնից Ուհան վերադարձա հունվարի 16-ին: Այդ ժամանակ լուրեր էին պտտվում ինչ-որ թոքաբորբի մասին, բայց ես դրանց առանձնապես ուշադրություն չդարձրեցի: Ամսի 18-ին արտակարգ նորություններն ինձ հայտնեցին երկու ընկերուհիներս: Մեկն ասաց, որ բուժանձնակազմը սկսել է հիվանդանալ, և որ դա ներքին տեղեկատվություն է: Նա ինձ լուսանկար ցուցադրեց:
Ինձ թվում էր, որ խոսքը բացառիկ դեպքերի մասին է, և շարունակում էի ուշադրություն չդարձնել այդ ամենին: Չէի սպասում, որ հունվարի 20-ին գրաքննությունը կվերացնեն: Հանկարծ բոլորը «կպան» հեռախոսներին՝ թերթելով հոդվածներն ու լուսանկարները և նոր տեղեկություններ որոնելով:
Հունվարի 23-ին հիվանդանոցներում օգնության ակնկալիքով եկած մարդկանց հերթեր գոյացան: Այդ օրը ինքս տեսա վրդովված բժիշկների, որոնք նյարդերի գերլարմամբ էին աշխատում:
Այն բանից հետո, երբ վերջապես սկսեցինք տեղեկություններ ստանալ, նորություններն ավելի ու ավելի տագնապալի էին դառնում, բայց ինչ էլ ուզում է լինի, իշխանությունները, ըստ ամենայնի, տառապում են լավ լուրեր հաղորդելու հակմամբ: Ինչպիսին էլ լինի իրադրությունը, ճշմարիտ լինի, թե՝ սուտ, հարկավոր է, որ մենք միայն դրականը լսենք: Եթե ոչ մի դրական բան չկա, անհրաժեշտ է հորինել: Իսկ երբ ասում ենք, որ դա ճիշտ չէ, մեզ ճնշում են:
Ասում են՝ վարակի աղբյուրը չղջիկն է, սակայն Ուհանի բնակիչներն իրենք են առնետի նմանվել: Նրանց գլխավերևում ամենուր շարժման դետեկտորներ են: Էքսկավատորները փողոցներում խրամատներ են փորում, որպեսզի մեքենաները չկարողանան մտնել Ուհան կամ, ինչն ավելի վատ է, քաղաքից չկարողանան գնալ հարևան գյուղերը:
Սիչուանում երկրաշարժի ժամանակ բոլորն աջակցում էին տեղի բնակիչներին… Հիմա հակառակն է՝ Ուհանի բնակչությունը դարձել է վիրուս, որը պետք է ամբողջությամբ ոչնչացնել: Դիտեք աշխարհի բոլոր ծեգերից նորությունները՝ Ուհանից ուղևորներ են վայրէջք կատարել այստեղ ու այնտեղ, և նրանցից ոչ մեկն անմեղ չի համարվում…
Անշուշտ, չգիտեմ՝ վարակվե՞լ եմ, թե՞ ոչ: Համենյան դեպս, խուճապի առաջին պահերից, դիմակների, սպիրտի, մանրէազերծիչ միջոցների ու հիմնական դեղորայքի եռօրյա գնումներից հետո փորձում եմ վերադառնալ բնականոն կյանքի ռիթմին: Ոչ ոք ի վիճակի չէ դիմանալ երկարատև խուճապի: Ամեն դեպքում այն չպիտի խանգարի մեր առօրյա աշխատանքին:
Մտերիմներիցս մեկի կինը հիվանդացել է, սակայն հիվանդանոցը չի կարողացել ընդունել նրան: Նա ստիպված է բուժվել՝ փակվելով տանը: Բացի դրանից՝ բոլորը պարտավոր են մնալ իրենց տեղերում: Հատուկ ծառայությունների աշխատակիցները, զինվորները, բժիշկներն ու դեղագործները չեն կարող իրենց հանգիստ թույլ տալ:
Ես տնային աշխատանքներով եմ զբաղված, բայց ես էլ հանգիստ չունեմ: Տանն ապրում է երեք սերունդ, ամենամեծը 96 տարեկան է, արդեն 2 տարի է՝ չի կարողանում վեր կենալ անկողնուց: Ես պետք է հետևեմ, որ ոչ ոք չվարակվի (այդ թվում՝ մեր երեք կատուները): Այսպես՝ իմ տարեկիցները կշարունակեն իրենց գործն անել, երիտասարդները` նորմալ գնալ աշխատանքի, տատիկներն էլ հանգիստ ապրելու հնարավորություն կունենան:
Տնային գործերն անելով՝ մենք մեր ներդրում ենք ունենում հասարակության կյանքում և յուրատեսակ կարևոր գործ անում: Մարդը, որին ճիշտ ենք բուժում, հիվանդանոց չի գնա: Դա մի մահճակալ կազատի ու համաճարակի դեմ պայքարում ներդրում կլինի, նույնիսկ եթե այն ինձնից հեռու է:
Այ Սյաոմինը վավերագրող կին ռեժիսոր է: Ծնվել է 1953-ին Ուհանում, ֆեմինիստական հայացքներ ունի: Նա Գուանչժոուի Սուն Յաթսենի անվան համալսարանի չինարեն լեզվի ու գրականության ամբիոնի պրոֆեսոր է և համեմատական գրականության բաժնի տնօրենը: Հայտնի է վավերագրական ֆիլմերով, որոնք արգելված են Չինաստանում: Դրանցում Այ Սյաոմինն անդրադառնում է կանանց հանդեպ բռնությանը, ՁԻԱՀ-ով հիվանդների խնդիրներին, Սիչուանի երկրաշարժի հետևանքներին: 2010 թվականին ստացել է Սիմոնա դե Բովուարի անվան մրցանակ՝ կանանց ազատության համար պայքարում ներդրման համար: