կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-10 21:16
Քաղաքական

Մեր հանրությունն այսքան պառակտված, թշնամական, զգետնված, բայց անհոգ երբեք չի եղել. Լիլիթ Գալստյան

Մայիսի 9-ին ավելի անբարո դիսոնանս, քան Նիկոլ Փաշինյանին Անդրանիկի հետ համեմատելն է, չկա, որքա՜ն խորն են մեր բարոյական անկումները, հայ մարդն ինչպե՞ս կարող է զուգադրել նրանց. մեր հանրությունը խոր արժեքային ճգնաժամ է ապրում, դա մեր ինքնության վերջն է, աններելի խեղում: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել «Հայաստան» նորաստեղծ դաշինքի և ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը:

«Մեր ինքնության բաղադրիչներն աննկարագրելի կարևոր են, ամենաարդյունավետ քաղաքականությունն էլ բարոյականն է։ Երբ գառ մորթելու ֆեոդալական ծեսով են վարչապետին դիմավորում գյուղերում, ակնհայտ է՝ մենք ինքնության կոդի աննկարագրելի խեղում ունենք։ Այն կառուցվել է լեզվի, հավատի, եկեղեցու վրա, բայց պետականության գիտակցումը երբեք այդ շարքում չի եղել»,- ասել է ընդդիմադիր գործիչը:

Ըստ Գալստյանի՝ շատերը զարմացած են, որ մեր հանրության մեծ մասը չի գնահատում մեր կորուստների խորքայնությունը, կորստի զգացողություն չունի. «Մեր պատմության երեսնամյակը ջնջվեց, հերոսները դեմոնիզացվեցին, բայց հանրության մեծ մասն այդ գիտակցումը չունի։ Սա ստանդարտ ընտրություն չէ, մեր հանրությունն այսքան պառակտված, թշնամական, զգետնված, բայց և անհոգ չի եղել։ Այն քաղաքական ուժերն ու անհատները, որոնց համար Հայաստանի ճակատագիրը կարևոր է, միավորվել են և գալիս են երկիրը փրկելու կործանումից»:

Քաղաքական գործչի կարծիքով՝ ընտրությունը պետություն ունենալ-չունենալու մեջ է, և իրենց ճակատագիրը Նիկոլ Փաշինյանի հետ կապողները մեզ տանում են պետականազրկման. «Հայաստան» դաշինքը միավորում է սյունեցիների հայրենապաշտությունը, Դաշնակցության արժեքները և Քոչարյանի հակաճգնաժամային կառավարչի կերպարը, այն հաղթանակ ապահովելու հնարավորություն ունի։ Մենք ունենք համոզում, որ Հայաստանի փրկությունը շարունակում է մնալ հիմնական քաղաքական օրակարգը։ Արտահերթը ազգակործանի օրակարգը չէ, ամիսներ առաջ իր ուսապարկերի միությունն էր ասում՝ արտահերթի պահանջ չկա»:

Լիլիթ Գալստյանի պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն արտահերթի անցկացման մասին հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» թելադրանքով։ «Նիկոլի հեռացման ընտրական տարբերակի սցենարն է խաղարկվելու։ Աննկարագրելի լարված, պառակտված, ատելության խոսքի թանձր մթնոլորտում ընտրությունները խիստ լիցքավորված միջավայրում են անցնելու։ Մենք ուզում էինք մեկ տարվա հանդարտեցում, ազգային համաձայնության կառավարություն, բայց ունենք ազգադավ Նիկոլ Փաշինյանին ամեն գնով հեռացնելու օրակարգ, հիմա դրա ճանապարհն ընտրությունն է։ Հայաստանն անդունդի եզրին է, պետականության ինստիտուտները կազմաքանդված են, Սահմանադրությունը չի գործում։ Ունենք ընտրությունների ճանապարհով վիշապին հեռացնելու տարբերակ։ Ստանդարտ քարոզարշավ չենք ունենալու, բայց քաղաքացին պետք է հասկանա՝ Նիկոլը Հայաստանի պետականության վրա վերջին մեխն է խփելու իր գոյությամբ և վերարտադրությամբ, պետք է փրկել Հայաստանը կործանումից»,- ամփոփել է «Հայաստան» նորաստեղծ դաշինքի անդամը: