Փոխարժեքներ
26 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.88 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 3.71 |
GBP | ⚊ | £ 492.12 |
GEL | ⚊ | ₾ 142.53 |
Հունվարի 20-ին ամերիկացի հանրապետական կոնգրեսական Մարքվեյն Մալինը բաց նամակ է հղել Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային, որում ընդգծել է, որ երկիրը շեղվել է ժողովրդավարական արժեքներից, որ վատթարացել է տնտեսական բարեկեցությունը: Նա նաև հույս է հայտնել, որ վրացական իշխանությունները կդադարեցնեն թշնամական վերաբերմունքը ամերիկյան ընկերությունների նկատմամբ: Վրաստանում ԱՄՆ դեսպանի պարտականությունները կատարող Էլիզաբեթ Ռուդը հայտարարել է, որ դա Կոնգրեսի կարծիքն է, հետևաբար մեկնաբանություններ պետք է անի Կոնգրեսը: Ի՞նչ է սա նշանակում: Yerkir.am-ը ներկայացնում է «Ռեգնում»-ի վերլուծությունը:
Հնարավոր է, որ կոնգրեսական Մալինը, հանդես գալով Վրաստանի վարչապետին ուղղված բաց նամակով, որը նաև ուղղվել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին, ԱՄՆ առևտրի, ֆինանսների, էներգետիկայի, նախարարներին, Կոնգրեսում Վրաստանի բարեկամների խմբի համանախագահներին և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության գծով խորհրդականին, անցել է քաղաքական կոռեկտության սահմանը, եթե հաշվի առնենք Վաշինգտոնի և Թբիլիսիի հրապարակային հայտարարությունները «կառուցողական ռազմավարական գործընկերության» մասին:
Սակայն Մալինը նախանշել է Վաշինգտոնում հորինված՝ երեք արարով վրացական քաղաքական պիեսի երկրորդ արարը: Առաջինը խաղացվեց 2019-ի վերջին, երբ Կոնգրեսի Վրաստանի բարեկամների խմբի համանախագահները՝ հանրապետական Ադամ Քիզինգերը և դեմոկրատ Ջերի Քոնոլին, բաց նամակ հղեցին Գախարիային, որում իրենց «աճող մտահոգությունն» էին հայտնում իշխանությունների՝ խոստացված քաղաքական բարեփոխումից հրաժարվելու որոշման կապակցությամբ: «Խոստումը տրվել է ոչ միայն միջազգային հանրությանը, այլև, ինչն ավելի կարևոր է, Վրաստանի ժողովրդին: Մենք հույս ունենք, որ վրացական պաշտոնական անձինք անհապաղ կվերսկսեն բանակցությունները և կհաստատեն այդ կարևոր բարեփոխումների փաթեթը: Վրացիները ցանկանում են ունենալ կառավարություն, որը ժողովրդական կլինի և ժողովրդի համար»,- ասվում էր նամակում: Բազմաթիվ փորձագետներ այդ ուղերձը թեթև քաղաքական ֆրոնդա համարեցին:
Երկրորդ արարում բեմ բարձրացավ Մալինը, որը պահանջ ներկայացրեց վրացիներին՝ փոխել վերաբերմունքը տեխասյան նավթագազային Frontera Resources ընկերության նկատմամբ, որը դարձել էր հետապնդումների և բնագրավումների օբյեկտ, ինչի հետևանքով «կրճատվում են օտարերկրյա ուղղակի ներդրումները»: Նաև սպառնալիքներ եղան. «Ֆեսյբուք»-ը հայտարարեց, որ փակել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության աքաունթների մեծ ցանց, որը «կիրառում էր «կոորդինացված ոչ աուտենտիկ վարքագիծ» Վրաստանում ընդդիմադիր հայացքների ճնշման և հակաարևմտյան տրամադրությունների զարգացման համար, հատկապես՝ ԱՄՆ-ի դեմ»:
Ներկայումս ԱՄՆ-ում Թբիլիսին բացասական կերպար է, նույնիսկ մտմտում են Վրաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը:
Երկրորդ արարում բեմում հայտնվել են նոր դերասաններ, հնչում են մենախոսություններ. ամերիկացի կոնգրեսականները արձանագրում են Վրաստանի իշխանությունների հանդեպ անվստահության փաստը, որը «նպաստում է բնակչության վիճակի վատթարացմանը, առաջին հերթին՝ տնտեսական համատեքստում, քանի որ երկիրը կորցնում է ներդրումային գրավչությունը»: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ «Վրաստանի իշխանությունները սկսել են ռուսամետ կողմնորոշում դրսևորել, չեն աշխատում պետական ինստիտուտները, և բոլոր սահմանադրական մարմինները գրավել է մեկ մարդ (Իվանիշվիլին - )»: Նաև կան այնպիսի դերասաններ, որոնց մենախոսությունները Վաշինգտոնի՝ «Վրաստանը գաղութային ոճով կառավարելու» ձգտման մասին են:
Ներկայումս սկսվում է պիեսի երրորդ արարը, որում պետք է հանգուցալուծում լինի: Այն բացում է Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Էլիզաբեթ Ռուդը: Նա հայտարարել է. «Մենք նամակը տեսել են, բայց քանի որ այն ներկայացնում է Կոնգրեսի կարծիքը, մեկնաբանությունները պետք է անի Կոնգրեսը»: Սրանով նա հերքում է վրացական ընդդիմության պնդումը, թե նամակը, որը փաստացի ուղղված է «Վրացական երազանք»-ի ղեկավար Բիձինա Իվանիշվիլիին, ներկայացնում է «Վաշինգոտնի պաշտոնական դիրքորոշումը»: Սա բացատրվում է նրանով, որ Իվանիշվիլին Վաշինգտոնում չի ընկալվում որպես «քաղաքական ընդդիմախոս», որ նրա հետ դեռ շարունակելու են համագործակցել:
Այլ է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պարագան՝ եվրոպակենտրոն քաղաքականությամբ: Նա հայտարարել էր, որ չի տեսնում երկրի տարածքում ամերիկյան ռազմաբազաների տեղակայման նպատակահարմարություն, և որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը տարածաշրջանի հակամարտությունների կարգավորման ո՛չ փորձ ունի, ո՛չ էլ՝ տեսլական: Որոշ փորձագետներ Զուրաբիշվիլիի նման մոտեցումը համարում են ֆրանսիական դիվանագիտական դպրոցի դաստիարակության արդյունք, որում ուժեղ են հակաամերիկյան տրամադրությունները: «Նա վաղուց ինտրիգի կենտրոնում է: Տեսնենք՝ ինչ հրացաններ կկրակեն երրորդ արարում»,- ամփոփում է «Ռեգնում»-ը: