կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-18 03:01
Առանց Կատեգորիա

Վրացական իշխանությունները քաղաքական կամք չունեն

Վրացական իշխանությունները քաղաքական կամք չունեն

 

ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի այցը Ջավախք պատմական է համարում, սակայն չի ուզում համեմատել Խրիմյան Հայրիկի այցի հետ. սա հովվապետական այց էր, իսկ Հայրիկինը` ոչ:

Ջավախքցի պատգամավորը բարձր է գնահատում նաեւ Վեհափառի ելույթները Ջավաքում, հատկապես`  հայապահպանության մասին:

«Այս հովվապետական այցը Ջավախքում նոր լիցք հաղորդեց և անպայման կօգնի, որ տեղի հայությունը կարողանա իր կերպարը և հայկական մենթալիտետը պահպանի ու կարողանա ապրել ազգային կյանքով»,- ասաց նա` հիշեցնելով, թե ինչպիսի բազմամարդ հավաքներ եղան կաթողիկոսին դիմավորելու համար:

Սակայն կան նաեւ բացասական հետեւանքներ: Պատգամավորը, որպես օրինակ, նշում է վրացական մամուլում հրապարակված կոմյունիկեի նախագիծը, որը շատ արագ տարածվեց նաեւ հայկական լրատվամիջոցներում:

«Այդ կոմյունիկեի տեքստին ծանոթանալով` մենք հասկացանք, որ վրացական կողմը կանխամտածված փորձում էր փակուղի առաջացնել օրակարգային հարցերը քննարկելու ընթացքում»,- հայտարարեց նա:

Կոմյունիկեում առաջ քաշված վրացական կողմի պահանջները պատգամավորի համար անընդունելի են եւ չհիմնավորված, մասնավորապես այն, որ Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը Վրաստանում  ունենա այն կարգավիճակը, ինչ որ Վրաց Ուղղափառ եկեղեցին Հայաստանում: «Վրաստանում ապրում են  մի քանի հարյուր հազար հայեր, այդ թվում` նրանցից շուրջ  150 հազարը համախումբ բնակվում է իր պատմական հայրենիքում, իսկ Հայաստանում վրացական համայնքը փոքրաթիվ է եւ չկազմակերպված»,- մեկնաբանեց Շիրակ Թորոսյանը` հիշեցնելով, որ նման խնդիր Հայաստանում վրացիները երբեւէ չեն դրել. եթե դնեին էլ, խոչընդոտների չէին հանդիպի. մենք նույնիսկ աղանդներն ենք հեշտությամբ գրանցում:

Շիրակ Թորոսյանը նշեց, որ Վրաստանի թե' հոգեւոր, թե' աշխարհիկ իշխանություններն այս խնդիրները լուծելու համար քաղաքական կամք չունեն: Հենց այդ պատճառով էլ «իրար վրա են գցում» եւ խուսափում լուծումից: