կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-27 12:38
Հասարակություն

Քաղաքական դաշտում ունենք դերասաններ, ովքեր «Օսկար»-ի են արժանի. Թատրոնի միջազգային օրն է

Քաղաքական դաշտում ունենք դերասաններ, ովքեր «Օսկար»-ի են արժանի. Թատրոնի միջազգային օրն է

Այսօր Թատրոնի միջազգային օրն է: ՀՅԴ կուսակցության պատգամավորության թեկնածու` դերասանուհի Ժասմեն Ասրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ թատրոնը մշտապես իր ասելիքն ունի քաղաքականության մեջ` գաղափարախոսության հետ կապված, և թատրոնը, ինչպես մյուս բնագավառները սերտ առնչություն ունեն այս կամ այն ոլորտի հետ:

«Թեև որոշել եմ քաղաքականությամբ զբաղվել, սակայն թատրոնը թողնելու մտադրություն ամենևին էլ չունեմ: Կարծում եմ` յուրաքանչյուրս հնարավորինս պետք է քայլ անենք` ինչ-որ բան փոխելու համար, որ արդյունքում չունենանք ԱԺ, որն ավելի վատը կլինի նախորդից», -ասաց Ասրյանը:

Խոսելով ընտրակաշառքների մասին` դերասանուհին նշեց, որ չի մեղադրում կաշառք տվողին, քանի որ նա անարժան է, և միակ նպատակը ձայներ հավաքագրելն է: Կաշառք տվողը, ըստ Ասրյանի, ուզում է ընտրվել, որ թալանի նրան, ում կաշառել է: «Մենք պետք է այնքան սթափ, բարոյական ու զգոն լինենք, որ չբախվենք ու կաշառք չվերցնենք»,- ասաց նա:

«Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու` դերասան Հրաչյա Հակոբյանն էլ նշեց, որ թատրոնը, այո, չի կարելի առանձնացնել քաղաքականությունից, և ինքը որոշել է քաղաքական դաշտ մտնել, քանի որ տեսնում է` մշակութային ոլորտում շատ անելիքներ կան: «Թատրոնների գեղարվեստական ղեկավարներն ասում են, թե իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում, բայց հենց որևէ մեկին վաստակավորի կամ ժողովրդականի կոչում են տալիս, սկսում են քննադատել, թե` չե՞ք տեսնում` ում եք կոչում տվել: Ստացվում է` մենք ենք ընտրում այն քաղաքական գործչին, ով կոչումներ է տալիս: Բացի այդ` թատրոնների մեծ մասը պարզապես աշխատատեղ են ապահովում, և թատրոնը դառնում է ճահիճ, ինչն անթույլատրելի է»,- ասաց նա:

Ըստ Հակոբյանի` կաշառք բաժանելը տաղանդ է, որին շատ լավ տիրապետում են որոշ կուսակցություններ: «Գնում ես մարդկանց տուն, որ քո ծրագրերը ներկայացնես, վերջում հարցնում են` լավ, բա մեջը փող չկա՞: Այսինքն` մարդիկ սովորել են, որ իրենց պետք է փող տան»,- նշեց նա:

Yerkir.am-ի հարցին, թե քաղաքական դաշտում շա՞տ են մարդիկ, ովքեր հիանալիորեն կնայվեին նաև բեմի վրա, և թատրոնը մեծ կորուստ է կրում` ի դեմս նրանց,  Հակոբյանը պատասխանեց` այո, նման մարդիկ քիչ չեն: «Բեմերում խաղացած դերի ու քաղաքական գործիչների` մարդկանց առջև խաղացածի միջև տարբերությունը մեծ չէ: Ես, օրինակ, շատ եմ հավանում Սամվել Ալեքսանյանի խաղը` արդեն հավատում եմ նրան: Քաղաքական դաշտում ունենք դերասաններ, ովքեր «Օսկարի» են արժանի»,- ասաց նա:

Ժասմեն Ասրյանն էլ նշեց, որ իրականում դերասանի և քաղաքական գործչի դերասանության միջև երբեմն տարբերությունը միայն տեղանքն է լինում` դերասանը խաղում է թատրոնում, իսկ քաղաքական գործիչը` կյանքում: