կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-21 19:30
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երկրի համար Սահմանադրական դատարանը կարևոր է․ Վլադիմիր Վարդանյան

Խորհրդարանական կառավարմամբ երկրի համար Սահմանադրական դատարանը կարևոր է՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ պատասխանելով սահմանադրական փոփոխություններով ՍԴ-ի՝ հնարավոր ցրման մասին հարցին։

«Կարևոր է սահմանադրական արդարադատությունը։ Թե սահմանադրական արդարադատության ո՛ր մոդելը կընտրվի, սա էլ, ի վերջո, ժողովրդի որոշման հարցն է, որովհետև այդ հարցը հենց հանրաքվեի միջոցով լուծվող հարցերից մեկն է»,-պարզաբանեց նա։

Այն, որ վերջին ամիսներին ամենաշատ հնչող հարցերից է ՍԴ 7 անդամներից ազատվելու համար Սահմանադրության փոփոխությունը, Վլադիմիր Վարդանյանին հիմք է տալիս մտածելու, որ խնդիր կա Սահմանադրական դատարանի հետ։ Այնինչ խնդիրը, թերևս, այս մեթոդի անթույլատրելիության հետ է՝ հարցին, Վարդանյանը պատասխանեց․ «Խնդիրը ոչ թե ՍԴ-ում այս կամ այն անձից ազատվելն է, այլ Սահամանադրությամբ նախատեսված ՍԴ ունենալն է։ Սա չափազանց կարևոր է, որովհետև ՍԴ կազմը պետք է ձևավորվի այն եղանակով, որ նախատեսված է Սահմանադրությամբ, անցումային փուլը չի կարող անընդհատ լինել»։

Վլադիմիր Վարդանյանը չբացառեց, որ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը քննարկի նաև այս հարցը։   

Պետական կառավարման ձևի փոփոխության հարց, Վլադիմիր Վարդանյանի խոսքով, չի քննարկվում․ «Պետական կառավարման ձևը փոխելիս՝ վճռորոշ է ՀՀ քաղաքացու կարծիքը, հետևաբար, դա արվում է հանրաքվեի միջոցով։ Բացարձակապես չի քննարկվուվ որևիցե եղանակով այնպիսի փոփոխություն կատարելը, որը էական փոփոխություն կմտցնի գործող համակարգի մեջ։ Համենայն դեպս, ինձ նման քննարկման վերաբերյալ որևիցե տեղեկություն հայտնի չէ»։

Առաջին խնդիրը, ըստ նրա, որ պետք է կատարի հանձնաժողովը, վեր հանելն է այն բոլոր խնդիրները, որոնք խոչընդոտում են երկրի սահմանադրաիրավական զարգացմանը և փորձելն է շտկել դրանք։

«Սա նման է բժշկական ստուգման․ գիտենք, որ որոշակի խնդիրներ կան Սահմանադրության մեջ՝ կապված, մասնավորապես, էթիկայի հանձնաժողովի գործունեության հետ․ էթիկայի հանձնաժողով պետք է ստեղծվի դեպքից դեպք, հատուկ սկզբունքով, սա որոշակի առումով խոչընդոտում է էթիկայի հանձնաժողովի ձևավորմանը այն կանոնակարգումների շրջանակներում, որոնք այսօր մեզ ընձեռել է Սահմանադրությունը․ սա, օրինակ, խնդիր է։ Բայց թե ինչպիսի նման խնդիրներ կան՝ իրական խնդիրներ, որոնք հնարավոր է լուծել միայն և միայն սահմանադրական բարեփոխումների շրջանակում, այս հարցին հնարավոր կլինի պատասխանել, երբ այդ հանձնաժողովը հնարավորություն կունենա իրոք նույնականացնել, վեր հանել այն խնդիրները, որոնք լուծման կարիք ունեն»,-ասաց նա։

Վլադիմիր Վարդանյանը չբացառեց, որ սաահմանադրական բերփոխումների հանձնաժողովը քննարկի նաև ԱԱԾ-ն և Ոստիկանությունը վարչապետի ենթակայությունից հանելու հարցը․ «Այդ հարցը քննարկվել է բազմիցս, «Իմ քայլը» խմբակցությունը դիրքորոշում էր արտահայտել, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը օրենսդրական նախաձեռնությամբ էր հանդես եկել։ Փորձ կատարվեց այդ հարցին լուծում գտնել, որը կլիներ և՛ սահմանադրական, և տրամաբանական։ Մենք, ցավոք, չկարողացանք գտնել այդ լուծումը։ Այդ նախագիծը, ցավոք, չարժանացավ այն եզրակացության, որը պետք էր, որպեսզի կարողանայինք համապատասխան կանոնակարգումներ ունենալ։ Բայց սա էլ չեմ բացառում»։

Վարդանյանը նկատեց, որ գործող Սահմանադրությունը շատ ավելի ճկուն է, քան նախորդը և փոփոխություններ հնարավոր է կատարել ոչ միայն հանրաքվեի, այլև ԱԺ-ի միջոցով։

«ԱԺ-ն, իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, կարող է հայտնաբերել Սահմանադրության խնդիրը, նույնականացնել դրանք և համապատասխան սահմանադրաիրավական լուծումներ տալ։ Սահմանադրության ճկունությունը թույլ է տալու հետագայում զերծ մնալ տեկտոնիկ փոփոխություններից։ Այսինքն, եթե ես հնարավորություն ունեմ խնդիրը հայտնաբերել և լուծել, ապա անպայման չէ, որ ես սպասեմ հանարաքվեի»,-ասաց նա։

Yerkir.am-ի հետ հարցազրույցում Վլադիմիր Վարդանյանը նաև իր տեսանկյունից հիմնավորեց, թե ինչո՞ւ է ավելի կարևոր պետբյուջեի գումարները ուղղելը հսկայական պարգևավճարների, քան, ասենք, աղետի գոտու խնդիրների լուծմանը։ Միայն ԱԺ-ում 2019-ին բաժանվել է ավելի քան 2 միլիոն դոլար պարգևավճար։

Մանրամասները՝ տեսանյութում․

Աննա Բալյան