կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-07 15:23
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե այս հարցը փոխանցվի ՍԴ, վատ դրության մեջ կդնենք 7 անդամին․ Վլադիմիր Վարդանյան

Տվյալ հարցում ՍԴ 7 անդամն ունեն շահագրգռվածություն և, ինչ-որ առումով, նաև վատ դրության մեջ կդնենք նրանց, եթե այս հարցը փոխանցվի ՍԴ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

Նա հավելեց, որ փաստաթուղթը ՍԴ փոխանցելու մասին հստակ կանոնակարգումներ չկան։

Հանրաքվեի մասին հայտարարությանը հաջորդելու է ԱԺ համապատասխան գրությունը, որով որոշումը ԱԺ-ն կներկայացնի հանրապետության նախագահին։ Հանրապետության նախագահը, օրենքով սահմանված ժամկետում, կնշանակի հանրաքվե և դրանից հետո նոր արդեն կմիանան այն սուբյեկտները, որոնք պատասխանատու են հանրաքվեի կազմակերպման և անցկացման համար, ապա կանցկացվի հանրաքվե՝ տեղեկացրեց Վլադիմիր Վարդանյանը։

Հիշեցնենք, որ իշխող՝ «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է Սահմանադրության փոփոխությունների գործընթաց, որոնցով մտադիր է դադարեցնել ՍԴ 7 անդամի կիազորությունները։ Արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ մերժվեց նախագիծը և հայտարարվեց այն համաժողովրդական քվեարկության դնելու մտադրության մասին։ Փոփոխությունը վերաբերում է Սահմանադրության 213 հոդվածին։ Գործող հոդվածը սահմանում է. «Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարումը․ Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և Կառավարությունը։ Մինչդեռ նախագիծն առաջարկում է հետևյալ փոփոխությունը. «Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարումը․ Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»։

Մանրամասն՝ տեսանյութում․