Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՅԴ Վարդենիսի «Գեղամա» կոմիտեն հայտարարություն է տարածել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի՝ «Գեղամա» կոմիտեի նախորդ հայտարարության արձագանքին:
Հայտարարությունն ամբողջովին ներկայացնում ենք ստորև.
«Պարոն Սանոսյան, ծանոթացանք Ձեր գրառմանը, որտեղ, արձագանքելով ՀՅԴ Վարդենիսի «Գեղամա» կոմիտեի՝ Հայաստանում մի շարք ծննդատների փակման որոշմանն առնչվող 19.01.2020 թ. հայտարարությանը, նշել էիք, թե նման որոշում չկա:
Հորդորում ենք Ձեզ՝ մեկ անգամ ևս ուշադիր կարդաք տվյալ հայտարարությունը, և հնարավորինս զերծ մնաք կիսածաղրական գրառումներով հանդես գալուց, պահվածք, որն անհամատեղելի է մարզպետի աթոռին նստած պաշտոնյայի համար:
Հիշեցնենք՝ հայտարարության մեջ նշվել է Հայաստանում մի շարք ծննդատների փակման որոշման մասին, և, քանի որ մամուլում ու տարբեր հարթակներում արծարծվում էր Վարդենիսի ծննդատան հնարավոր փակման հարցը, փակագծերի մեջ հիշատակվել է նաև այդ մասին՝ ներքևում հիմնավորելով, թե ինչու: Փաստենք, որ օրեր առաջ այդ մասին առավել մանրամասն և հիմնավոր կերպով անդրադարձել և իր խորը մտահոգություններն էր հայտնել նաև Վարդենիսի քաղաքապետը: Եթե նրա և մարզի բազմահազար քաղաքացիների մտահոգությունները ևս Ձեզ մոտ հռհռալու տեղիք են տվել, ապա, ստիպված ենք արձանագրել, որ Դուք, որպես մարզպետ, անլուրջ եք:
Եթե Վարդենիսի ծննդատան հնարավոր փակման որոշում չկար, ապա պարզ տրամաբանությունը հուշում է, որ Դուք և Առողջապահության նախարարությունը պարտավոր էիք տեղեկացնել կամ պաշտոնապես հայտարարել այդ մասին՝ այն պահին, երբ հարցը թեժ քննարկման փուլում էր:
Ուշացումով արդեն ստացել ենք ԱՆ պարզաբանումը, որտեղ նշվում է, թե իբր Վարդենիսի ծննադատունը շարունակելու է գործել: Այնինչ՝ Ձեր «247>150» թվային բացատրագիրը հենց մատնում է, որ Վարդենիսի ծննդատունը ևս ապահովագրված չէ փակման վտանգից, և եթե վաղը իջնի ծնունդների թիվը՝ այն ևս Ձեր իշխանության կողմից կփակվի:
Ելնելով վերոհիշյալից՝ վերահաստատում ենք նախորդ հայտարարությամբ բերված մեր դիրքրոշումը և վերստին հայտարարում. թեկուզ 100 կամ 50 ծնունդ գրանցող Վարդենիսի ծննդատունն ունի ռազմավարական անփոխարինելի նշանակություն (Քարվաճառի ծնունդների մասով արդեն խոսել ենք) և այն չպե՛տք է փակվի ո՛չ մի պարագայում:
Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ ծաղրական շեշտադրումներով չխեղաթյուրել հայտարարության բովանդակությունը, և թվային մանիպուլյացիաներով հանրության շրջանում ամբոխահաճություն տարածելու փոխարեն լավ կլինի մտածել ծննդատունն ու հիվանդանոցը ոտքի կանգնեցնելու, ժամանակակից տեխնոլոգիաներով վերազինելու, հարմարավետ պայմաններ ապահովելու, բժիշկներին բարձր աշխատավարձերով խրախուսելու մասին:
Հարգանքներով՝ ՀՅԴ Վարդենիսի «Գեղամա» կոմիտե»: