կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-02 16:23
Քաղաքական

Սուրիկ Խաչատրյանին պետք է ընդունել ոչ թե որպես մարզպետ, այլ որպես ծնող. Գալուստ Սահակյան

Սուրիկ Խաչատրյանին պետք է ընդունել ոչ թե որպես մարզպետ, այլ որպես ծնող. Գալուստ Սահակյան

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, անդրադառնալով ՀԷՑ-ի վաճառքին, հույս հայտնեց, որ ՀԷՑ-ի նոր սեփականատերը կնորացնի ու կթարմացնի համակարգը, չեն լինի կորուստներ, որոնք եղել է մինչ այժմ:

Հարցին, թե ինչպե՞ս հայտարարվեց սակագների բարձրացման հիմնավոր լինելու մասին, եթե ՀԷՑ-ում դեռ չի ավարտվել աուդիտը, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ խորհրդատվական ընկերության կատարած աուդիտը հասարակության անվստահությունը փարատելու համար է արվել:

Արձագանքելով դիտարկմանը, որ Հայաստանը վաճառում է իր բոլոր` ստրատեգիական կարևոր նշանակություն ունեցող կառույցները, և երկրին որպես սեփականություն այլևս ոչինչ չի մնում, ԱԺ նախագահը դիմեց հարցը հնչեցրած լրագրողներին. «Դրա համար դուք պետք է մտածեք, դուք էլ հավաքվեք ու բիզնեսով զբաղվեք: Ովքեր փող ունեն, նրանք են բիզնեսով զբաղվում, պետք է ողջունել նրանց, ովքեր այս պայմաններում Հայաստանում ներդրումներ են անում»:

Լրագրողները հարց ունեին նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու մասին, թե արդյո՞ք վերականգնվեց արդարությունը: Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Դա դատական պրոցեսների արդյունքում է եղել: Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին պետք է ընդունել ոչ թե որպես մարզպետ, այլ որպես ծնող: Մեզանից յուրաքանչյուրը նման սուբյեկտիվ վերաբերմունք ունի իր որդու հանդեպ: Ինչ-որ մի մաս կա, որ չի սիրում մարզպետին, և սա համարում է արդարադատությունից դուրս գտնվող երևույթ»:

Հարցին, թե ինչո՞ւ հերթական անգամ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը փորձեց պաշտպանել Սուրիկ Խաչատրյանի որդուն, ԱԺ նախագահը պատասխանեց. «Այդ դատական գործի դատախազը Գևորգ Կոստանյանը չէ»:

Լրագրողները արձագանքեցին, որ Գևորգ Կոստանյանի միջնորդությամբ է Սուրիկ Խաչատրյանի որդին ազատ արձակվել, ԱԺ նախագահը նշեց, որ օրենքն է այդպես պահանջում: