Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«ԿԳՄՍ նախարարը ցանկանում է ուրիշ մատակարար մտցնել գործընթացի մեջ, բայց քանի որ այս պահին այդ մատակարարը պատրաստ չէ, ծրագիրը թողնում է մյուս տարվան»,-Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներին հատկացվող պետական միջոցների դադարեցմանը, ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը:
Բանախոսը գտնում է, որ Արայիկ Հարությունյանն այս որոշմամբ հստակ միտում ունի, որը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ. «Այդ որոշումն արտահայտում է ԿԳՄՍ նախարարության վերաբերմունքը մեր նախաձեռնության հանդեպ, պետք է պարզել, թե ինչի է նախարարն այդպես տրամադրված»:
ՏՏ մասնագետը հայտնում է, որ նախարարությունում հաստատել են միայն մինչ այս տեղադրված լաբորատորիաների խմբակավարների աշխատավարձերը, բայց իրենք ծրագրում էին տարեվերջին ավարտին հասցնել լաբորատորիաների տեղադրման աշխատանքները` դրանցով զինելով բոլոր դպրոցները։
«Նախարարը որևէ բացատրություն չի տալիս, միայն հայտարարություն էր արել, թե ինչքան գումար են մինչ այս հատկացրել և այլն, և այլն, բայց դա ոչինչ չի նշանակում, արվել է, շատ լավ է, պետք է շարունակել: Որպեսզի այս տարի կարողանայինք ավարտել, մոտ օրերս արդեն պետք է մրցույթ հայտարարեինք և հաղթած մատակարարների հետ պայմանագրեր կնքեինք, որպեսզի նրանք կարողանային հասցնել ներմուծել ու տեղադրել պահանջվող ապրանքները; Որովհետև գույքը շատ է` 700 հաստոց, 700 ռոբոտ-կոնստրուկտոր, 700 3D պրինտեր, մոտ 5000 համակարգիչ, 7000-ի չափ էլ սեղան ու աթոռ: Այդ ամենն ահագին ժամանակ է պահանջում, մենք պետք է նախապես պայմանագիր կնքեինք, որ մարդիկ պատրաստ լինեին, այնպես չէ, որ նրանք բանուգործները թողած` մեզ են սպասում»,- պարզաբանում է մասնագետը:
Կարեն Վարդանյանը պնդում է` այնուամենայնիվ, անկախ նախարարության հետագա որոշումից` «Արմաթ» լաբորատորիաները տեղադրվելու են` միաժամանակ սպասելով կառավարության դիրքորոշմանը. «Գոյություն ունի կառավարություն, որը պետք է, որ այս նախաձեռնության ջատագովներից լինի, նա կարող է կանչել ԿԳՄՍ նախարարին ու պարզաբանումներ պահանջել, բայց, գոնե այս պահի դրությամբ, նման բան չի եղել: Մենք հիմա սպասում են կառավարության այդ արձագանքին, բայց, անկախ այդ արձագանքի լինել չլինելուն, մենք շարունակելու ենք մեր աշխատանքը, իհարկե, մի փոքր դանդաղ կլինի ամեն ինչ, բայց կլինի»:
Վարդանյանը գտնում է, որ «Արմաթ» լաբորատորիաների դերը մեր վաղվա սերնդի կյանքում շատ կարևոր է, և ոչ մի դեպքում չի կարելի մեր երեխաներին զրկել այդպիսի հնարավորությունից. «Անցած տարիների արդյունքն այն է, որ մեր երխաները կարող են դպրոցն ավարտելուց հետո, առանց բուհական կրթություն ստանալու, աշխատանքի անցնել: Մենք երկու տարի առաջ հետազոտություն արեցինք` հասկանալու համար, թե ինչով են զբաղվում «Արամաթի» երեխաները։ Նրանց զգալի մասն աշխատում է անմիջապես չափահաս դառնալուց հետո` հարյուր-հարյուր հիսուն հազար դրամ միջին աշխատավարձով, քիչ չեն դեպքերը, երբ մեր երխաները միանգամից նորաստեղծ ընկերությունների հիմնադիրներ են դառնում: Պատկերացրեք` տասնութ-տասնինը տարեկան երիտասարդն արդեն կայուն գիտելիքներ ունի և սեփական բիզնես է հիմնում, ինչպե՞ս կարելի է չնպաստել դրան»:
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարությունը 2020 թ. «Արմաթ» լաբորատորիաների տեղադրման համար գումար չի հատկացրել` առանց որևէ հստակ բացատրություն տալու:
Գևորգ Գյուլումյան