Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք սկզբում կասկածում էինք, որ ԿԳՄՍ նախարարության ներսում սաբոտաժ կա, բայց երբ բարձրաձայնեցինք, նախարարը ոչ ադեկվատ ռեակցիա տվեց, իսկ հիմա ակնհայտ է, որ սաբոտաժը ոչ միայն ԿԳՄՍ նախարարության ներսում է, այլ նաև կառավարության։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ մի պահ կառավարությունը դադար կվերցնի վերլուծելու համար, թե ինչպես է աշխատում «Արմաթ» լաբորատորիաների համակարգը։
«Առանց բացատրելու թվերը տալը և կուսակցական ընկերությունից ելնելով ստիպելով կառավարության ղեկավարին սխալ բաներ արտաբերելը գցում է կառավարության ռեյտինգը։ «Արմաթը» 2014-ին սկսել է և Հովիկ Աբրահամյանի կառավարության հետ համաձայնություն ունեինք, որ ինչքան մենք «Արմաթ» ստեղծենք, այնքան գումար պետք է վճարվի, հիմա պարզ է, որ «Արմաթի»քանակն ավելացել է, ավելացել է նաև գումարի քանակ»,-նշեց նա։
Վարդանյանը կասկածներ ունի, որ ԿԳՄՍ նախարարը կոռուպցիոն գործարքի մեջ է․ «Կասկածներ կան և այս կասկածները պետք է փարատվեն։ Մասնավորապես, եվրոպական 12,5 միլիոն գումարը տրվել է մի կազմակերպության և հիմնավորման մեջ նշվում է, որ այդ կազմակերպությունը IT ընկերությունների հետ կապեր ունի, երբ այս կազմակերպության տարածքում 10 ընկերություն է, իսկ մենք 110 ընկերության ասոցացիա ենք։ Նշվում է, որ այդ կազմակերպությունը միջազգային կապեր ունի IT մասնագետների հետ, երբ մենք Հայաստանի հիմնական IT միջոցառումների կազմակերպիչն ենք, էլ չեմ ասում համաշխարհին կոնգրեսի բերելը, նաև IT համաշխարհային ասոցացիայի անդամ ենք, որտեղ 80 երկրներ են և որը ծածկում է համաշխարհային IT-ի 90 տոկոսը։ Վարչապետին այլ ձև է ներկայացվում, նա էլ առանց խորանալու արտաբերել է։ Վարչապետը պիտի ասեր՝ ա՛յ դեբիլներ, 5 տարում չեք պարզել ծրագրի լավ ու վատ լինելը։ Այսինքն 5 տարի անց նոր պետք է հասկանալ՝ լավն է ծրագիրը, թե վատը։
Կասկած ունենք, որ նախարարը խախտել է եվրոպական կարգավորումները, գումարը տալով «Սիմոնյան» հիմնադրամին, մինչդեռ պետք է դրամաշնորհը տրամադրվեր մրցակցային պայմաններում»։
Ավելի վաղ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն ասել էր․ ««Արմաթ» լաբորատորիաների ծրագրը ՀՀ-ում սկսվել է 2014 թվականին եւ 2014-2017 թվականներին «Արմաթ» լաբորատորիաներին ֆինանսավորվել է 188 մլն դրամ պետական բյուջեից, իսկ ահա 2018 եւ 2019 թվականներին պետբյուջեից ֆինանսավորվել է 1 մլրդ 296 մլն դրամ:
Այսինքն 3 տարվա ընթացքում 188 մլն դրամ, իսկ 2 տարվա ընթացքում 1.296 մլրդ դրամ: Հաջորդը, մինչեւ հեղափոխությունը, էլի 3 տարվա ընթացքում Հայաստանում բացվել է 220 ինժեներական լաբորատորիա Հայաստանի տարածքում: Իսկ հեղափոխությունից հետո բացվել է 255 «Արմաթ» լաբորատորիա: Այսինքն կրկնակիից ավելի ենք բացել, ֆինանսավորումն ավելացրել ենք մոտ 10 անգամ եւ այսօր մարդիկ մեզ մեղադրում են, թե մենք «Արմաթ» լաբորատորիաների հետ կապված պրոբլեմ ենք առաջացնում: Իսկ ո՞րն է պրոբլեմը: Պրոբլեմը շատ պարզ բանի մեջ է. մենք այսօր ունենք 575 լաբորատորիա, որոնք ձեռք են բերվել մեկ կազմակերպությունից եւ մենք ասում ենք՝ մենք այս պահին պետք է մի պահ դադար վերցնենք, վերլուծենք, թե ինչպես է աշխատում այդ համակարգը, եւ մենք պետք է խուսափենք մեկ անձից գնումներից: Այդ վերլուծությունների արդյունքում պետք է ներկայացնենք տեխնիկական առաջադրանք եւ սրանից հետո այդ լաբորատորիաներն իրականացնենք մրցութային կարգով: Այսինքն մենք պետք է ասենք՝ այս-այս դպրոցներում պատրաստվում ենք ստեղծել լաբորատորիաներ եւ հրավիրում ենք մրցույթի: Մի դեպքում՝ մի կազմակերպություն կարող է հաղթել, մյուս դեպքում՝ մեկ այլ»։