Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իրատես» թերթը գրում է. «Օպտիմալացում անունը ստացած կրճատումները նաեւ բժշկական հաստատություններ հասան: Իշխանությունների՝ ամենատարբեր գերատեսչությունները միմյանց կցմցելու քաղաքականությունն այժմ էլ ծննդատների դռներն է թակում:
Առողջապահության նախարարությունը որոշել է փակել այն ծննդատները, որ տարեկան 150-ից պակաս ծնունդ ունեն: Պետության համար ձեռնտու չէ քիչ ծնունդներ ունեցող հիվանդանոցներ պահելը՝ պարզաբանում են նախարարությունից:
Մինչեւ 2050 թվականը 5 մլն բնակչություն ունենալու մասին հայտարարողներն այժմ խոստովանում են՝ ծնունդները քիչ են: Նախարարության որոշման դեմ առաջինը մարա-լիկցիներն են հանդգնել դուրս գալ: Ծննդատունը, որ նախորդ տարի 126 ծնունդ է ունեցել, չպետք է փակվի՝ պնդում են տեղաբնակները: Ոչ միայն Մարալիկը, այլ նաեւ տարածաշրջանի գյուղերը սպասարկող բուժհաստատության փակվելու որոշման դեմ դուրս եկածները հայտարարել են՝ եթե հարցը չլուծվի, ճանապարհ կփակեն ու հրաժարականներ կպահանջեն:
Բժիշկներն ահազանգում են՝ դեպքեր են լինում, երբ ծննդկանին մինչեւ մարզկենտրոն Գյումրի չեն կարող հասցնել, հետաքրքիր է՝ ո՞ր մի խելացի մասնագետը կարող է կողմ լինել, որ հղի կինը ծննդատուն հասնելու համար երբեմն նաեւ մոտ 50 կմ ճանապարհ անցնի: Մարալիկի ծննդատան ճակատագրին են արժանանալու նաեւ Բերդի, Աչաջրի եւ այլ համայնքների բուժհաստատություններ:
Աչաջուրցիները նույնպես վճռական են տրամադրված, արդեն ավագանու արտահերթ նիստ են հրավիրել ու դիմելու են թե՛ վարչապետ Փաշինյանին, թե՛ առողջապահության նախարար Թորոսյանին: Բայց թե դիմում-բողոքները, հորդոր-կոչերը որքանով էական դեր կխաղան հարցի լուծման խնդրում, դժվար է ասել: Ավելի շուտ, դժվար չէ կռահել՝ մի քանի բողոքի ակցիա, փակվող ճանապարհներ, վարչապետի մեկ «լայվ», ու «ժողովրդի սրտի» կառավարությունը կվարվի այնպես, ինչպես որոշել էր նախապես:
Այդպես եղավ նաեւ Մշակույթի նախարարության օպտիմալացման պարագայում. մշակույթի գործիչների բողոքի ակցիաները միայն տեսաժապավենների վրա մնացին, հետեւանքը մի քանի տառերից բաղկացած հապավումն էր՝ ԿԳՄՍ սուպերնախարարության տեսքով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։