կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-13 19:59
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որևէ մակարդակում չկա քննարկում Իրանի շուրջ զարգացումներում Հայաստանի հեռագնա ծրագրերի մասին․ Վարդան Ոսկանյան

Պետք է փորձենք դուրս գալ մեզանում, ցավոք սրտի, տարածված և մեր ուղեղները խժռող կենցաղային հակասություններից, թող ներվի ասել՝ գզվռտոցից և կարողանանք գոնե հասարակական կամ մշակութային մակարդակում ձևավորել լուրջ խոսույթ մեր պետության ապագայի վերաբերյալ՝  Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց իրանագետ, ԵՊՀ իրանագիտության  ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով Իրան-ԱՄՆ լարված հարաբերություններից մեր երկրին սպառնացող վտանգներին։

Հասկանալու համար, թե ինչ վտանգներ և մարտահրավերներ կան Հայաստանի համար, նրա համազմամբ, պետք է ունենանք Հայաստանի տեսլականը՝ ինչպիսի Հայաստան ենք մենք ուզում տեսնել, այնինչ դա չկա։

«Որևէ մեկը, ցավոք սրտի, այդ հարցի պատասխանը չի կարող տալ, որովհետև մենք չենք էլ ունեցել քննարկում այդ խնդրի վերաբերյալ՝ հասարակական, քաղաքական, մշակութային մակարդակում։ Որևէ մակարդակում չկա խոսույթ Հայաստանի տեսլականի, Հայաստանի հեռագնա ծրագրերի մասին։ Հետևաբար, եթե մենք չունենք տեսլական, եթե մենք չունենք ծրագիր, շատ դժվար է լինելու գնահատել մեր առջև ծառացող վտանգները կամ մարտահրավերները և դրանց լուծումները»,-ասաց նա։

Հեռագնա ծրագրերը, նրա խոսքով, պետք է բխեն Հայաստանի՝ մեր ունեցած տեսլականից։

«Հակառակ պարագայում կենցաղային մակարդակի խոսույթները մեզ հնարավորություն չեն տա ունենալու մեր պետության լուրջ ծրագիր, որը պարբերաբար մեզ համար ստեղծելու է մարտահրավերներ ոչ միայն Իրանի հետ կապված զարգացումներում, այլև ընդհանրապես աշխարհում»,-ասաց նա։  

Մինչդեռ Մերձավոր Արևելքը նաև Հայաստանին հարող, Հայատանի հարևան տարածաշրջան է, ընդգծեց նա, նույնիսկ համարելով, որ մենք էլ Մերձավոր Արևելքի մի մասն ենք։

Իրանի զինուժի կողմից ուկրաինական «Բոինգի» խոցումը, նրա գնահատմամբ, ցավալի պատահականություն էր, որովհետև մինչև այդ միջադեպը Իրանը գրանցում էր զգալի հաջողություններ։

Հարյուրավոր ցուցարարներ պահանջում են Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեիի հրաժարականը։ Վարդան Ոսկանյանն ընդգծեց, որ ցուցարարները բողոքում են, քանի որ եռօրյա դադարից հետո են Իրանի հանրությանը տեղեկացրել, որ իրենք են խոցել ինքնաթիռը։ Բայց, իրանագետի համոզմամբ, դրական և կարևոր քայլ էր, որ Իրանն, այնուամենայնիվ, ստանձնեց քաղաքացիական ինքնաթիռ խոցելու պատասխանատվությունը։

Հակակառավարական ցույցերի ժամանակ բերման ենթարկվեց Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանը, ինչին կոշտ արձագանքեց Մեծ Բրիտանիայի կառավարությունը։ Վարդան Ոսկանյանի դիտարկմամբ՝ միայն հատուկ ծառայությունները կարող են պատասխանել՝ արդյոք դեսպանը ցույցի՞ն էր մասնակցում, թե՞, ինչպես ինքն է պնդում, գնացել էր հարգանքի տուրք մատուցելու զոհվածների հիշատակին։

«Այդուհանդերձ, հարգանքի տուրք մատուցելու գործողության ընթացքում հնչել են հակակառավարական լոզունգներ և, բնական է, որ Իրան պետությունը պետք է արձագանքեր։ Անշուշտ դա նույնպես լարվածություն է ստեղծում Իրան-Մեծ Բրիտոնիա հարաբերություններում»,-ասաց նա։

Վարդան Ոսկանյանը նկատեց, որ Իրանի շուրջ և Իրանից ներս տեղեկատվական պատերազմ է ընթանում, սա հաշվի առնելով են կասկածները, որ Մեծ Բրիտանիայի դեսպանը մասնակցել է հակակառավարական ցույցին։ Բացի այդ, Իրանի հասարակության շատ շերտեր միանշանակ չեն մոտենում Իրանում Մեծ Բրիտանիայի պատմական և այժմյան ներկայությանը։

«Պատմականորեն էլ բրիտոնացիները չափազանց բացասական դեր են խաղացել Իրանի քաղաքական համակարգում։ Հիշենք միայն այն, որ նաև Մեծ Բրիտանիայի խոշոր միջամտության հետևանքով Իրանի ազգային առաջնորդը՝ վարչապետ Մոհամմադ Մոսադ-դեղը, որը ազգային գաղափարների և Իրանի ժողովրդավարական տենչերի մարնավորումն էր, հեռացվեց իշխանությունից»,-ասաց իրանագետը՝ հիշեցնելով նաև Մեծ Բրիտանիայի գաղութատիրական դերակատարությունը տարածաշրջանում։

Հետևաբար, նրա խոսքով, նույնիսկ Իրանի հասարակ քաղաքացիների շրջանում գրեթե ցանկացած երևույթ կապվում է բրիտանական դավադիր գործողության հետ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարսկերեն գրառմամբ աջակցություն հայտնեց Իրանի հակակառավարական ցույցի մասնակիցներին։ Վարդան Ոսկանյանի համար ակնհայտ է, որ գործ ունենք քաղաքական գործչի հետ, որը փորձում է օգտվել իրավիճակից իր պետության համար շահավետ պտուղներ քաղելու համար։

«Սա առաջին դեպքը չէ, որ Թրամփը թվիթ է կատարում պարսկերենով։  Նախագահ Թրամփի հիմնական նպատակը ԱՄՆ-ի բարգավաճումն է և չեմ կարծում, թե խիստ մտահոգված է սովորական իրանցիների բարգավաճմամբ կամ ժողովրդավարական ապագայով։ Մանավանդ որ պատժամիջոցներից տուժում են հենց նույն այդ մարդիկ։ Պատժամիջոցների հետևանք էր, որ Իրանում ստիպված եղան բենզինի գները բարձրացնել, պատժամիջոցների հետևանքով Իրանում հասարակ մարդիկ ստիպված եղան զգալ տնտեսական դժվարությունների բացասական հետևանքները։ Հետևաբար, միամտություն կլինի կարծել, որ նախագահ Թրամփը մտածում է ոչ թե սեփական շահերի, այլ որևէ այլ պետության ժողովրդի բարեկեցության մասին»,-ասաց իրանագետը։

Իրաքից ամերիկյան ռազմաբազաներն դուրս չբերելը Վարդան Ոսկանյանը չի շտապում ԱՄՆ-ի հաղթանակ գրանցել։ Նկատում է, որ Իրաքի խորհրդարանը առաջին անգամ որոշում ընդունեց, որ այդ ռազմակայանները պետք է դուրս բերվեն։

ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններից, Ոսկանյանի խոսքով, իրանցիներն սպասում են, որ Թրամփը կարող է պարտություն կրել և իրենց քաղաքականությունը կառուցում են նաև այդ սցենարը հաշվի առնելով։

Իրանը խորհրդարանական ընտրությունների շեմին է, որը ևս  ազդում է պետության արտաքին քաղաքականության վրա։

Իրանագետը հիշեցնում է, որ լարվածության ներկա վիճակը սկսվեց, երբ ԱՄՆ-ը դուրս եկավ Միջուկային համաձայնագրից և անհրաժեշտ ու տրամաբանական է համարում, որ երկու պետությունները վերադառնան Միջուկային համաձայնագրին։

Ղասեմ Սոլեյմանիի սպանությամբ ստեղծված լարվածության սրացման կիզակետը Վարդան Ոսկանյանը ետևում է համարում, բայց զգուշացնում է, որ այն շիկացած մթնոլորտը, որը տիրում է Մերձավոր Արևելքում և, մասնավորապես, Իրանի շուրջ, հղի է վտանգեներով յուրաքանչյուր վայրկյան, մանավանդ որ, այս տարածաշրջանում կուտակված է հսկայական սպառազինություն և մարդուժ։

«Մերձավոր Արևելքի տարածաշրջանը ենթարկվել է պարբերական միջամտությունների, փորձ է կատարվել պետությունները ներսից պայթեցնել։ Որևէ մեկը կարո՞ղ է ասել Սիրիայի համար պատասխանատվություն ո՞վ պետք է կրի։ Բաշար ալ Ասադին հռչակում էին դիկտատոր, բայց ո՞վ էր այլընտրանքը։ Մենք տեսանք այլընտրանքը՝ Իսլամական պետություն ահաբեկչական կառույցը, որի համար հազարավոր մարդկանց կյանքը զրոյական արժեք ուներ։ Միջամտությունների արդյունքում տեսնում ենք, թե ինչ վիճակում է այժմ Իրաքը՝ քանի հազար խաղաղ բնակիչ է զոհվել։ Լիբիան․ այժմ, կարծում եմ, շատերը երազում են, որ վերադառնա նախկին ռեժիմը, որովհետև ամեն օր մարդ է զոհվում։ Պետք է նկատի ունենանք, որ Մերձավոր Արևելքը չափազանց զգայուն և վտանգավոր տարածաշրջան է, որտեղ կառավարելի քաոսներ ստեղծելը անհնար է»,-ասաց Վարդան Ոսկանյանը։

Նա զգուշացրեց, որ եթե որևէ պետություն Մերձավոր Արևելքում ձգտի կառավարելի քաոսի, ապա կստանա անկառավարելի քաոս, որի արդյունքում կարող են հարձակման ենթարկվել նրա դեսպանատները, որի արդյունքում կարող են հրթիռակոծվել նրա ռազմակայանները, որի արդյունքում կարող են, ցավոք սրտի, զոհվել խաղաղ բնակիչներ։

«Ամենակարևորը այդ խաղաղ բնակիչների կյանքն է․ որևէ մեկը չի մտածում այդ մարդկանց մասին, բոլորը հետապնդում են քաղաքական շահեր։ Դրա համար պետք է դուրս գանք քաղաքագիտական կլիշեներից և մտածենք Մերձավոր Արևելքի ճակատագրի մասին»,-ասաց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։

Աննա Բալյան

Առավել մանրամասն՝ տեսանյութում․