Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարի 9-ին, «Հայ-իրանական հարաբերություններն ընդհանուր շահերի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին մի շարք կարևոր շեշտադրումներ է արել՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը: Դեսպանը խոսել է տարածաշրջանային խնդիրների լուծման, միջանցքի անթույլատրելիության, միջազգային սահմանների հարգման, ինչպես նաև հայ-իրանական հարաբերությունների մասին:
Zarkerak.am-ի հետ զրույցում իրանագետ Վարդան Ոսկանյանն առանձնացրեց Աբբաս Բադախշան Զոհուրիի հայտարարություններից մի քանիսն ու խոսեց դրանց կարևորության մասին. «Ընդհանուր առմամբ, պետք է նշել, որ Իրանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ պետք է տարածաշրջանում խնդիրները լուծեն հենց տարածաշրջանի երկրները, և ոչ միայն դեսպանի, այլև Իրանի մի քանի այլ պաշտոնյաների շուրթերով է նման հայտարարություն հնչել: Իրանական դիրքորոշումները բնականաբար վերաբերում են հատկապես ՆԱՏՕ-ական ներգրավվածություն ունեցող պետությունների ներկայացուցիչներին, մասնակիորեն խոսքը վերաբերում է նաև այն պետություններին, որոնք Իրանի հանդեպ ունեն թշնամական վերաբերմունք, հետևաբար Իրանն ակնհայտ է, որ շարժվում է և պետք է շարժվի սեփական շահերի համատեքստում»:
Անդրադառնալով լրատվամիջոցների հետ հարցազրույցում դեսպանի ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման վերաբերյալ արձագանքին՝ իրանագետը նշեց. «Իրանցիների հետ կարելի է գալ համաձայնության ԵՄ դիտորդական առաքելության հետ կապված հարցում, պետք է հասկանալ, որ այդ առաքելությունը ոչ թե պետք է փոխարինի առկա անվտանգային ձևաչափերին, այլ պետք է դրանց փոխլրացնի»:
Վարդան Ոսկանյանը հատկապես կարևորեց Զոհուրիի միջանցքի վերաբերյալ հայտարարությունը՝ ըստ որի Հայաստանն ու Իրանը թույլ չեն տա, որ որևէ միջանցք ստեղծվի. «Իրականում մենք գործ ունենք «Թուրանական միջանցքի» պատրանքի հետ, որն առաջ են մղում Ադրբեջանն ու Թուրքիան, ակնհայտ է, որ դա ուղղակիորեն խաթարում է թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի, թե՛ Արցախի և թե՛ Ռուսաստանի կենսական շահերը, հետևաբար նման միջանցք չի կարող գոյություն ունենալ: Այս համատեքստում կարծում եմ՝ սա այն կարևոր կետերից մեկն է, որտեղ հայ-իրանական շահերն ամբողջությամբ համընկնում են, այլ կետեր էլ կան, բայց սա կարևորներից մեկն է: Դրա հիման վրա զարգացնելով այդ շահերի համընկման խոսույթը՝ մենք պետք է ի վերջո ձգտենք հասնել հայ-իրանական ռազմավարական դաշինքին, որն իրենից ենթադրում է միևնույն քաղաքակրթություն կրող պետությունների միջև անխտիր բոլոր ոլորտներում ռազմավարական համագործակցություն՝ այդ թվում բնականաբար որպես առաջնահերթություն անվտանգության տիրույթում: Շատ կարևոր կլինի հենց նման դաշինքի ձևավորումը»:
Խոսելով սահմանների հարգման վերաբերյալ հայտարարության մասին՝ Ոսկանյանն ասաց. «Բնականաբար խոսքը ՀՀ տարածքի նկատմամբ ադրբեջանա-թուրքական դաշինքի կողմից զանազան հավակնությունների մասին է և ակնհայտ է, որ իրանական կողմը կրկին գրեթե բոլոր մակարդակներով հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն իր համար կարմիր գիծ է: Կարծում եմ՝ սա էլ այն համընկնող շահերի կարևոր հարթություններից մեկն է, որտեղ մենք պետք է իրանցիների հետ սերտորեն համագործակցենք»:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը՝ ՀՀ-ում Իրանի դեսպանը նշել էր, որ երկրներն արդեն հասել են այնտեղ, որ խնդիրները պետք է լուծեն երկխոսության միջոցով: Վարդան Ոսկանյանը շեշտեց, որ պետք է դեսպանի ասածը թարգմանել և հասկանալ, որ դա առաջին հերթին ուղերձ էր Ադրբեջանին. «Եթե մենք փորձենք ասվածը թարգմանել դիվանագիտական լեզվից, ապա դա նշանակում է, որ ադրբեջանա-թուրքական դաշինքը խաղաղ երկխոսությունից բացի որևէ այլ քայլի չպետք է գնա: Միանշանակ, սա ուղերձ է այդ կողմին, որովհետև ակնհայտ է, որ հայկական կողմը որևէ ռազմական արկածխնդրություն չի նախապատրաստում, իսկ Ադրբեջանը և Թուրքիան դա անում են: Բացի այդ, պետք է շատ հստակորեն արձանագրենք, որ Իրանի անվտանգության խորհրդում ընդունված փաստաթուղթ կա, որի առանձին հատվածներ նաև իրանական ԶԼՄ-ների էջերում են հայտնվել, այսինքն անդրադարձ է կատարվել դրանց ոչ միայն տեքստային առումով, այլ այդտեղ հստակորեն արձանագրված է, որ նման պայմաններում իրանական կողմը նախատեսում է նաև ռազմական միջամտություն»:
Դեսպանը խոսել էր նաև հայ-իրանական տնտեսական հարաբերությունների ընդլայնման մասին: Վարդան Ոսկանյանն ընդգծեց, որ տնտեսական առումով չափազանց կարևոր է Հյուսիս-հարավի գործարկումը. «Ակնհայտ է, որ այժմ Իրանը և Ռուսաստանը գրեթե մոտեցել են դաշնակցային հարաբերությունների և դեպի Հնդկաստան ու Հեռավոր Արևելք ապրանքների տեղափոխությունը զգալի չափով իրականացվելու է հենց Հյուսիս-հարավ երթուղով։ Հիմա դա իրականացվում է Կասպից ծովով, բայց Կասպից ծովում առկա հնարավորությունները սահմանափակ են, ուստի թե՛ Իրանը, թե՛ Ռուսաստանը ձգտում են նաև ցամաքային հաղորդակցության հաստատմանը միմյանց հետ: Այդ հաղորդակցությունը պետք է լինի Հայաստանի վրայով, որովհետև այստեղ մենք ունենք լուրջ մրցակից՝ ի դեմս մեր թշնամի Ադրբեջանի, հետևաբար հայկական կողմը պետք է հնարավորինս և արագ գործարկի Հյուսիս-հարավ ավտոճանապարհը: Կարծում եմ, որ իրանական և ռուսական կողմերը պետք է ճնշում բանեցնեն Ադրբեջանի վրա նաև բացելու նախիջևանյան ուղղությամբ երկաթուղին, որովհետև հենց այժմ գործող երկաթուղին, որը կարելի է օգտագործել՝ Բաքվի բռնապետական վարչախմբի անմիտ պահանջների և պատրվակների հետևանքով է, որ չի գործում: Մենք պետք է յուրաքանչյուր գործընթացի նայենք հենց մեր անվտանգության տեսանկյունից, իսկ եթե Հայաստանը դառնում է Ռուսաստանի և Իրանի միջև հաղորդակցություն ապահովելու համար հիմնական օղակը, ապա, բնականաբար, դրանով մենք բարձրացնում ենք նաև մեր անվտանգության մակարդակը, ավելացնում ենք մեր երկրի կշիռն ընդհանրապես միջազգային հարաբերություններում»:
Իրանագետը կարևորեց նաև Իրանում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացումը. «Ընդհանրապես, նաև հաշվի առնելով Իրան-Ադրբեջան հարաբերությունների լարված բնույթը, Թավրիզում հյուպատոսության բացումը չափազանց կարևոր է: Հատկապես, կարևոր է, որ հենց Թավրիզում է բացվելու, որովհետև այն չափազանց կարևոր կենտրոն է թե՛ տնտեսական, թե՛ աշխարհաքաղաքական հեռանկարի իմաստով, հետևաբար այդ հյուպատոսությունը պետք է անպայմանորեն բացվի և շատ ակտիվ գործի՝ ապահովելու համար հայ-իրանական հազարամյակների բարեկամության և գործակցության շարունակականությունը»:
Թե արդյոք այս ամենի համատեքստում կարելի է սպասել հայ-իրանական հարաբերություններ խորացմանը, Ոսկանյանը նշեց. «Իհարկե այդպիսի մտադրություն կա: Իրանական կողմում՝ ԶԼՄ-ների մակարդակում, փորձագիտական մակարդակում լայնորեն արծարծվում է նաև հայ-իրանական քաղաքակրթական դաշինքի մասին հարցը, ուստի հսկայական պոտենցիալ կա, որն անպայմանորեն պետք է օգտագործվի: Մենք չենք կարող մեզ շռայլություն թույլ տալ՝ չօգտագործելու այդ պոտենցիալը, որովհետև, ըստ էության, Իրանի հետ հարաբերություններն ապահովում են ՀՀ-ի անվտանգության կարևորագույն մի քանի բաղադրիչ, հետևաբար նման շռայլությունն աններելի կարող է լինել»: