կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-20 11:17
Քաղաքական

«Դաշնակցություն» խմբակցության տեսակետը «ԱՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի վերաբերյալ

«Դաշնակցություն» խմբակցության տեսակետը «ԱՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի վերաբերյալ

ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության տեսակետը  «ԱՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի վերաբերյալ

«Դաշնակցություն» խմբակցությունը ակտիվորեն մասնակցել է 2020թ. պետական բյուջեի քննարկմանը և հանդես է եկել մոտ 70 բանավոր հարցադրումներով ու  46 գրավոր առաջարկներով, որոնք հիմնականում վերաբերվում էին համարյա բոլոր ուղղություններին: 2020 թվականին պետական բյուջեի նախագիծը, «Դաշնակցություն» խմբակցության կարծիքով, 2019 թվականի պետական բյուջեի ռազմավարական քաղաքականության շարունակությունն է: Կառավարությունը հիմնականում ընդունել է մեր առաջարկները, որոնց  իրականցումը, վստահ ենք, կնպաստի մեր երկրի զարգացմանը: Առանձնապես ողջունում և կարևորում ենք Արցախի Հանրապետության ամբողջ տարածքը վերաբնակեցման ծրագրերում ներառելու կառավարության նոր մոտեցումները,  վարկավորման ճկուն մեխանիզմի կիրառմամբ երկրի՝ մասնավորապես գյուղական համայնքների, համաչափ զարգացման հանգամանքները:

Արդեն օրենքի պահանջին համահունչ ավանդույթ է դարձել կապիտալ շինարարության ծրագրի ժամանակին ներկայացումը Ազգային ժողով, որը տարիներ շարունակ եղել է «Դաշնակցություն» խմբակցության պահանջը: Դրանով հնարավորություն է ընձեռնվում օրենսդիրին ոչ միայն հանդես գալու մի շարք առաջարկություններով, այլև ճիշտ գնահատելու կապիտալ շինարարության քաղաքականության բովանդակությունն ու ուղղվածությունը:

Չնայած բավարար չենք համարում, բայց ողջունում ենք որոշ ոլորտների աշխատողների՝ մասնավորապես ուսուցիչների, սոցիալական խմբերում ընդգրկվածների, նվազագույն  աշխատավարձերի, թոշակների և նպաստների բարձրացումը: Ակնկալում ենք, որ դա շարունակական կդառնա գործադիրի հետագա քաղաքականության մեջ:

 ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը կարևորում է հատկապես գյուղաբնակների կյանքի բարելավման և գյուղական բնակավայրերում նոր ներդրումային քաղաքականության շարունակությունը: Ողջունելի է կոոպորատիվներին տրվող վարկավորման նոր քաղաքականությունը, սակայն մեզ շարունակում է անհանգստացնել այս ոլորտում արձանագրված թույլ տեղաշարժը: Մտահոգիչ է, որ ամենամեծ զբաղվածություն ապահովող բնագավառը՝ գյուղատնտեսությունը, համախառն արտադրանքի տեսքով 2019 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին նվազել է 3.9%-ով, 2018 թ. նույն  ժամանակահատվածի հետ համեմատ 6.6%-ով: Ճիշտ է, բնակլիմայական անբարենպաստ պայմանները իրենց բացասական ազդեցությունն են ունեցել, այնուամենայնիվ այս ճյուղի զարգացումը մշտապես պետք է լինի գործադիրի ուշադրության կենտրոնում:  Առաջարկում ենք հետագա տարիներին առավել շրջվել դեպի գյուղական միջավայրը՝ առավել մեծ աջակցություն ցուցաբերելով  գյուղին և գյուղացուն:

Կարևորելով Արցախի վարչատարածքային միավորների համաչափ զարգացումը շարունակում ենք գտնել, որ միջոցների տրամադրումը ունի ռազմավարական նշանակություն և իր մեջ ներառում է ազգային անվտանգության բաղադրիչ:

«Դաշնակցություն» խմբակցությանը շարունակում է մտահոգել բնապահպանության ներկայիս վիճակը և դրա համար մեր հարցադրումների մի մասը վերաբերվում է դրան: Այս ոլորտում առավել պետք է բարձրացնել պատկան մարմինների կողմից վերահսկողության գործառույթը:

Հարգելի՛ գործընկերներ,

Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ հիմա  մեր խմբակցությունը գործադիրի ուշադրությունն է հրավիրում այն փաստին, որ բյուջեի կատարողականի վրա էական ազգեցություն են գործում և դոմինանտ դերում են հանդես գալիս տնտեսության մի քանի ճյուղեր: Շարունակում է մտահոգությունների տեղիք տալ փոքր և միջին ձեռներեցության թերզարգացվածության մակարդակը:

Կարևորում ենք արմատական փոփոխությունները և լուրջ ֆինանսական միջոցների հատկացումները բնակչության քաղաքացիական պաշտպանության բնագավառին:

Չնայած մեր կողմից բարձրացրած հարցին, կառավարությունը բյուջեի մեջ չկարողացավ ներառել բնակչության կողմից նախկինում բանկերում դրված ավանդերի հետ վերադարձման գործընթաց ՝ ՀՀ-ում գործող կարգին համահունչ:

Շարունակում ենք պնդել, որ Արցախի հիմնահարցը միջազգային բեմահարթակներում արդյունավետ և ազդեցիկ ներկայացնելու համար նպատակահարմար է ընդլայնել այլ երկրներում Արցախի ներկայացուցչությունները՝ դրանց հատկացնելով համապատասխան բյուջետային միջոցներ:

Ընդհանուր առմամբ խմբակցությունը 2020 թվականի պետական բյուջեն համարում է իրատեսական, երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստող և սոցիալական առավել ուղղվածություն արտահայտող բյուջե: Խմբակցությունը միշտ էլ կարևորել է այն, որ բյուջետային քաղաքականության հիմքում պետք է առաջնահերթ հաշվի առնվեն Արցախի անվտանգության բաղադրիչները և հենց այդ ենթատեքստում դիտարկել բյուջեի ծախսերի ուղղվածությունն ու տարվա կտրվածքով միջոցների հատկացումները՝ չնայած վերոհիշյալ ոլորտում առաջընթացն ակնհայտ է:

Այս ամենով հանդերձ, ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը կողմ է քվեարկելու ԱՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծին: