կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-19 13:32
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքական առևտրի էջը ՀՀ-ում փակված է․ հիմա կա մեկ առևտրական

Հետհեղափոխական Հայաստանում կադրային ջարդ չկա, ըստ Yerkir.am-ի` կառավարություն նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում ներկայացնելով Ստյոպա Սաֆարյանին, ու հավելեց՝ նոր պայմաններում յուրաքանչյուրը պետք է ունենա իր շանսը, քանի որ նոր էջ է բացվել Հայաստանի պատմության մեջ:

Իսկ նոր էջում, թերևս, գրված է՝ «եթե մեզ հետ չես, մեր դեմ ես», քանի որ այլ տեսակետ, կարծիք, մոտեցում ունեցողներին նոր Հայաստանում հակահեղափոխական են անվանում:

«Ես համարյա զրոյական միջամտություն եմ ունեցել Հանրային խորհրդի ձևավորմանը, և էդ գործառույթը պատվիրակել եմ նախկինում գոյություն ունեցող Հանրային խորհրդին, նաև հաշվի առնելով, որ այնտեղ եղել են մարդիկ, որոնք եղել են Երրորդ հանրապետության ձևավորման ակունքներում, ես պատշաճ և պատեհ չեմ համարել, որ էդ առիթն օգտագործեմ և անկախ իմ ունեցած վերաբերմունքից՝ ուղղակի սկսեմ իմ ձեռքն ընկած իշխանությունն օգտագործելով՝ պաշտոնանկություններ անել, և այլն, և այլն։ Եվ հույս եմ ունեցել, որ է մարդիկ կօգտվեն էդ շանսից»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ թերևս ակնարկելով Վազգեն Մանուկյանին, որն, ըստ նրա, չի օգտագործել այդ շանսը։

Համարյա զրոյական․ ինչպես հավատալ, երբ «ժողովրդի» իր զանգվածին առաջնորդող ղեկավարի կոչ-հորդորին ականջները սրած սպասող «ժողովուրդը» առանց հրամանի գործի չի անցնում, պաշտոնավարման այս կարճ ժամանակահատվածում այդպիսի տասնյակ օրինակներ կան:

«Ես պատշաճ և պատեհ չեմ համարել, անկախ իմ ունեցած վերաբերմունքից, օգտագործել իմ ձեռքն ընկած իշխանությունը, պաշտոնանկություններ անել և այլն, և այլն»,- վարչապետի ձևակերպումն է:

Այո´, «ձեռքն ընկած իշխանություն», որը նույն հաջողությամբ կարող է հաջորդ պահի մահակ լինեն այս նույն իշխանության գլխին: 

Վարչապետը նաև հույս ուներ, որ այդ մարդիկ, խոսքը նախորդ իշխանությունների ժամանակ պաշտոնի նշանակվածների մասին է, կօգտվեին այդ հնարավորությունից, շանսից:

Ակնարկ այստեղ ավելի քան հստակ է․ հնարավորություն, շանս է տրվել մարդկանց, որ կամովի լքեն իրենց աշխատանքը, այլապես… կադրային ջարդը էլ ինչպես է լինում, երևի ոչ պոզով, պոչով… Այլապես նոր Հայաստանում շանս տալու հնարավորությունը, ընկալվել է որպես թուլություն…

Իսկ այս խոսակցությունը ծավալվեց Հանրային խորհուրդի նոր նախագահի պաշտոնում Ստյոպա Սաֆարյանին նշանակելուց առաջ էր:

Ստյոպա Սաֆարյանի թեկնածությունը այդ պաշտոնում հենց Նիկոլ Փաշինյանն է առաջադրել, «համարյա զրոյական» միջամտության տրամաբանությամբ:    

Սաֆարյանն էլ անկեղծացել է. «ԱԱնկեղծ ասած՝ սա իմ կյանքում ամենաանսպասելի առաջարկներից մեկն է, որ ես ստացել եմ։ Մեծագույն հաճույք և պատիվ է աշխատել նոր Հայաստանի կառավարության գործընկերությամբ։ Կփորձեմ ինձնից կախված և իմ ներուժի բոլոր հնարավորություների շրջանակներում ապահովել այդ կամուրջներից մեկը կառավարության և հանրության միջև։ Չենք հավակնում լինել միակ կամուրջը, բարեբախտաբար, այդպիսիք շատ են, առավել ևս՝ հեղափոխությունից հետո, բայց խոստանում ենք հանրության ձայնը հասցնել կառավարությանը, մեր բոլոր գործընկերներին, հասցնել Ձեզ, օգտակար լինել խոհուրդներով և օգտակար լինել մեր հանրային ծառայությամբ։ Մնում է ասել՝ ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»,-Փաշինյանին ու նրա կառավարությանը մեծարեց Սաֆարյանը՝ ևս մեկ անգամ խորին շնորհակալություն հայտնելով այս մեծ վստահության և պատվի համար։»:

Քաղաքական առևտի էջը ՀՀ-ում փակված է՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Այո´, հիմա, թերևս, կա մեկ առևտրական։