Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով Նիկոլ Փաշինյանին` նստել քաղաքական երկխոսության և բանակցությունների սեղանի շուրջ:
Լրագրողների հետ զրույցում Փաշինյանն արձագանքեց հայտարարությանն՝ ասելով, որ պատրաստ է միայն Սերժ Սարգսյանի հեռացման պայմանները քննարկել: Նա նշեց, որ իրենք վրեժխնդրություն չեն ուզում, ուզում են` իշխանության փոխանցումը ժողովրդին լինի անցնցում:
Լրագրողի դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանն ասել էր, որ անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով է անհրաժեշտ երկխոսության գնալ, Փաշինյանը պատասխանեց, որ ինքն էլ է կարծում, որ կարող են անդառնալի կորուստներ լինել, դրա համար էլ կոչ է անում Սերժ Սարգսյանին` ընդունել ժողովրդի պահանջը և հրաժարական տալ:
Հարցին, թե արդյո՞ք սա վերջնագիր չ,՝ Փաշինյանը պատասխանեց, որ ինքը վերջնագրով չի խոսում և խորհուրդ չի տալիս իրենց հետ էլ վերջնագրերով խոսել: «Իմ խոսքը բխում է իրավիճակի սթափ գնահատականից»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ ժողովուրդը երեկ երկխոսության առաջարկին արձագանքեց՝ ասելով` ուշ է: «Ժողովուրդն ասաց, որ պատրաստ է քննարկել Սերժ Սարգսյանի հրաժարականի պայմանները»,- ասաց նա:
Լրագրողի հետաքրքրվեց, թե ո՞ւմ հետ պետք է քննարկվեն այդ պայմանները, ի՞նչը պետք է բանակցեն, Սերժ Սարգսյանին պետք է ասեն՝ հեռացե՞ք Բաղրամյան 26-ից: Փաշինյանը պատասխանեց, որ իրենք պետք է քննարկեն, որ եթե նա մտահոգություն ունի իր ընտանիքի, երեխաների, թոռների անվտանգության կապակցությամբ, որևէ մեկը կարող է վատ վերաբերմունքի արժանանալ, քանի որ Սերժ Սարգսյանի թոռն է կամ երեխան, ապա ինքը և ժողովուրդը երաշխավորում են, որ նման բան տեղի ունենալ չի կարող: «Ներհայաստանյան թշնամանքի էջը փակված է»,- հայտարարեց նա:
«Ինչպե՞ս եք պատկերացնում երկխոսությունը, չկա՞ արդյոք որևէ կապ ձեր օգնականների և վարչապետականի միջև» հարցին էլ Փաշինյանը պատասխանեց, որ, իր կարծիքով, շփման համար փակ չէ: «Ըստ էության` ինձ հետ կապվելու համար որևէ դժվարությւոն չկա, բայց քննարկման թեման կարող են լինել միայն Սերժ Սարգսյանի հեռացման պայմանները»,- նշեց նա:
Լրագրողի դիտարկմանը, թե ասում է, որ նախ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա, հետո գործընթաց սկսվի, Փաշինյանը պատասխանեց, որ պարտադիր չէ՝ որը որից հետո կլինի: «Եթե Սերժ Սարգսյանն ընդունում է այս առաջարկը, մենք քննարկում ենք նրա հեռացման պայմանները, որոնք պետք է ընդունելի լինեն ոչ թե ինձ, այլ ժողովրդի համար»,- ասաց նա:
Մեկ այլ հարցի` վտանգ չի՞ զգում, որ Մարտի 1-ը կարող է կրկնվել, Փաշինյանը պատասխանեց, որ անհնար է: «Մարտի 1-ը չի կարող կրկնվել, քանի որ, ի տարբերության Մարտի 1-ի,ամբ ողջ հայությունն աջակցում է մեզ: Ես չեմ հավատում, որ ՀՀ-ում կան ոստիկաններ, որոնք կկրակեն մեզ վրա: Եթե պետք է կրակեն, ապա միայն շփման գծից այն կողմ և այն էլ` անհրաժեշտության դեպքում»,- ասաց նա:
«Մտահոգություններ չունե՞ք Ձեր անձի և Ձեր ընտանիքի համար» հարցին էլ Փաշինյանը պատասխանեց` ոչ: Իսկ հարցին` եթե իրեն ձերբակալեն, ինչ կլինի՞ շարժման հետ, Փաշինյանը պատասխանեց, որ այդ դեպքում բոլորը դուրս կգան փողոց, և հեղափոխություն կլինի: