Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2019-12-12 13:10
Իրավական

Օդանավակայանից Հանրապետության հրապարակ հասնելու համար օտարերկրացուց պահանջել են 34000 դրամ. Hetq.am

Օդանավակայանից Հանրապետության հրապարակ հասնելու համար օտարերկրացուց պահանջել են 34000 դրամ. Hetq.am

Երեկ երեկոյան «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից Սուրեն Աղասի Մանուկյանը հրապարակել էր «Աէրոպորտ Սերվիս» ՍՊԸ-ի տաքսի ծառայության կտրոնը՝ 34,000 դրամ գումարային նշումով. գրում է Hetq.am-ը:

Նկարին կից նա գրել էր, որ Հայաստան ժամանած գերմանացի մի քաղաքացի «Զվարթնոց» օդանավակայանից «Մարիոթ» հյուրանոց (Հանրապետության հրապարակ) հասնելու համար վճարել է 34,000 դրամ:

«Տաքսիստն էլ ինչ-որ պատահական մեքենա չէ, այլ օդանավակայանի պաշտոնական տաքսիներից: Ես վաղուց այդ տաքսիներից չեմ օգտվում, բայց կարծում եմ, սա ոչ թե նախընտրության հարց է, այլ ոստիկանության զբաղվելու թեմա: Նշում եմ Զբոսաշրջության կոմիտեին, որ փորձենք միասին հասկանալ, ինչ կարելի է անել, քանի որ իմ մոտ լրիվ «իսպանական ամոթ» է, երբ որ դու ոչ մի բանում մեղավոր չես, բայց ուրիշի փոխարեն ահավոր անհարմար ես զգում»,- գրել էր օգտատերը:

Ո՛չ գերմանացին, ո՛չ նրա հայ գործընկերներն այս դեպքի առնչությամբ իրավապահներին չեն դիմել:

«Հետք»-ը պարզեց, որ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը: Նշված Գերմանիայի քաղաքացին արդեն մեկնել է Հայաստանից: Վերջինիս հայ գործընկերը, ով չցանկացավ անունը հրապարակել, պատմեց, որ սկզբում տաքսու վարորդը պահանջել է 18,000 դրամ, սակայն երբ հասել են «Մարիոթ» հյուրանոցի մոտ ասել է, թե «Մարիոթ»-ում «ապրողները» հատուկ գին են վճարում՝ 34,000 դրամ:

«Աէրոպորտ Սերվիս» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2016թ. հունվարի 22-ին՝ Արգեն Գեղամյանի կողմից: 2017թ-ի նոյեմբերի 2-ից «Աէրոպորտ Սերվիս» ՍՊԸ-ի միակ բաժնետերը երևանաբնակ Սուրեն Երեմյանն է: Նա է հանդիսանում նաև ընկերության տնօրենը: