Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Առավոտ» օրաթերթն իր խմբագրականում գրում է. «Երեկվա լրահոսում ես, կարծես, չհանդիպեցի որեւէ անդրադարձի այն բանին, որ ուղիղ մեկ տարի առաջ՝ դեկտեմբերի 9-ին, տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում ձեւավորվեց 7-րդ գումարման Ազգային ժողովը: Կարծում եմ, դա կարեւոր իրադարձություն էր, որովհետեւ Երրորդ հանրապետության պատմության մեջ քիչ են եղել ընտրություններ, որոնց արդյունքներին հանրությունն ամբողջապես վստահի, եւ որոնք չեն վիճարկվել ոչ մի քաղաքական ուժի կողմից: Դրանից առաջ այդպես էր եղել 1990-ին եւ մասամբ՝ 1999-ին: Հատկապես 90 թվականի ընտրությունների հետ զուգահեռը ակնհայտ է, որովհետեւ երկու դեպքում էլ ընտրություններին նախորդել էր փողոցային պայքարը, որն ուղղված էր փտած, լճացած, անարդյունավետ համակարգի դեմ: Բայց կան նաեւ տարբերություններ, որոնցից աչքի է զարնում այն, որ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրություններում մարդիկ քվեարկում էին ոչ միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի, այլեւ Վազգեն Մանուկյանի, Բաբկեն Արարքցյանի, Վանո Սիրեդեղյանի եւ մի շարք այլ ծանրակշիռ, ազդեցիկ գործիչների օգտին: 2018 թվականին քաղաքացիների ճնշող մեծամասնությունը ձայն տվեց բացառապես Նիկոլ Փաշինյանին, որը կազմել էր 88 հոգանոց ցուցակ. այդ ցուցակում ընդգրկված մարդկանց հասարակությունը կա՛մ ընդհանրապես չէր ճանաչում, կա՛մ էլ՝ ճանաչում էր այնքանով, որքանով նրանք «Նիկոլի կողքին» էին: Ի թիվս այլ խնդիրների, դա, իհարկե, ծանրացնում է ներկայիս վարչապետի ուսերին ընկած բեռը:
Չգիտեմ, գուցե սխալվում եմ, բայց ինձ թվում է, որ 90 թվականին մեր հասարակությունն ավելի կրթված էր ու զարգացած, քան այսօր. այսօրվա «միջին վիճակագրական» 20 տարեկան երիտասարդն ավելի քիչ գրքեր է կարդացել, քան այն ժամանակվա 20 տարեկանը: Որպես հետեւանք՝ այն 90-ի ընտրողն, իմ կարծիքով. ավելի ունակ էր կշռադատելու, վերլուծելու, քան այսօրվանը. վերջինս, որպես կանոն, գտնվում է «ֆեյսբուքային զոմբիականության» ազդեցության տակ, որը ծնում է միագիծ, կտրուկ, «քառակուսի», վերջնական ճշմարտությանը հավակնող դատողություններ:
Բայց եթե համեմատենք այս՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի կազմը նախորդ 2-3 գումարումների հետ, ապա այն, ընդհանուր առմամբ, ունի նաեւ առավելություններ: Ի՞նչն է ավելի գերադասելի՝ անփորձությունը, ամբոխավարությունը, դիլետանտի՞զմը, թե՞ լկտի ցինիզմը եւ համատարած անհավատությունը: Կարծում եմ, այս հարցի պատասխանը բոլորի համար պարզ է: Առաջին տիպի թերությունները, գոնե տեսականորեն, հնարավոր է շտկել՝ լավ կլիներ, իհարկե, որ մենք այս առումով առաջընթաց զգայինք մեկ տարվա ընթացքում: Երկրորդ դեպքում ամեն ինչ անհույս է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։