Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ընտրողներն անձը հաստատող փաստաթուղթը կորցնելու դեպքում հնարավորություն ունեն դրան փոխարինող տեղեկանք ստանալ հենց այսօր անձնագրային բաժնից: Այդ մասին հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը:
«Մեր ընտրողին հնարավորինս պետք է ուսուցանել քվեակարգը` մինչ քվեարկության գնալը: Սա արդեն երկրորդ ԱԺ ընտրությունն է այս քվեակարգրով, սակայն, վերջին 25 տարիների ավանդական քվեակարգի համեմատ, մեծ փոփոխություն է կրել: Եվ ընտրողը պետք է իմանա, որ ստանալու է ոչ թե մեկ, այլ տասնմեկ քվեաթերթիկ, որոնցից յուրաքանչյուրը պատկանում է մեկ կուսակցության կամ դաշինքի: Տասնմեկից միայն մեկը կարելի է դնել ծրարի մեջ: Ընտրողն ամեն քվեաթերթիկի հետևում կտեսնի տարածքային թեկնածուների անուններ: Եթե ցանկանում է նրանցից մեկին ձայն տալ, ապա պետք է քվեարկի տվյալ թեկնածուի օգտին»,-ներկայացրեց Սմբատյանը:
Ընտրողը քվեարկության պետք է գնա անձը հաստատող երեք փաստաթղթերից մեկով: Սակայն դա պետք է լինի վավերականության ժամկետի մեջ: Սմբատյանի խոսքով` եթե ընտրողը չունի վավերականության մեջ փաստաթուղթ, ապա նրան հնարավորություն կտրվի նաև քվեարկելու այն փաստաթղթով, որի ժամկետն ավարտվել է: «Եթե ընտրողը կորցրել է անձը հաստատող փաստաթուղթը, ապա դրան փոխարինող տեղեկանք կարող է վերցնել անձնագրային բաժնից: Այսօր աշխատում են բոլոր անձնագրային բաժինները»,- նշեց Սմբատյանը:
Ընտրողը գրանցվում է անձը հաստատող փաստաթղթով նույնականացման սարքի մոտ աշխատող մասնագետի միջոցով: Ընտրողը պետք է աշխատակցին տա իր անձը հաստատող փաստաթուղթը, աշխատողը պարզում է` փաստաթուղթը տվյալ ընտրողինն է, թե` ոչ: Եթե ընտրողն այդ տեղամասի ընտրող է, ապա ընթերցելուց հետո նրա տվյալները հայտնվում են սարքի վրա: Տվյալների բազայում առկա են այն ընտրողների ցուցակները, որոնք անձը հաստատող փաստաթուղթ են ունեցել 2007 թվականից հետո: Մինչ այդ ձեռք բերած անձնագրի նկարները չեն էլեկտրոնայնացվել:
Սմբատյանի խոսքով` դրանից հետո ընտրողը հանձնում է իր աջ ձեռքի ցուցամատի մատնահետքը: Քվեարկության կտրոնը շատ կարևոր փաստաթուղթ է: Քվեարկության կտրոնն այդ պահին, ըստ էության, փոխարինում է նրա անձը հաստատող փաստաթղթին, և այն հնարավոր չէ փոխարինել: Եթե ընտրողն այն կորցնի, ապա կզրկվի քվեարկելու հնարավորությունից:
Սմբատյանը հիշեցրեց նաև, որ քվեաթերթիկը մինչ ինքնասոսնձվող դրոշմանիշի փակցնելը չի համարվում ընտրական փաստաթուղթ: Նա շեշտեց, որ ԿԸՀ-ն հանդես է եկել մեծ իրազեկման ակցիայով, թե ինչպես պետք է գնալ քվեարկության և ինչ անել: