կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-09 18:29
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անմարդկային ու անմխիթար պայմաններ Երևանի ամենաճանաչված համայնքներից մեկի՝ Ավանի թիվ 12 պոլիկլինիկայում

Ջրատար՝ բաց խողովակներ, կիսաճաք որմեր, հատակից պոկված մանրահատակներ, պատերից կախված հոսանքալարեր, սանհագուցներում բացակայող սանիտարահիգիենիկ ամենատարրական պայմաններ, որոշները՝ նույնիսկ փակ՝ արձագարել է Yerkir.am-ի տեսախցիկը․ Ավանի «Թիվ 12 պոլիկլինիկա» ՓԲԸ-ն 1975 թվականից՝ հիմնադրումից ի վեր չի վերանորոգվել:
Մասնագիտական որոշ կաբինետների աշխատանքն այս պահին կասեցված է․ Առողջապահության նախարարությունն է այդպես որոշել․ ակնաբուժական բաժանմունքը տարրական ստուգման սարք չունի, իսկ ռենտգեն հետազոտության սարքը 1985 թ-ի է։ Մասնագետներին ուղարկել են վերապատրաստման, իսկ իրենց դիմող մարդկանց՝ մի ամբողջ համայնք հեռավորությամբ՝ Նոր Նորքի պոլիկլինիկաներ։
Թիվ 12 պոլիկլինիկայում անվստահությունն առաջին իսկ պահից է առաջանում, երբ մտնում ես շենք: Անբարեկարգ տեսարաններ են բոլոր բաժանմունքներում։
Մանկական բաժանմունքում ոչ միայն անմխիթար վիճակ է, նույնիսկ բացակայում են հիգիենայի տարրական պայմանները: Բավական է բացել բժշկի սենյակի դուռը և ամեն ինչ պարզ է:


«Թիվ 12 պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Վարվառա Մելիքյանն ասաց, որ միայն վերջին 4-5 տարիներին են իրենց մոտ դրական փոփոխություններ կատարվել՝ փոխվել են պատուհաններն ու կարգավորվել է ջեռուցման համակարգը և այսօր արդեն շենքը ջեռուցվում է:
«Այս տարի՝ նախորդ տարիների համեմատ ջերմաստիճանը ավելի բարձր է դրված և միջանցքներում հերթերի ժամանակ հիվանդները չեն դժգոհի, մանկական սենյակներում նույնպես հավելյալ ջեռուցիչի անհրաժեշտություն չի լինի»,- մեզ հետ զրույցում ասաց պաշտոնակատարը:
Այս հարցի շուրջ պարզաբանում ստանալու համար Yerkir.am-ը կապ հաստատեց նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հետ, որի ենթակայության տակ են Երևանի պոլիկլինիկաները: Այստեղից մեզ տեղեկացրին, որ մինչև Երևանի ավագանու նիստում 2020 թվականի բյուջեն չհաստատվի, չեն կարող ստույգ պատասխանել, թե երբ կվերանորոգեն այս պոլիկլինիկան: Վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանն ասաց՝ այն ներկայացված է «Ընդհանուր բարեկարգման» ծրագրում:

Մանրամասները՝ տեսանյութում․

Նարինե Ղուկասյան