կարևոր
5089 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-30 17:50
Քաղաքական Արցախ

Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է ստեղծել այնպիսի անմարդկային պայմաններ, որ ժողովուրդը, առաջին իսկ հնարավորության դեպքում, լքի Արցախը․ Արթուր Խաչատրյան

Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է ստեղծել այնպիսի անմարդկային պայմաններ, որ ժողովուրդը, առաջին իսկ հնարավորության դեպքում, լքի Արցախը․ Արթուր Խաչատրյան

Եթե այս իշխանությունները շարունակեն իրենց պարտվողական քաղաքականությունը, Արցախը ուրանալու քաղաքականությունը, ապա շրջափակման վերացման հույսերը շատ աղոտ կլինեն։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Այս իշխանությունները, փոխարեն օգտագործեն ադրբեջանցիների հակահայ քաղաքականությունը և Արցախի պետականության ճանաչման հարցը դարձնեն միջազգային բանակցությունների առարկա` առաջ մղելով «ճանաչում՝ հանուն փրկության» բանաձևը, ձեռքերը լվացել են։ Իրենք չեն մասնակցում որևէ լուրջ բանակցությունների, սահմանափակվում են ընդամենը ինչ-որ կոչերով։ Այդպիսի կոչեր ցանկացած պետություն կարող է անել, բայց ՀՀ-ն Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորն է, իսկ անվտանգության երաշխավորությունը չի սահմանափակվում միայն փող տալով և չի սահմանափակվում շաբաթական երեք հայտարարություն անելով։ Պետք է գործուն մասնակցություն ունենալ, միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ այն  քաղաքական ուժը,  պետությունը ով կարող է դրական ազդել ճանապարհի բացման վրա, այդ ուժի հետ պետք է ավելի գործընկերային հարաբերություններ հաստատել, այլ ոչ թե փորձել սեփական պրոբլեմները բարդել խաղաղապահների վրա»,- ասաց նա։

Պատգավորը կարծում է, որ Ալիևը և Փաշինյանը համակարծիք են․ «Երկուսն էլ համարում են, որ Ղարաբաղի հարցը լուծված է, Ղարաբաղը կորցրել է անկախ լինելու հնարավորությունը։ Ուղղակի Ալիևը ասում էր` իրենք իմ քաղաքացիներն են, եթե խաղի կանոնները  չեն ընդունում , ապա թող թողնեն, գնան, Փաշինյանը ասում է Ղարաբաղն ու Ադրբեջանը պետք է միասին բանակցեն, քաջ գիտակցելով, որ Ղարաբաղի և Ադրբեջանի բանակցային հզորությունները շատ տարբեր են։ Այդ հարցում Փաշինյանի և Ալիևի միջև որևէ սկզբունքնային տարաձայնություն չկա»,- ավելացրեց պատգամավորը։

Անդրադառանալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Ալիևը մի քանի օրով հնարավոր է, որ բացի Լաչինի միջանցքը, կարծելով, որ Արցախի ժողովուրդը կլքի իր տունը, քաղաքական գործիչը նշեց, որ ինքը չգիտի, թե Փաշինյանն ինչ տեղեկություններ ունի, ինչ է խոսում․ «Բայց ակնհայտ է, որ Ալիևի նպատակը հենց դա է` ստեղծել այնպիսի անմարդկային պայմաններ, որ ժողովուրդը, առաջին իսկ հնարավորության դեպքում, լքի Արցախը։ Իսկ Հայաստանում չեմ զարմանա, որ շատ ավելի բարձրաձայն սկսեն խոսել այդ մասին։ Կլինեն մարդիկ, որոնք կասեն՝ «Արցախը փրկել չենք կարող՝ արցախցիներին գոնե փրկենք» և կոչ կանեն ժողովրդին հանել ԼՂՀ-ից։ Բայց մենք հասկանում ենք, որ եթե ԼՂՀ-ում հայեր չմնան, Ղարաբաղի հարցը լուծված կլինի հօգուտ Ադրբեջանի։ Հետևաբար Ադրբեջանում էլ կլինեն մարդիկ, ովքեր այդ քաղաքականությունը կպահեն»,- ավելացրեց նա։